Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԺԱՊԱՎԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մայիս 08,2004 00:00

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԺԱՊԱՎԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ Եթե նախկինում ՀՀ նախագահը պարբերաբար կարմիր ժապավեններ էր կտրում, այսօր նույնքան մեծ եռանդով մեդալներ է բաժանում ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների: Երեկ էլ նա Հանրապետության նախագահի մրցանակներ հանձնեց մի խումբ գործիչների: Բացի մեդալներից, յուրաքանչյուր պարգեւատրված ստացավ $5000, որը տրամադրել էր «Ալբերտ Պողոսյան եւ որդիներ» հիմնադրամը: Այս անգամ գիտության, մշակույթի, առողջապահության ու մյուս ոլորտների գործիչներն ավելի զուսպ էին իրենց երախտագիտությունը երկրի ղեկավարին ու բարերարին հայտնելիս: Ֆիզիկայի հանձնախումբը առանձնացրել էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանի ու երկու համահեղինակների աշխատանքը: Առողջապահության բնագավառը 2 մրցանակակիր տվեց՝ մեդալներ ստացան «Վերարտադրողական առողջություն» աշխատության հեղինակներ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը եւ բժշկական գիտությունների թեկնածու Գայանե Ավագյանը: Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բնական գիտությունների բնագավառների որեւէ ներկայացուցչի մրցանակ չշնորհվեց: Արվեստի եւ գրականության ոլորտում պետական մրցանակներ ստացան բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ «Ծիտիկը ցուցահանդեսում» մանկական ժողովածուի եւ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը՝ «Միստերիա» շարքի համար: Շփոթմունքից Ռ. Դավոյանը վայր գցեց մեդալը, երբ նախագահն ասաց. «Խորհրդականի պաշտոնից հեռանալը խթանել է Դավոյանի ստեղծագործական ակտիվությունը… որ իմանայի այդպես է լինելու, վաղուց կազատեի աշխատանքից»: «Մարդկային զարգացում եւ հումանիստական արժեքներ» նոմինացիայում առաջնությունը տրվեց պրոֆեսոր Աշոտ Սուքիասյանի Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարանին: Մրցանակի առիթով պրոֆեսորն ասաց. «Վերջապես պետական մակարդակով գնահատվեց հայագիտությունը, դրա համար ուրախ եմ: Հետո վերջապես նախագահի մրցանակ եմ ստացել, հո ցածր մրցանակ չի՞»: ԱԺ պատգամավորների հայերենի իմացության մասին էլ պրն Սուքիասյանը հետեւյալ կարծիքի էր. «Կարեւորը՝ սկսել են հայերեն խոսել: Ու իրենց ունեցած գիտելիքների համեմատ բավականին լավ են խոսում պատգամավորները»: Ռազմիկ Դավոյանից եւս հետաքրքրվեցինք՝ ինչ է զգում, ինչ ապրումներ ունի, երբ արդեն մրցանակակիր է դարձել: Ի պատասխան՝ նախագահի պաշտոնազրկված խորհրդականը պատասխանեց. «Առավոտ» օրաթերթը, որ իմ ստեղծագործությամբ բացարձակ չի հետաքրքրվել՝ իր ծննդյան օրից մինչեւ էսօր, հանկարծ մրցանակի ժամանակ հետաքրքրությու՞ն է ցուցաբերում: Բացի վարկաբեկիչ, զրպարտական դիտողություններից եւ լրագրողներին ոչ սազական հոդվածներից, «Առավոտն» ուրիշ հետաքրքրություն իմ ստեղծագործության նկատմամբ չի ցուցաբերել: Իսկ մրցանակի կապակցությամբ կարող եմ ասել հետեւյալը. սա Հայաստանի Հանրապետության բարձրագույն մրցանակն է՝ ՀՀ նախագահի մրցանակը: Ուրախ եմ, որ իր մակարդակը պահում է եւ պիտի շարունակի պահել»: Շնորհավորելով Նախագահի մրցանակակիրներին, Ռ. Քոչարյանն ասաց. «Այս մրցանակը միայն կոնկրետ անձանց, ում շնորհվել է, չի պատկանում: Այն նշանակում է աշխատանք, որը պատկանում է մեր ողջ ժողովրդին, երկրին: Ուրախ եմ, որ հատկապես կերպարվեստում ու գրականության ոլորտում մարդիկ շարունակում են աշխատել եռանդով, արդյունավետ ու կարողանում պատվով դուրս գալ նման մրցանակաբաշխության ժամանակ»: Նախագահը գոհ մնաց, որ որոշ ոլորտներում, այնուամենայնիվ, մրցանակներ չեն շնորհվել: «Պետական մրցանակներն, ընդհանրապես, չպետք է արժեզրկվեն»,- ասաց նա՝ հերթական պարգեւատրվածներին հրավիրելով իր հետ շամպայն խմելու ու լուսանկարվելու: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել