Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԵՐԿԱՐ ԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ»

Օգոստոս 04,2004 00:00

«ԵՍ ԵՐԿԱՐ ԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ» Վստահորեն հայտարարեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը՝ ի պատասխան իր հնարավոր պաշտոնանկության մասին պտտվող լուրերի: «Կոալիցիոն կառավարությունն ինձ վստահել է նախարարի պոստը, եւ որեւէ մեկն այդ վստահությունը կասկածի տակ չի առել, համենայնդեպս՝ կառավարական մակարդակով»,- երեկ իր հրավիրած ասուլիսում ասաց ԿԳ նախարարը՝ իր մասին տարածված լուրերը համարելով արհեստականորեն չափազանցված: Նախարարը չափազանցված է համարում նաեւ նախարարության պաշտոնյաների եւ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցների միջեւ անհամաձայնությունների մասին ասեկոսեները. «Համատեղ արդյունավետ աշխատանք ենք տանում, ընդ որում՝ ես եմ խնդրել նախագահին, որ այդ աջակցությունը լինի»: Ինչ վերաբերում է վերահսկողականի դիտարկումներին՝ քննություններում հանդիպող խախտումների վերաբերյալ, ապա նախարարը համոզված է, որ կոնկրետ ծածկագրերի հետ կապված ընդամենը 4 դեպք է արձանագրվել, եւ ընդհանրապես «նման դեպքերը հասցվել են նվազագույնի, քննությունների ընթացքը բնականոն է»: Իսկ լրատվամիջոցների հնչեցրած դեպքերին նախարարը պարզապես չի հավատում: Այսպես՝ օրերս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի ռեպորտաժ ներկայացվեց, որտեղ անգլերենի գրավորի դեպքում գնահատականը ամբողջացրել էին ի վնաս դիմորդի, եւ դիմորդին ոչ մի կերպ չէր հաջողվում ապացուցել իր ճիշտը: Իսկ առարկայական հանձնաժողովի նախագահը նույնիսկ լրագրողին պարզաբանում չէր ուզում տալ: Սերգո Երիցյանը կատարվածը լուրջ չընդունեց՝ հայտարարելով, որ որոշ հեռուստաընկերություններ պայմանավորված՝ հարցազրույցներ, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ բողոքողի դերում հանդես են գալիս պարզապես դերասաններ: Դերասանների շարքին դասվեցին նաեւ որոշ կրկնուսույցներ, որոնք իրենց հետ պարապած դիմորդների առջեւ արդարացում գտնելու համար են աղմուկ հանում (նախարարը հրաժարվեց այս պահին անուններ տալ): Ս. Երիցյանը, ի թիվս այլ տվյալների, ուրախությամբ նշեց, որ այս տարի, նախորդի համեմատ, 2 անգամ նվազել է կրկնակի բողոքարկումների թիվը: Մեր այն դիտարկմանը, թե «արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ դիմորդը պարզապես անիմաստ է համարում բողոքարկել մի տեղ, ուր իր մասնակցությունն անգամ չկա, եւ միայն նախարարության փորձագետն է որոշում՝ իր կոլեգան ճի՞շտ է գնահատել, թե՞ ոչ», նախարարը պատասխանեց. «Շատ երկրներում ընդհանրապես կրկնակի բողոքարկում չկա: 16 գնահատական փոխվել է, նույնիսկ մեկական՝ Գյումրիից ու Վանաձորից»: Նկատենք սակայն, որ կրկնակի բողոքարկման մեխանիզմը մեզ մոտ թափանցիկ չի աշխատում, եւ հայտնի չէ, թե ինչ պայմաններում են անգամ այս նշված գնահատականները բարձրացվել, եւ հետո՝ եթե ուրիշ երկրներում նման մեխանիզմ չկա, մի՞թե մեր եղած վատով պետք է բավարարվենք: Նախարարը նաեւ հավաստիացնում է, որ այդքան մեծ աղմուկ հանած հայ ժող. պատմության գրավորների ստուգումն այդքան էլ սարսափելի պայմաններում չի կատարվում, եւ լուրերը, թե գրավորներն ստուգվում են՝ բառ առ բառ համեմատելով դասագրքի հետ, իրականությանը չեն համապատասխանում: «Արդյո՞ք մեդալակիրներին տրվող արտոնությունների պատճառով արհեստականորեն չի ուռճացվում պետպատվեր հասկացությունը, երբ մի քանի ֆակուլտետներում մեդալակիրների կուտակումներ են լինում՝ ծածկելով պետպատվերով տեղերը, եւ կառավարությունն ստիպված է լինում պահուստային տեղերի հաշվին պետպատվերով տեղեր ավելացնել»: Այդ հարցին նախարարը պատասխանեց միայն, որ մյուս տարի հաստատ մեդալակիրներին տրվող արտոնությունները կվերանան: Ի դեպ, այս տարվա 75 մեդալակիրներից 57-ն են հաղթահարել անհրաժեշտ սահմանը եւ մեկ քննությամբ ընդունվել են բուհ: Ավելացնենք նաեւ, որ, նախարարի կարծիքով, այսօր հանրակրթության խոցելի տեղը բնագիտական առարկաներն են: Դա է պատճառը, որ այս տարի թե՛ Երեւանում, թե՛ մյուս մարզերում այս առարկաների գծով բացասական գնահատականները շատ են, ու համապատասխան մասնագիտությունների գծով հնարավոր է՝ թափուր տեղեր առաջանան: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031