Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդավոր ասուլիս

Սեպտեմբեր 09,2004 00:00

Խորհրդավոր ասուլիս Երեկ պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին ու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես ասած՝ նեղ եւ ընդլայնված կազմերով բանակցելուց հետո հանդիսավորապես ստորագրեցին մի պայմանագիր, որը կրում էր «ՀՀ եւ ԻԻՀ միջեւ համագործակցության սկզբունքների եւ հիմունքների մասին» գեղեցիկ անվանումը: Ապա երկու երկրների նախարարների ու առավել ցածր ռանգի պաշտոնյաների մասնակցությամբ ստորագրվեց տնտեսական ու մշակութային համագործակցությանը վերաբերող եւս վեց փաստաթուղթ: Այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ՀՀ նախագահի աշխատակազմի կարծիքով՝ կոչվում էր մամուլի ասուլիս: Իսկ թե ինչ էր դա իրականում, փորձենք երկու խոսքով ներկայացնել: Ժամերով սպասելուց հետո լրագրողները վերջապես տեղավորվեցին մամլո սրահում, որտեղ հայտարարվեց, թե յուրաքանչյուր կողմից (նկատի են առնվում հայ եւ իրանցի լրագրողները) կարող է տրվել երկուական հարց: Քիչ անց ողջույնի խոսքերով հանդես եկան երկու երկրների ղեկավարները, որոնք ասացին գրեթե նույն բանը՝ կապված Հայաստան-Իրան բազմաշերտ համագործակցության, բարեկամության եւ օրինակելի հարեւանության մասին: Ցավոք, իրանցի լրագրողներն իրենց հասանելիք երկու հարցերը «ծախսեցին» այնպիսի թեմաների ուղղությամբ (երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներ), ինչին բանախոսներն առանց այդ էլ անդրադարձել էին իրենց նախնական խոսքում եւ, փաստորեն, լավ թե վատ պատասխաններ էին տվել: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մեզ խոստացված հարցերից մեկը «քյաֆ մտան», եւ ընդամենը մեկ հարցի պատասխանելուց հետո շքախումբն արագ հեռացավ: Ներկայացնենք հնչած պարզաբանումների, ըստ մեզ, առավել ուշագրավ հատվածները: Անդրադառնալով վերջերս ՌԴ Բեսլան քաղաքում տեղի ունեցած ողբերգությանն ու առհասարակ միջազգային ահաբեկչության թեմային՝ Իրանի նախագահն այնպիսի դատապարտող գնահատականներ հնչեցրեց, որ դրանց տակ, հաստատապես, կստորագրեին նաեւ Բուշը եւ Պուտինը: Սակայն իր խոսքի վերջում Խաթամին վերապահում արեց, թե ահաբեկչությունը հնարավոր է վերացնել միայն արդարության հաստատման միջոցով: Տպավորությունն այն էր, թե, զորօրինակ՝ Բեսլանի մանկասպան վիժվածքները խիստ ցավագին են տարել աշխարհում տիրող անարդարությունը՝ ուստի որոշել են հուսահատությունից գնդակահարել հարյուրավոր անմեղ էակների: Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայինք ուշադրություն հրավիրել եւ որի վերաբերյալ, ցավոք, այդպես էլ չկարողացանք սպառիչ պարզաբանումներ ստանալ, վերաբերում է «Հյուսիս-հարավ» հաղորդակցական ծրագրի իրականացմանը: Խոսելով այդ նախագծի մասին՝ Իրանի նախագահը նշեց, թե դրա իրագործումից, ցանկության դեպքում, կշահեն բոլոր շահագրգիռ երկրները, այդ թվում՝ Հայաստանը (՞): Հետաքրքիր է, որ Հայաստանը, մեր տեղեկություններով, այդ՝ արդեն իսկ որոշարկված ծրագրի հետ առնչություն չունի: Բայց առավել հետաքրքիր է այն, որ ճեպազրույցից հետո մեր փորձերը՝ այս խնդրով պարզաբանումներ ստանալ ՀՀ այլ իրավասու բարձրաստիճաններից, որեւէ արդյունք չտվեցին: Կարծես ոչ ոք ոչինչ չգիտեր: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել