Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ «ՄՈՒԾՎՈՒՄ Է» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 17,2004 00:00

ԱՆԴԱՄԱԼՈՒՅԾ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ «ՄՈՒԾՎՈՒՄ Է» ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ 17 տարեկան Նվերը անդամալույծի սայլակով Երեւանի փողոցներում մուրացկանություն է անում: Նվերին ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ գտնվող իրենց տան կողքի զուգարանից 1987 թ. գտել է Հասմիկ Մելիքյանը: «Ամուսինս պառկած էր, ասաց՝ էդ ի՞նչ է, ասացի՝ երեխա է: Հարցրեց՝ որտեղի՞ց: Ասացի՝ զուգարանից: Պայուսակի մեջ դրած էր, ես լացի վրա գնացի: Հանեցի պայուսակից, բերի տուն»: Երեխային տարել են բժշկի, ասել են, որ 7 օրական է: «Ոստիկանությունից եկան ասացին՝ տանենք մանկատուն, չհամաձայնվեցինք»: Նրանք որդեգրել են երեխային եւ անունն էլ դրել Նվեր: «Աստծո պարգեւն էր ինձ, ես երեխա չունեի, ու դա իսկապես նվեր էր»,- երանությամբ հիշում է անկողնում գամված 78-ամյա Հասմիկ Մելիքյանը: Նա այն ժամանակ աշխատում էր մսի կոմբինատում, բանվորուհի էր: Հինգ տարեկանում Նվերը անդամալույծ դարձավ. ոտքերն ու ձեռքերը չեն գործում: Ծնողները չեն կարողացել հոգալ, որպեսզի երեխան կրթություն ստանա: Նվերը կարդալ չգիտի: Այժմ Հ. Մելիքյանը ստանում է 3500 դրամ կենսաթոշակ, 3500 դրամ էլ Նվերն է հաշմանդամության թոշակ ստանում: Մայր ու որդի ստանում են նաեւ 8 հազար դրամ նպաստ: Այդ 15 հազարից նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են ամիսը երեք հազար դրամ: Մնացած 12 հազարը ծախսում են սնունդ ձեռք բերելու վրա: Միայն օրական մեկ հաց գնելով՝ ամիսը ծախսվում է 4500 դրամ: Հ. Մելիքյանը պատմում է՝ երեք տարի է, ինչ այս վիճակում է: Դրանից առաջ աշխատում էր, եւ մի քիչ ավելի լավ էինք ապրում. «Էս թեւերս միանգամից թուլացան, չեմ կարողանում շարժել, թե չէ էլի կաշխատեի»: Նվերը այժմ մուրացկանություն է անում հիմնականում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացը՝ «Ազնավուրի» հրապարակում. «Միլիցեքը չեն թողնում կանգնեմ, փող են ուզում: Երկու գրուպա կա, մեքենայով պտտվում են, մի խումբը գալիս է-ասում՝ էստեղ մի կանգնիր, մյուս խումբն էլ գալիս-ասում է՝ 1500 դրամ պետք է տաս կանգնելու համար: Մեկ-մեկ տալիս եմ էդ 1500-ը, բայց ձեռ չի տալիս, ինձ բան չի մնում»: Նվերը պատմեց, որ մի անգամ ոստիկանը հարվածել է իրեն: Հարցնում եմ՝ որտեղիդ է խփել, որովհետեւ նրա մարմնին խփելու տեղ չկա, ասաց՝ դեմքիս: Այդ ոստիկաններին Նվերը դեմքով ճանաչում է, նրանց մասին խոսելիս նրա դեմքի մկանները պրկվեցին: «Ես հակաճառում եմ, ասում եմ՝ բա ոնց ապրեմ: Ասում են՝ գնա մի ձեւ յոլա գնա: Մի անգամ էլ հրապարակում էդ միլիցեն չթողեց պուլպուլակից ջուր խմեմ, ասաց՝ գնա ուրիշ տեղից խմիր: Մեզ ասել են ձեզ նմաններին չթողնենք էստեղ երեւալ»,- շարունակեց Նվերը: «Առաջ «Ռոսիայի» մոտ էի կանգնում, բայց այնտեղ մի քիչ խնդիրներ ունեմ, էլ չեմ ուզում կանգնել»,- ասաց Նվերը, երբ հարցրի՝ ինչու ես տնից էսքան հեռու գալիս: Խնդիրների մասին չուզեց պատմել: Հետո Լյութոն՝ Նվերի մտերիմ ընկերը, պատմեց, որ մի աղջկա է սիրահարվել, «չի ուզում, որ էդ աղջիկը գա իրեն այդտեղ տեսնի, ամաչում է»: «Աշխատանքի» վայր՝ «Մոսկվա» կինոթատրոն Նվերին բերում է Լյութոն: Նա արեւածաղկի սերմ է վաճառում ԳՈՒՄ-ի շուկայի մոտ: Ամեն առավոտ ժամը 9.45-ին նա գալիս է Նվերենց տուն, նստեցնում սայլակին, տանում հասցնում «Մոսկվա» կինոթատրոն: Կեսօրին Լյութոն գալիս է այցելության: Նվերին տանում է զուգարան, ետ բերում: Այնտեղից Լյութոն նորից վերադառնում է ԳՈՒՄ-ի շուկա: Իսկ երեկոյան արդեն 21.45-ին նրանք հանդիպում են «Երեւան» կինոթատրոնի մոտ. մինչեւ այնտեղ Նվերը կարողանում է ինքնուրույն հասնել: Լյութոն էլ ԳՈՒՄ-ի շուկայից է գալիս այստեղ, մի քանի բառ են փոխանակում ու շարժվում դեպի տուն: Լյութոն ամեն իրիկուն Նվերին մեծ դժվարությամբ է բարձրացնում տան աստիճաններով: Այդ ընթացքում լսվում է Նվերի ձայնը՝ Լյութո, կամաց, սպասիր: Մայրն էլ վերեւից՝ անկողնում պառկած անհանգստանում է՝ ի՞նչ եղավ, Նվեր, ջուր խմիր, հանգստացիր: Ու այսպես, տարիներ շարունակ: Նվերին հանդիպում էի Երեւանի տարբեր հատվածներում, Հանրապետության հրապարակում՝ արտգործնախարարության շենքի դիմաց, «Մոսկվա» եւ «Երեւան» կինոթատրոնների մերձակայքում: Նա իր բարի ժպիտով է դիմավորում ամեն անգամ, հարցնում՝ ինչպես է գործերս: Տասնյակ հասարակական, բարեգործական կազմակերպություններ ամենատարբեր ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Նրանցից ոչ մեկին չի հետաքրքրել քաղաքի տարբեր մասերում տարիներ շարունակ իրենց աչքի առաջ մուրացկանություն անող այս անչափահասը: «Լյութո, առավոտ 10-ին կգաս, չմոռանաս»,- ամեն օր հրաժեշտի պահին մի քանի անգամ կրկնում է Նվերը: Լյութոն էլ հեռանալով մի քանի անգամ կրկնում է՝ հա, հա: Ասում է ու արագ քայլերով հեռանում, որ հասցնի մետրո նստել՝ Շենգավիթ հասնելու համար: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել