Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը պետական է՝ անտեր է

Օգոստոս 25,2004 00:00

Ինչը պետական է՝ անտեր է Սակայն ՄՀՀ տնօրենը վստահեցնում է, որ ծառ չի կտրի Այս տարվա հուլիսի 15-ի կառավարության թիվ 1043 որոշմամբ «Երեւանի մարզահամերգային համալիր» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց մինչ այդ Կենտրոն համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ-ին վարձակալությամբ տրված Ծիծեռնակաբերդի այգուց մի հատված։ Որոշման մեջ հատվածի չափը ձեւակերպված է այսպես. «Մարզահամերգային համալիրի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս»։ Այս տարվա գարնանից պետական ոչ առեւտրային կազմակերպություն դարձած համալիրի նոր տնօրինությունը որոշել է, որ իրենց անհրաժեշտ է Ծիծեռնակաբերդի այգու 160 հա ընդհանուր տարածքից միայն 20-ը։ Այն ընդգրկում է դեպի շենքը տանող աստիճանների աջ ու ձախ ընկած ճակատային ողջ հատվածը եւ մի փոքր մաս էլ շենքի ձախ կողմից (աջ կողմում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ճանապարհն է)։ 20 հա-ն պատահական թիվ չէ։ Երեկ Մարզահամալիրի տնօրեն Արմեն Բաղդասարյանը մեզ ցույց տվեց 1976թ. Երքաղսովետի գործկոմի որոշումը, որով ՄՀՀ-ին է տրամադրվել նույնչափ տարածք՝ շենքի եւ հարակից գոտու համար։ Ժամանակի ընթացքում կառույցի շրջակա տարածքի խնամքն ու սպասարկումն անցել է քաղաքապետարանին։ «Հին տնօրինությունն ուշադրություն չէր դարձնում տարածքին, ասում էր՝ քաղաքապետարանինն է, թող ինքն էլ տիրություն անի։ Դրա համար էլ ներքեւի էսկալատորները թալանել-տարել են, աստիճաններն աղբի մեջ կորած էին, անտառն էլ չորացել էր»,- իր ստացած ժառանգությունը ներկայացրեց տնօրենը։ Որոշման նպատակահարմարությունն էլ բացատրեց նրանով, որ «նախ՝ դա համալիրի նախկին տարածքն էր, եւ մենք ուղղակի վերականգնել ենք մեր ունեցվածքը, բացի այդ՝ հնարավորություն կունենանք հսկել տարածքը, գեղեցկացնել այն»։ Թեպետ դեռ պատրաստ չեն Երեւանի քաղաքապետի որոշումն ու օգտագործման իրավունքի վկայականը, սակայն ՄՀՀ տնօրինությունն արդեն անցկացրել է ջրագծեր, լուսավորության ցանց, ստեղծել պահակային խիստ ռեժիմ՝ աստիճանների տակից սկսած։ Բացի այդ, գարնանը տարածքում տնկվել է 350 ծառ, աշնանը նախատեսվում է այդ թիվը քառապատկել, կսկսեն աշխատել շատրվանները։ Տնօրեն Ա. Բաղդասարյանը գտնում է, որ իրենք ոչ թե շտապել են ավելորդ ծախսեր կատարել, այլ դա բխում է իրենց բիզնեսի շահերից. «Բարեկարգված տարածքով համերգային կենտրոնը կգրավի ավելի շատ հանդիսատեսի, նրանք ավելի մեծ հաճույքով կգան մեր կազմակերպած համերգներին»։ Մեր զրուցակիցը բնական էր համարում հասարակության մեջ տարածված կարծիքն այն մասին, որ եթե «անտառը տվել են ինչ-որ մեկին, ուրեմն կսկսեն փրթել ու տանել»։ Բայց վստահեցրեց, որ նման ոչ մի նպատակ կամ ցանկություն չկա, չի եղել եւ չի լինի. «Այդ իրավունքը չունենք էլ, կառավարության որոշման մեջ կետ կա՝ տարածքն օգտագործել պահպանման եւ սպասարկման նպատակով։ Մենք էլ ուզում ենք խնամել մեր շրջապատը, որ կեղտի մեջ չկորի»։ Տարածքում օրինական կամ ապօրինի հողհատկացումներից տնօրենը տեղյակ չէ։ Միայն ասաց, որ 20 հա-ից քաղաքապետի որոշմամբ իրենց տրամադրելու են 19,54 հա-ը, իսկ մնացածի համար մինչ այդ հողհատկացում արդեն արվել է «ինչ-որ մեկին»։ Չի բացառվում, որ այդ «ինչ-որ մեկը» Ահաբեկչության դեմ պայքարի աջակցության կենտրոնն է, որին շուրջ 6000 քմ անհատույց օգտագործման իրավունքով հողհատկացման հարցին «Առավոտն» արդեն անդրադարձել է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել