Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ»

Սեպտեմբեր 09,2004 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ» Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ընդդիմության ցույցի ընթացքում պլաստիկե շշով ոստիկանին հարվածած եւ 1,5 տարի ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի՝ ազատության մեջ գտնվելու փաստի առիթով իրավապաշտպան Վարդան Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դա ամենեւին բարի կամքի դրսեւորում չէ: Հայաստանի իշխանավորները, ըստ մեր զրուցակցի, մարդիկ են, ովքեր իրենց ուժը, բռնակալ լինելու կարողությունը ցուցադրելու համար ոչնչի առաջ կանգ չեն առնում, այդ թվում նաեւ՝ առանց որեւէ հիմնավոր պատճառի՝ քաղաքական գործունեություն ծավալելու համար մարդուն դատապարտելը, հայտարարություններ անող մարդկանց պետական հեղաշրջման կոչեր անելու մեջ մեղադրելը: «Այսինքն՝ ի տարբերություն շատ բռնակալների, որ բռնություններ են կիրառում եւ փորձում դրանք թաքցնել, մերոնք կիրառում ու հրապարակայնորեն ցուցադրում են՝ վախեցնելու նպատակով»,- կարծում է իրավապաշտպանը: Ինչ վերաբերում է մինչ այդ ազատ արձակված անձանց, Վարդան Հարությունյանը համակարծիք է, որ այդպիսով իշխանությունը մեկ խնդիր է լուծում՝ «Ստրասբուրգ գնալուց առաջ եւ այնտեղ լինելու ընթացքում հանրապետությունում չլինեն, այսպես կոչված, քաղբանտարկյալներ եւ ցույցեր»: Խոսքը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մասին է: Պրն Հարությունյանը վստահ է, որ իշխանությունը կարողացավ այդ խնդիրը փայլուն լուծել՝ «իրեն հատուկ ճանապարհներով»: «Առավոտի» դիտարկմանը՝ իշխանության դեմ պայքարողները սուսուփուս ընդունեցին եւ համակերպվեցին իշխանությունների այս գործելաոճի հետ, Վարդան Հարությունյանն ասաց. «Ես բազմիցս այդ առիթով կարծիք արտահայտել եմ, նորից կրկնեմ. մարդիկ, կազմակերպությունները, կուսակցությունները, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ եւ, փաստորեն, հրապարակային գործունեությամբ, ամեն ինչ պետք է հրապարակային անեին: Այսպես գնալ եւ լռելը՝ չեմ ուզում օգտագործել այդ բառը, բայց ժողովրդի նկատմամբ դավաճանություն է»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել