Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

Սեպտեմբեր 09,2004 00:00

ԳԵՐՄԱՆԱՑԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ «Աշխարհահռչակ Հերբերտ ֆոն Կարայանից է գալիս իմ սերը հայերիդ հանդեպ»,- ասում է ճանաչված դիրիժոր Պիեր-Դոմինիկ Պոնելը։ Նա սեպտեմբերի 10-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ «Առավոտի» հետ զրույցում Պ. Պոնելը տեղեկացրեց, որ դեռ մանկուց իր դերասանուհի մորից՝ Մարգիտ Սաադից եւ բեմադրիչ հորից՝ Ժան Պիեր Պոնելից է լսել հայերի՝ շնորհալի, ընդունակ լինելու մասին։ Դիրիժորին 4 տարի բախտ է վիճակվել Զալցբուրգում եւ Բեռլինում ուսանել Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ. «Թեպետ աշխարհահռչակ մաեստրոն ինքնամփոփ մարդ էր, բայց տարիներ շարունակ արտերկրում շփվելով հայերի հետ, այնուամենայնիվ նրա մեջ խոսում էր հայի հոգին»,- ասաց դիրիժորը: Անցյալ տարի Հայաստան այցի ընթացքում դիրիժորը ՀՊՖՆ-ի հետ ձայնագրել է իր հեղինակած երաժշտությունը, որը հնչել է Գերմանիայի հեռուստատեսությամբ՝ Իտալիայի մասին պատմող 7 սերիանոց փաստավավերագրական ֆիլմում։ «Ուրախ էի, երբ թե՛ քննադատները, թե՛ բարեկամներս իրենց գովեստի խոսքն ասացին երաժշտության մասին, կարեւորելով հատկապես այն հատվածը, ուր հնչում է հայկական դուդուկը»,- ասաց դիրիժորը։ Մեր հարցին՝ «Հայ ո՞ր արվեստագետների հետ եք համագործակցել», Պ. Պոնելը տեղեկացրեց, որ Ֆրանսիայում ղեկավարել է Վերդիի «Ռեքվիեմը», որտեղ մեներգիչների թվում հանդես է եկել Հասմիկ Պապյանը։ Երեւանյան այս համերգին ելույթ կունենան թավջութակահար Վարուժան Բարթիկյանը եւ չինացի վիրտուոզ ջութակահար Բին Չաոն, որոնց մասին Պ. Պոնելը մեծ գովասանքով արտահայտվեց։ Նա նշեց, որ ինքը թեթեւացած շունչ է քաշում, տեսնելով, որ Հայաստանում որոշ տեղաշարժեր կան։ Իր հայրենիքում հետեւում է հայաստանյան երաժշտական կյանքին. «Ուրախ եմ, որ շատ հանրահայտ դեմքեր հյուրախաղերով գալիս են ձեր երկիրը, կարծես 90-ակաների սկզբի անմշակույթ Հայաստանն այլեւս պատմություն է»։ Տարիներ շարունակ դիրիժորը աշխատում է Շտուտգարդի, Ստրասբուրգի, Մոնտե Կառլոյի, Զագրեբի եւ այլ հայտնի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ։ «Առավոտի» հարցին՝ «Ձեր ղեկավարած նվագախմբերում հանդիպե՞լ եք հայ երաժիշտների եւ ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին», դիրիժորը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Այսօր, քան երբեւէ, հայ արվեստագետներն ամենուր են, որոնց մասին միայն գովեստի խոսքեր եմ լսել։ Ճիշտն ասած, հիմա չեմ կարող անուն առ անուն հիշել, թե որ նվագախմբում հայազգի քանի երաժիշտ կա, բայց միանշանակ կարող եմ ասել՝ մի կարծեք, թե նրանց հեշտությամբ է տրվել աշխատատեղ Եվրոպայի ճանաչված նվագախմբերում։ Այս փաստը խոսում է նրանց անցած դպրոցի մասին։ Իսկ ֆիլհարմոնիկի երաժիշտներն էլ նույն դպրոցի ներկայացուցիչներն են»։ Մեր զրույցի վերջում Պ. Պոնելը տեղեկացրեց, որ ինքը ուսումնասիրում է Կոմիտաս ու Սայաթ-Նովա, հավաստիացնելով, թե անհնար է, որ այդ գոհարները տեղ չգտնեն իր ստեղծագործություններում։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. «Առավոտին» ֆիլհարմոնիկի տնօրինությունից տեղեկացրին, որ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի ու ՀՊՖՆ-ի ելույթը, որ հետաձգվել էր դիրիժոր Էդ. Թոփչյանի հիվանդության պատճառով, կկայանա սեպտեմբերի 28-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել