Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՂԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Սեպտեմբեր 07,2004 00:00

ԱՆՏԵՂԻ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ Բեսլանի հետ կապված՝ Պուտինը հիշեց Ղարաբաղը Շաբաթ օրը, դիմելով ռուսաստանցիներին, ՌԴ նախագահ Պուտինը, մասնավորապես ասաց. «Ահաբեկիչները կարծում են, որ մեզնից ուժեղ են: Որ նրանք կարող են մեզ վախեցնել իրենց դաժանությամբ, կաշկանդել մեր կամքը եւ քայքայել մեր հասարակությունը: Եվ թվում է, թե մենք ընտրություն ունենք՝ դիմադրել նրանց կամ համաձայնել նրանց հավակնություններին: Հանձնվել, թույլ տալ ավերել ու բաժան-բաժան անել Ռուսաստանը՝ հույսով, թե նրանք մեզ ի վերջո հանգիստ կթողնեն»: Պուտինն եկավ այն եզրակացության, որ իրականում ընտրություն չկա. «Որովհետեւ եթե մենք թույլ տանք մեզ շանտաժի ենթարկել եւ տեղի տանք խուճապին, ապա միլիոնավոր մարդկանց կներքաշենք արյունալի կոնֆլիկտների անվերջանալի շարանի մեջ՝ Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ այլ հանրահայտ ողբերգությունների օրինակով»: Չեչենական խնդրի նման զուգահեռումը ղարաբաղյան եւ այլ ողբերգությունների հետ՝ բերում է շատ պարզ եւ միանշանակ հետեւությունների: Ըստ Պուտինի ստացվում է, որ եթե Ադրբեջանի իշխանություններն ավելի վճռական լինեին «հայ ահաբեկիչների» նկատմամբ, եթե ղարաբաղցիներին ավելի կոշտ դիմադրեին, ապա Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա, եւ Ադրբեջանը բաժան-բաժան չէր արվի: Իհարկե, կարելի է Պուտինի խոսքերի համար հնարել ավելի «խուճուճ», դիվանագիտական մեկնաբանություններ, բայց մենք հասարակ մարդիկ ենք, իսկ պետությունների առաջին դեմքերի ծրագրային ելույթները հենց մեր նմանների համար են: Նախ՝ Ադրբեջանը շատ «վճռական» էր Ղարաբաղի հարցում: Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը ժամանակակից բոլոր զենքերը (այդ թվում՝ օդուժը) օգտագործեց՝ Ղարաբաղի հայությանը ոչնչացնելու եւ տեղահան անելու համար: Պարզապես չկարողացավ հաղթել իր իսկ սկսած պատերազմում: Բայց ամենակարեւորն այն է, որ պատերազմից հետո իրավիճակը ԼՂՀ-ում զարգացավ բացարձակապես այլ կերպ, քան Չեչնիայում: 1994-ից Ղարաբաղի հայերը հնարավորություն ունեցան փաստացի անկախ ապրելու: 1996-ին նման հնարավորություն տրվեց նաեւ չեչեններին: Հիմա տեսնենք, թե ինչպես են այդ ժողովուրդներն օգտագործել այդ հնարավորությունները: Չեչնիայում սկսեցին փողոցներում մարդկանց գնդակահարել՝ Շարիաթի դատաստաններով, հանրապետությունը լցվեց մահմեդական երկրներից եկած միջազգային հանցագործներով (պատահական չէ, որ Բեսլանի դպրոցը գրավածների մեծ մասը չեչեններ չեն), մարդկանց առեւանգումը դարձավ սովորական բիզնես, Չեչնիան հարձակվեց հարեւան Դաղստանի վրա՝ գրավելու եւ ինչ-որ խալիֆաթ ստեղծելու մարմաջով: ԼՂՀ-ում, ի տարբերություն Չեչնիայի, ոչ ղեկավարությունը, ոչ ժողովուրդը իր մարդկային դեմքը չկորցրեց, եւ հիշատակված երեւույթներից ոչ մեկի նշույլն անգամ չկա: Այսօր ԼՂՀ-ի ժողովրդավարության մակարդակը ոչնչով չի զիջում Հայաստանին կամ Ռուսաստանին: Մի բան էլ ավելի է. եթե Երեւանում տեղի ունենան քաղաքապետի ընտրություններ, ապա դժվար թե պարտվի իշխանության թեկնածուն, ինչպես դա եղավ Ստեփանակերտում: Այնպես որ, ահաբեկիչներին ոչնչացնելու եւ Չեչնիայում կարգուկանոն հաստատելու հարցում Պուտինը իրավացի է: Բայց Ղարաբաղի հետ իր զուգահեռներում սխալվում է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել