Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱՇԽԱՐՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է

Սեպտեմբեր 17,2004 00:00

ՄԱՐԶԱՇԽԱՐՀԸ ՎՐԴՈՎՎԱԾ Է Աթենքի օլիմպիական խաղերում հայ մարզիկների անհաջող մրցելույթների առիթով պատգամավոր Մանուկ Գասպարյանի՝ պատվիրակության անդամների եւ մարզիկների հասցեին ԱԺ նիստերի դահլիճում հնչեցրած վիրավորական արտահայտությունները վրդովեցրել են մարզաշխարհի մարդկանց: Երեկ այս մասին մեզ պատմեց Սպորտպետկոմի նախագահի տեղակալ եւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Երեկ ու այսօր մարզաշխարհի տասնյակ ու հարյուրավոր ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ օլիմպիական խաղերի չեմպիոններ եւ մեդալակիրներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների նախկին չեմպիոններ, մրցանակակիրներ, մարզիչներ, մարզիկներ, կազմաշխատողներ զանգահարում, գալիս են ինձ մոտ եւ վրդովմունք արտահայտում պատգամավորի արած հայտարարությունների առիթով,- ասաց նա:- Պատվիրակության կազմում եղել է 52 մարդ՝ մասնակից մարզիկները, մարզիչները, բժիշկ, մարզական լրագրողներ, կառավարության անդամներ, այդ թվում՝ տարածքային կառավարման նախարար, Խաղերի նախապատրաստման կառավարական կազմկոմիտեի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը հսկայական աշխատանք է կատարել մարզումներն ու հավաքները անխաթան կազմակերպելու գործում, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Գագիկ Ծառուկյանը, որը դժվար պահերին անձնական միջոցների հաշվին անգնահատելի նյութական աջակցություն է ցույց տվել մեր հավաքականների անդամներին եւ մարզիչներին, Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը, որը մոտ երկու տարի է, ինչ անձնական սերտ կապերը բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարության հետ ի նպաստ է դնում հանրապետությունում այդ մարզաձեւը նորմալ հիմքերի վրա բարձրացնելու համար: Պատվիրակության կազմում ոչ մի ավելորդ մարդ չի եղել: Ինչ վերաբերում է աթենքյան մրցելույթներին, Հայաստանի մարզական ղեկավարությունը ազգաբնակչությունից ներողություն է խնդրել հույսերը չարդարացնելու համար եւ խոստացել է մանրամասն քննարկումներ կազմակերպել ձախողման իրական պատճառները մինչեւ վերջ բացահայտելու համար եւ մեղավորներին, անկախ մարզական կոչումներից ու գրաված դիրքից, պատժել: Ինչ վերաբերում է մարզիկներին, այո, նրանք ձախողվել են: Բայց չի կարելի մոռանալ կամ անտեսել, որ նրանցից շատերը բազմիցս նաեւ ուրախանալու առիթներ, բերկրանք ապրելու պահեր են պարգեւել հայ մարզասերներին: Սպորտը մնում է սպորտ: Այստեղ օրենքները խիստ են, դաժան: Լինում են հաղթանակներ էլ, պարտություններ էլ: Պարտությունից ոչ ոք ապահովագրված չէ: Ես սա ասում եմ նաեւ որպես մարզիկ՝ ԽՍՀՄ չեմպիոն, Բարի կամքի խաղերի եռակի հաղթող, որպես մարզիչ ու ղեկավար: Վերջին պարտությամբ կյանքը կանգ չի առել, ոչ էլ աշխարհն է քանդվել: Առջեւում նոր, պատասխանատու մեկնարկներ կան, որոնցում այդ նույն մարզիկները դեռ ասելիքներ ունեն: Նրանք քաջ գիտակցում են, որ պարտք են մնացել ժողովրդին ու ցանկանում են այդ պարտքը մարել գալիք պատասխանատու մեկնարկներում: Մինչդեռ պատգամավորի ոչ կոռեկտ արտահայտությունները, արհեստականորեն բորբոքվող կրքերը բացասաբար են անդրադառնում նրանց՝ առանց այն էլ ընկճված վիճակի վրա: Հիմա բոլորն են սպորտի մասին խոսում, քննադատում, դժգոհում, այդ թվում՝ նաեւ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Ես նրան հարց եմ տալիս, թե ինչո՞ւ նա, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, մինչեւ օլիմպիական խաղերը ոչ մի անգամ չի հետաքրքրվել հանրապետությունում ֆիզկուլտուրայի եւ սպորտի վիճակով, հենց նույն Ազգային ժողովի դահլիճում ոչ մի անգամ չի բարձրացրել մարզադահլիճների ջեռուցման, հանրապետության ողջ տարածքում մարզաբազաների աղետալի վիճակի մասին հարցեր, չի նկատել ու մտահոգվել, որ հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկա չի դասավանդվում: Այն ժամանակ նրան մեր ոլորտը չէ՞ր հետաքրքրում: Կրկնում եմ, մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ ունեցել ենք սխալներ, վրիպումներ, թերացումներ: Եվ գուցե բոլորից ավելի հենց մենք ենք ցանկանում հայտնաբերել դրանք: Սակայն ավելորդ շտապողականությունը այստեղ հաստատ լավ ընկեր չէ: Ըստ մարզաձեւերի քննարկումներն սկսվելու են եկող շաբաթվանից: Անպայման ուզում ենք իմանալ, թե որտեղ ենք սխալվել՝ կազմակերպչակա՞ն աշխատանքներում, բժշկությա՞ն, հոգեբանությա՞ն մեջ, թե՞ մի ուրիշ տեղ: Ամեն բան համակողմանի վերլուծվելու եւ ներկայացվելու է հանրությանը»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել