Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապողի հաշվիչը ձրի չի լինի

Սեպտեմբեր 09,2004 00:00

Շտապողի հաշվիչը ձրի չի լինի Օրերս «Առավոտին» էին դիմել Գյումրիի Երեւանյան խճուղու 67 շենքի մի խումբ բնակիչներ՝ դժգոհելով, որ «Լինսիի» նորակառույցներում գազի անվճար հաշվիչներ տեղադրելու մասին կառավարության որոշումը Գյումրիում իրականացվել է «վերապահումով»: Հիշեցնենք, որ կառավարությունը «Լինսիի» շենքերում բնակեցումն արագ ապահովելու նպատակով 35 միլիոն դրամ էր փոխանցել նորակառույցների բոլոր եւ ամրացվող շենքերի սոցիալապես անապահով բնակիչներին գազահաշվիչներով ապահովելու համար: Սակայն մոտ 93 բնակիչ նախքան կառավարության որոշումը իրենց «գլխի ճարը տեսել էին»՝ որպես կանխավճար մուծելով 42000 դրամ: 74 տարեկան թոշակառու Արա Քոթանջյանի ասելով, իրենք մուծումը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ գազի գրասենյակի պարտադրանքով: Իսկ կառավարության նման որոշման մասին իրենք պատահաբար լսել են հեռուստատեսությամբ, որից անմիջապես հետո շտապել են նույն գրասենյակ՝ փողերը հետ պահանջելու: Սակայն մինչեւ օրս ոչ մի արդյունքի չեն հասել. ոչ փողերն են հետ տվել, ոչ էլ թույլ են տվել 40 հազար դրամի անվճար գազ վառել: Պարզաբանման համար դիմեցինք Գյումրիի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանին, մարզպետի տեղակալ Միքայել Վարդանյանին եւ նախագահի վերահսկողական ծառայության Շիրակի մարզի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանին: Պարոն Պողոսյանը շատ զարմացավ բնակիչների բողոքից. «Էդ ինչպե՞ս է, որ 870-ին չպարտադրեցինք, միայն 93-ին պարտադրինք: Կամ մենք պետք է խնդրեինք՝ թե արի տունդ գազ քաշե՞նք, դա տրամաբանակա՞ն է»,- հարց տվեց վերջինս: Ըստ Միքայել Վարդանյանի, բնակբաշխման սկզբում դեռ ոչ մեկը հստակ չգիտեր նման որոշման մասին: Իմանալուց հետո էլ իրենք ընդհանուր ցուցակների մեջ ներկայացրել են նաեւ այս մարդկանց անունները, սակայն կառավարությունը նրանց մերժել է: Մարզպետարանի պաշտոնյայի տեղեկացմամբ, «իրենց հարցերը լուծած» բնակիչները թվով մոտ 593 են: Նախագահի վերահսկողական ծառայության Շիրակի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանն էլ պարզաբանեց, որ «էդպիսի բան չկա՝ մեկինը ձրի լինի, մյուսինը փողով»: Եվ որ իրականում բնակիչների գումարը կորած չէ. իրենք ավանսային կարգով այն տվել են գազի գրասենյակին եւ Էներգետիկ հանձնաժողովի որոշման համաձայն, մուծման պահից ուղիղ մեկ տարի հետո կարող են հետ ստանալ՝ 40000 դրամի ձրի գազ օգտագործելով: Վարչապետը, որին նույնպես բողոքել են 40 հազարը «ժամանակից շուտ» մուծած քաղաքացիները, հանձնարարել է այս հարցով զբաղվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Նախարար Վարդան Խաչատրյանը տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին ուղղված գրության մեջ մասնավորապես ասում է. «Քանի որ Գյումրի քաղաքի թվով 93 ընտանիքներ գազամատակարարման բաժանորդ դառնալու համար իրենք են կատարել կանխավճարները, գտնում ենք, որ նրանք սոցիալապես անապահով համարվել չեն կարող եւ լրացուցիչ ֆինանսավորման կարիք չունեն»: Որոշ բնակիչներ էլ ճիշտ հակառակն են պնդում՝ ասելով. «Ո՞վ չգիտի, որ մենք 40000 դրամը ճարելու համար դռնեդուռ ենք ընկել, անգամ տոկոսով փող վերցրել»: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել