Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն սկսել են ամփոփել սեպտեմբերի 26-ին Լոռու, Արմավիրի ու Կոտայքի մարզերի մի քանի համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։
Ըստ N 24 ԸԸՀ-ի նախնական տվյալների, Լոռու մարզի Լերմոնոտովո համայնքում ընտրելու իրավունք ունեցող 612 ընտրողից մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 216 ընտրող։ 35 տարի գյուղը ղեկավարող, առաջադրված միակ թեկնածու, 69-ամյա Էդիկ Չախալյանը ստացել է 202 կողմ, 7 դեմ ձայներ, 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
«Էդիկ Չախալյանը, ում թեկնածությունը սատարում էինք, վերընտրվեց Լերմոնտովո համայնքի ղեկավարի պաշտոնում։ Շնորհավորում եմ Էդիկ Չախալյանին եւ Լերմոնտովոյի մեր հայրենակիցներին։ Առջեւում՝ նոր ծրագրեր եւ նոր աշխատանք՝ համայնքի զարգացման համար»,-սոցցանցում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։
Ավագանու անդամ առաջադրված 5 թեկնածուներն էլ ընտրվել են։ Ի դեպ, ավագանու անդամ, 68-ամյա Իվան Բոլոտինը (51 կողմ ձայն) կշարունակի մնալ ավագանու կազմում։ Ընտրված ավագանու 4 անդամները առաջին անգամ են առաջադրվել։ Տարիքով ամենափոքրը 21-ամյա Էրիկ Մինասյանը ստացել է 16 քվե, իսկ միակ կին թեկնածուն՝ 62-ամյա Աստղիկ Մկրտչյանը՝ 11 քվե։ Մյուս թեկնածուներից Վիկտոր Մաշկանովը ստացել է 41, Արմեն Խառատյանը՝65 կողմ ձայն։
Կարդացեք նաև
Արմավիրի N 14 ԸԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներով, Ֆերիկ համայնքի ավագանու մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների քվեարկությանը 163 ընտրողից մասնակցել է 93 ընտրող կամ 57, 06%։ Նախկին ավագանու կազմից այս անգամ առաջադրվել էին Քյարամ Աբասյանն ու Թոռուն Քալաշյանը։ Հետաքրքիր է , որ նրանք ստացել են ընտրողների ամենաքիչ ձայները, համապատասխանաբար 10 եւ 8 կողմ քվե։ Ավագանու նոր անդամները ավելի շատ ձայն են ստացել․ Համլետ Ավդոյան՝ 28, Մամիկոն Դավրեշյան՝ 17, Թեմուր Մամոյանը՝ 26 կողմ ձայն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ



















































