Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հունիս 09,2004 00:00

«Ա1+»-Ի ԳՈՐԾԸ ԿԼՍՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ «Ա1+» հեռուստաընկերության գործը, որ հայաստանյան դատական ատյաններում եւ ամենատարբեր առիթներով քննարկվել է արդեն 10 անգամ, ընդունվել է Եվրոպական դատարանի վարույթ: Այն սեպտեմբերի 28-ից հետո կքննարկվի Եվրոդատարանի Պալատում՝ 7 դատավորների նախագահությամբ: Ինչպես երեկ լրագրողներին տեղեկացրեց հեռուստաընկերության շահերի ներկայացուցիչ, «Փաստաբանների միջազգային միության» նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, իրենք մի քանի օր առաջ Եվրոդատարանից տեղեկացել են, որ 7 դատավորներից կազմված Պալատի վարույթում քննվելու է «Ա1+»-ի մի քանի հազար էջից բաղկացած եւ դեռ պարբերաբար համալրվող գանգատի ընդունելության հարցը՝ մասնավորապես Եվրոպական Կոնվենցիայի հոդված 10-ի՝ մամուլի ազատության շրջանակներում: «Մայիսի 13-ին Պալատը որոշմամբ եւ Եվրոպական դատարանի կանոնակարգի համաձայն, համապատասխան ծանուցում է ուղարկել ՀՀ կառավարությանը՝ որպես պատասխանող կողմի եւ առաջարկվել է մինչեւ սեպտեմբերի 20-ը բացատրություններ տալ Պալատի որոշմանը կից ուղարկված 4 հարցերի, նաեւ գանգատին վերաբերող զեկույցի առնչությամբ»,- պարզաբանեց Տ. Տեր-Եսայանը: Վերջինս միաժամանակ հստակեցրեց, թե Եվրոդատարանի Պալատում հեռուստաընկերության գանգատը վարույթ ընդունելու վերաբերյալ հարցի քննարկումը Եվրոդատարանի եռաստիճան համակարգում, ըստ էության, արդեն երկրորդ փուլն է համարվում: Այնտեղ գործերը լսվում են եռաստիճան կարգով. նախ՝ Կոմիտեում, ապա՝ Պալատում եւ Մեծ պալատում: Կոմիտեն, փաստորեն, «Ա1+»-ի գանգատը լսել եւ համարել է քննարկման ենթակա գործ ու փոխանցել է Պալատին: Ակնկալվում է, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 20-ին կներկայացնի իր առաջարկություններն ու դիտողությունները «Ա1+»-ի գործը Պալատի վարույթ ընդգրկելու մասին: «Մենք համապատասխանաբար կստանանք այդ պատասխանը, կտանք մեր կարծիքները, որից հետո կսկսվեն լսումները՝ վարույթ ընդգրկելու հետ կապված»,- պարզաբանեց Տեր-Եսայանը: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարությանն ուղղված հարցադրումներին, ապա դրանք չորսն են: Տ. Տեր-Եսայանը դրանք ամփոփ ու հակիրճ ներկայացրեց. «Ինչպե՞ս է վերաբերվում կառավարությունը հարցը վարույթ ընդգրկելուն, ինչպիսի՞ պատճառներ ունի կառավարությունը դրան դեմ արտահայտվելու համար, կամ՝ 37 հաճախության մրցույթում «Ա1+»-ին զրկելով եթերից՝ խախտվե՞լ է արդյոք հեռուստաընկերության իրավունքը, թե՞ ոչ»: Միաժամանակ, ըստ Տ. Տեր-Եսայանի, եթե կառավարությունն անգամ սահմանված ժամկետում չպատասխանի իրեն ուղղված հարցերին, Պալատը կաշկանդված չէ առանց այդ պատասխանի գործը լսելու արգելքով: Նույնիսկ այն դեպքում, եթե կառավարությունը բացասական գնահատական տա, «Ա1+»-ն ու նրա շահերի ներկայացուցիչը դեռ պետք է իրենց հերթին նկատառումներ հայտնեն վերջինիս որոշման առնչությամբ: Այնպես որ, անկախ դրանից, Պալատում լսումները տեղի կունենան: Դրանք բաց են լինելու՝ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցչի եւ հեռուստաընկերության շահերի ներկայացուցչի մասնակցությամբ: Այն հարցին, թե ինչ կնշանակի, եթե Եվրոդատարանը քննելով գործը՝ որոշում կայացնի հօգուտ «Ա1+»-ի: «Դա չի նշանակի մեզ հաճախություն տալ: Վճռի մեջ չի նշվելու՝ հաճախություն տրամադրելու կամ այլ բանի մասին: Արձանագրվելու է, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում: Բայց Եվրոդատարանի որոշումները մեխանիկորեն ենթադրում են նյութական եւ բարոյական վնասի փոխհատուցում»- հստակեցրեց Տ. Տեր-Եսայանը՝ հավելելով, թե առայժմ գործընթացները հօգուտ «Ա1+»-ի են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել