Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունել-ճանապարհելն էլ դիվանագիտություն է

Հուլիս 03,2004 00:00

Ընդունել-ճանապարհելն էլ դիվանագիտություն է Դիվանագիտական արարողակարգը համընդհանուր կանոնների, ավանդույթների եւ պայմանականությունների համակցություն է, որին հետեւում են կառավարությունները, գերատեսչությունները, արտգործնախարարությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները, պաշտոնական անձինք միջազգային առնչություններում։ Մեզ մոտ ՀՀ արտգործնախարարությունն ունի դիվանագիտական արարողակարգը կոորդինացնող բաժին՝ «Պետական արարողակարգերի բաժանմունք», որն էլ ունի երեք՝ ա) պաշտոնական այցերի կազմակերպման, բ) դիվանագիտական անձնակազմի հետ աշխատանքի եւ գ) դիվանագիտական գրագրության եւ արարողակարգային միջոցառումների բաժիններ։ Ինչպե՞ս ենք ընդունում նախագահներին Առաջնակարգ ընդունելության են արժանանում տվյալ երկրի սուվերենությունը խորհրդանշող ղեկավարները՝ նախագահները, վարչապետները, խորհրդարանի նախագահներն ու արտգործնախարարները։ Այսպես. վայրէջք է կատարում օտարերկրյա ղեկավարի ինքնաթիռը։ Նրան դիմավորում են պատիվներով՝ կանգնում է պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբը նվագում է երկու պետությունների հիմները, վաղօրոք փռվում է պատվո ուղեգորգ։ Մեր երկրում (ի տարբերություն այլ երկրների, որոնց արարողակարգը մերինից տարբերվում է) այլ երկրի նախագահին ընդունում է մեր երկրի նախագահը, ծանոթացնում իր պատվիրակության անդամներին, ապա նստում են հատուկ ավտոշարասյուն, որոնց առաջնորդում է մոտոցիկլիստների շարքը։ Բարձրաստիճան հյուրը տեղավորվում է Ընդունելությունների տանը (Մատենադարանի մոտ)։ Ինչ ունենք՝ դրանով էլ հպարտ ենք Որոշ ժամանակ հանգստանալուց հետո առաջանում է սնվելու հարցը։ Ի դեպ, այն կարգավորվում է նախօրոք՝ համաձայն տվյալ երկրի ավանդույթների, կրոնի, տվյալ նախագահի հիվանդությունների եւ ճաշակի։ Սնվում են որոշակի ընդունելի նորմերով։ Այստեղ հանդիպում ենք որոշ դժվարությունների, քանի որ մեր՝ հայկական խոհանոցը այնքան էլ հարուստ չէ, թռչնատեսակն, օրինակ, բազմազան չէ՝ հավ, աքլոր։ Չենք կարող հյուրասիրել, ասենք, վայրի վարազի, ջայլամի մսով։ Ընտանի կենդանիների սահմանափակ քանակ ունենք՝ կով, ոչխար, խոզ։ Իսկ հյուրին կերակրել պետք է՝ միաժամանակ ցուցադրելով մեր ազգային խոհանոցի առանձնահատկությունները։ Ինչ ունենք՝ հպարտանում ենք դրանով։ Մատուցում ենք դոլմա (որը համարվում է սառը խորտիկ), խաշած կամ տապակած իշխան, խորոված, քյաբաբ, քյուֆթա, շատ մտերիմ հանդիպումների ժամանակ՝ խաշ։ Խմիչքներից հարգի է հայկական կոնյակը, գինին, նաեւ օղին։ Պատվավոր հյուրը ճաշի ժամանակ նստում է կա՛մ նախագահի դիմաց, կա՛մ աջ կողքին։ Դա կախված է նաեւ սեղանի ձեւից։ Նվերներ են տալիս, բայց ոչ թանկարժեք Աշխարհում կա նվեր փոխանակելու երկու ձեւ. նվերների բաց փոխանակություն եւ նվերների փոխանակություն՝ ըստ արարողակարգի։ Որպես կանոն՝ փոխանակված նվերները լինում են համարժեք։ Թեեւ սա էլ է պայմանական։ Օրինակ՝ Ջավահարլար Ներուն Ֆրանսիայի դեսպանին նվիրել էր փիղ։ Այլ երկրների ղեկավարներ նվիրում են իրենց երկրի այն արտադրանքը, որը միջազգային շուկայում իրենց այցեքարտն է։ Ասենք՝ ավտոմեքենա, կոմպյուտեր։ Հայկական կողմն ունի ավանդական նվերներ՝ հայկական կոնյակ, կիսաթանկարժեք քարերից պատրաստված նվերներ, կարպետներ, գորգեր, կերպարվեստի նմուշներ, արծաթյա զարդեր։ Մեր մասշտաբի պետություններում ընդունված չէ շատ թանկարժեք նվերներ փոխանակելը։ Ծխե՞լ, թե՞ չի կարելի Ըստ դիվանագիտական արարողակարգի՝ ծխախոտը կամ սիգարը ծխում են ճաշից հետո։ ՀՀ նախագահի այցը Չինաստան, օրինակ, համընկավ այդ երկրի իշխանությունների՝ հասարակական վայրերում չծխելու որոշման հետ, իսկ քանի որ մեր երկրի նախագահը ծխող է, նրա համար բացառություն էին արել։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը, հարգելով այդ երկրի օրենքները, իր այդ իրավունքից չօգտվեց։ Հագուստ-կապուստ Հնագույն ժամանակներից դիվանագիտության ոլորտում հագուստը եղել է ամենամեծ պայմանականությունը։ Երբեք չի կարելի պաշտոնական այցելությունների գնալ բաց գույնի գուլպաներով կամ կոստյումով։ Տղամարդիկ պետք է հագնեն սեւ կամ մուգ կապույտ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, մուգ գուլպաներ, զուսպ փողկապ։ Ընդունված է քուղերով կոշիկները։ Կանայք՝ բարձրակրունկ կոշիկներ, մուգ կոստյում, փեշը՝ ծնկից քիչ վերեւ, իսկ երեկոյան՝ համապատասխան երկար զգեստ, զարդերը՝ ըստ ճաշակի։ Պե՞տք է ամեն օր սափրվել Իսլամական կուլտուրայի համար կրոնի պահանջ է 3-4 օր չսափրված ներկայանալ հանդիպումներին, քանի որ, ըստ նրանց կրոնի, ածելին չպետք է դիպչի մաշկին։ Իսկ մորուք կամ բեղ աճեցնելը ճաշակի խնդիր է։ Մենք էլ մարդ ենք… Այսօր մեր պետությունը չունի ժամանակակից ավտոպարկ։ Եթե ժամանում է 50 եւ ավելի հոգանոց պատվիրակություն, մեծ խնդիր է ծառանում պետության առջեւ եւ պահանջվում է մոբիլիզացնել ողջ ուժերը եւ պետական բոլոր ռեսուրսները։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ, «Առավոտ», 3.12.97 թ. Տպագրվում է կրճատումներով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել