Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՍԿՍՎԱԾ Է

Մայիս 04,2004 00:00

Մայիսի 3-ից մեկնարկել են միջազգային մրցույթի դափնեկիր Կարեն Շահգալդյանի հայաստանյան բարեգործական համերգները:

Այս մասին երեկ տեղեկացրին Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի շենքում հրավիրված մամլո ասուլիսում:

Բացի Երեւանից, ջութակահարը մենահամերգներ կունենա Վանաձորում եւ Սպիտակում: Նրան կնվագակցի միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահարուհի Եկատերինա Լեդենովա-Բեյլերյանը:

Կ. Շահգալդյանը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) մայիսի 8-ին հանդես կգա Գյումրիում, 9-ին՝ Կամերային երաժշտության տանը, 12-ին՝ Հայաստանում ՌԴ դեսպանատանը:

Ի դեպ, Կարեն Շահգալդյանը երկրորդ հայն է, որ նվագում է Ստրադիվարիուսի ջութակով: Այս առիթով նա կատակեց. «Հուսով եմ՝ Ռուբեն Ահարոնյանի հետ կատարված պատմությունը գլխիս չի գա եւ ջութակս չեն գողանա»: Շահգալդյանը ծնվել եւ երաժշտական կրթություն է ստացել Մոսկվայում, այդ պատճառով չի խոսում հայերեն: Ջութակահարը 2 տարի առաջ ամուսնացել է երեւանցի հայուհու հետ, որը կօգնի ամուսնուն մինչեւ տարվա վերջ տիրապետել պապերի լեզվին: Առաջին անգամ Կ. Շահգալդյանը Հայաստան է եկել տարիներ առաջ՝ «Մոսկվայի վիրտուոզների» կազմում:

Համերգաշարը, որի կազմակերպիչներն են «Բրավիսիմո», «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնները եւ Մշակույթի զարգացման հիմնադրամը, կավարտվի մայիսի 14-ին: Ամենուրեք մուտքը կլինի անվճար: Ջութակահարի կարծիքով, բարեգործական ակցիան նպատակ ունի անվճարունակ, բայց ինտելեկտուալ հանդիսատեսին կրկին վերադարձնել համերգային դահլիճներ:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը ողջունելով Կ. Շահգալդյանի նախաձեռնությունը, փաստեց, որ վերջին տարիներին հաճախականության եւ քանակի առումով ընդլայնվել են դրսի երաժիշտների հետ կապերը: Պրն Ասատրյանը երիտասարդ ջութակահարին բնորոշեց իբրեւ պրոֆեսիոնալ՝ նկատի ունենալով նրա համերգաշարի ծրագիրը (համաշխարհային դասական երաժշտության ընտրանի՝ Բախ, Վիվալդի եւ այլն): Նախատեսված է անակնկալ՝ ջութակահարը կկատարի նաեւ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն: Թե ում՝ առայժմ չասաց:

Մայիսի 16-ին Կ. Շահգալդյանը կմեկնի ԱՄՆ՝ մենահամերգների: Ջութակահարը խոստովանեց, որ տարիներ առաջ իրեն ամաչեցրել է մի ամերիկացի՝ նվիրելով Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների CD-ն: Պարզվում է, ի տարբերություն Կարենի, ամերիկացին հրաշալի գիտեր ոչ միայն Ալան Հովհաննեսի ծագումը, այլեւ ստեղծագործական ողջ ժառանգությունը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31