Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը մասնատվու՞մ է

Ապրիլ 29,2004 00:00

Ռուսաստանը մասնատվու՞մ է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փորձագետները հավանաբար չեն էլ ենթադրել, թե բարոյահոգեբանական ինչպիսի կործանիչ հարված են հասցրել Հայաստանի հասարակայնության՝ «հավերժ Ռուսաստանի հետ» գաղափարը դավանող հատվածին: ԿՀՎ-ի վերլուծական կենտրոնում իրականացված հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Ռուսաստանի հետ մենք լավագույն դեպքում կարող ենք լինել եւս 11 տարի: Դրանից հետո, ըստ ԿՀՎ-ի սայթում տեղակայված կանխատեսման, Ռուսաստանը կմասնատվի՝ վերածվելով 6-8 առանձին պետությունների: Այսպիսի մռայլ եզրահանգման համար, մասնավորապես, հիմք են ծառայել Ռուսաստանի ողջ տարածքի «տնտեսական մեկուսացվածությունն» ու առհասարակ երկրի «փակ բնույթը»: Ըստ ԿՀՎ փորձագետների, Ռուսաստանի հավանական «լուծարման» գլխավոր պատճառներից է նաեւ՝ երկրի հումքային պաշարների «աղետալի տեմպերով» նվազումը: Հանգամանք, որը ոչ մի կերպ չի ներդաշնակում Մոսկվայի համաշխարհային լիդերության հավակնությունների հետ: Ամերիկյան վերլուծաբաններն արձանագրում են, որ Ռուսաստանն այժմ էլ բավականաչափ թույլ է, ու եթե դեռ այս կամ այն չափով շարունակում է մասնակցել համաշխարհային քաղաքական գործընթացներին, ապա միայն ի շնորհիվ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամի իր կարգավիճակի: Հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի ամենամոտ ապագայի հետ կապված գրեթե նունպիսի մռայլ կանխատեսումներ են անում նաեւ հենց իրենք՝ ռուսները: «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված «Ինովացիոն իմպերատիվ» հոդվածում ներկայացված են ռուս գիտնականների համատեղ ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ահազանգում են Ռուսաստանում գիտական, տեխնոլոգիական եւ մարդկային պոտենցիալի շեշտակի նվազման մասին: Հոդվածագիրներն այս առումով մեծ դեր են վերապահում ՌԴ իշխանություններին, համարելով, որ հենց նրանց վճռական գործողություններից է կախված երկրի ապագան: Զարգացման կանխանշվող միակ ճիշտ տարբերակը, ըստ ռուս փորձագետների, անցումն է ներկայիս «խողովակի տնտեսությունից» դեպի զարգացման ինովացիոն ուղին: ՌԴ-ի առջեւ ծառացած նոր՝ գլոբալ քայքայման մարտահրավերներին է անդրադարձել անգամ Վ. Պուտինը, որն անցած փետրվարին կայացած ՌԴ Անվտանգության խորհրդի եւ Պետխորհրդի նախագահության համատեղ նիստին ուղղակիորեն հայտարարել է. առանց ինովացիոն տնտեսության հնարավոր չէ պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանի գիտական, իսկ վերջին շրջանում՝ նաեւ իշխանական շրջանակներում ահագնացող անհանգստությունն առավել քան հիմնավորված է: Դա մի երկիր է, որը գտնվում է աշխարհագրական եւ գեոտնտեսական ծայրահեղ պայմաններում: Ռուս փորձագետները հիշեցնում են, որ Ռուսաստանի տարածքի 2/3-ը գտնվում է հավերժական սառցագոտում: Ռուսական նավթի միջին ինքնարժեքը կազմում է մեկ բարելի դիմաց 14-15 դոլար այն դեպքում, երբ օրինակ՝ Սաուդյան նավթի բարելի ինքնարժեքն ընդամենը 4 դոլար է: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած քիչ թե շատ զգալի ցնցում Ռուսաստանի «նավթային ասեղի վրա նստած տնտեսության» համար հղի է կործանարար հետեւանքներով: Միով բանիվ, հայկական կոմպլեմենտարիզմին լուրջ վտանգ է սպառնում, ու թերեւս հարկ կա, որ մեր քաղաքական ճարտարապետները մտածեն ապագա փոխլրացման հետ կապված խնդիրների մասին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել