Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» ներխուժում է ջեռուցման ոլորտ

Սեպտեմբեր 23,2004 00:00

«ՀայՌուսգազարդը» ներխուժում է ջեռուցման ոլորտ Թանկ ջերմաէներգիան փաթաթում են բնակիչների վզին Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Մեդիկ-2» եւ «Զեյթուն-1» համատիրությունների կողմից սպասարկվող Սուրենյան 1, 2, 3, 4, 11ա եւ 11բ շենքերը ներառվել են Համաշխարհային բանկից ֆինանսավորվող ջեռուցման փորձնական ծրագրում։ Ընդ որում, $32537 արժողության վարկային ծրագրի 10%-ը ներդրել են բնակիչներն ու Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանը, իսկ մնացածը պետք է բնակիչները մարեին 10 տարվա ընթացքում, տարեկան 5% տոկոսադրույքով։ Այս շենքերը ջեռուցող կաթսայատունը վերագործարկվել էր մի քանի տարի առաջ, «Ջերմամատակարարման ծրագրեր» ԾԻԳ-ին մնում էր տեղադրել ջերմաէներգիայի չափիչ-կարգավորիչ սարքեր եւ պայմանագրերով ամրագրել սպառողների հետ փոխհարաբերությունները։ Պայմանագիրը կնքվել է 2003-ի նոյեմբերին՝ ըստ բնակելի մակերեսի վճարելու համար, իսկ 2004-ի փետրվարին հիշյալ համատիրության հետ կնքված պայմանագրի համաձայն, ողջ սեզոնի համար գանձումը պետք է կատարվի հաշվիչի ցուցմունքով։ Արդյունքում առաջացած գումարային տարբերությունն ո՞վ պետք է վճարի՝ պարզ չէ։ ԾԻԳ-ի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումն ավելի քան թերի է։ Օրինակ, ջեռուցումն սկսվել է դեկտեմբերի 28-ից՝ ամսի 1-ի փոխարեն, իսկ մինչեւ հունվարի 20-ը բնակարաններում օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով ցածր է եղել նախատեսվածից։ Բացի այդ, ԾԻԳ-ը տեղադրել է 5 հատ տաք ջրի ջրաչափ, բոլորն էլ անսարք, իսկ էներգաչափիչները տեղադրել է նաեւ չաշխատող մարտկոցների վրա, ինչի համար նույնպես բնակիչները պետք է վճարեն 5%-անոց վարկ։ ԾԻԳ-ն իր թերությունները մինչ օրս էլ չի շտկել, իսկ Սուրենյան 4 շենքի բնակիչներին պատժել է՝ զրկելով նրանց ջեռուցումից այն բանի համար, որ չեն հավաքել 10% ներդրումային գումարը։ Վարկային առաջին փուլը թերակատարելուց հետո, ԾԻԳ-ի ղեկավարությունը հաջորդ փուլի համար գտել է նոր փոխառու՝ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը։ «Մենք այդ մասին տեղեկացանք մամուլից, մեզ ոչ մեկը նախօրոք չի հարցրել, թե համաձա՞յն ենք փոփոխությանը կամ ի՞նչ գնային քաղաքականություն պետք է վարի նոր շահագործողը, իսկ չէ՞ որ պայմանագրի մի կողմը եւ գումար վճարողը մենք ենք»,- բնակիչների դժգոհությունը փոխանցեց համայնքի եւ համատիրությունների ներկայացուցիչ Ռուբիկ Նահապետյանը։ Նրա անհանգստությունը հիմք ունի. ըստ թերթերից մեկին տված ԾԻԳ-ի փոխտնօրեն Հայկ Եսայանի հարցազրույցի, «ՀայՌուսգազարդի» մատակարարած ջերմաէներգիայի 1 կվտ/ժամը կարժենա 11,5 դրամ, եւ դա՝ նախնական հաշվարկով։ Այնինչ, համատիրության նախագահը Ջերմային տնտեսությանը եւ Երեւանի քաղաքապետարանին ներկայացրած գործարար ծրագրով կարող է ապահովել 1կվտ/ժամ էներգիայի համար 7-8 դրամ արժողության էներգիա։ Ծրագիրը հավանության արժանացել է, բայց չի ընդունվել։ Մեկ՝ բանկային երաշխիք են պահանջել, այն դեպքում, երբ վարկ ստանալու խնդիր չկա։ Կամ էլ՝ ձգձգել ու թողել են անպատասխան տարբեր գրություններ։ Նպատակը պարզվել է այժմ, երբ հայտնի է դարձել, թե ով է վարկային հոսքի նոր տերը։ Ի դեպ, «ՀայՌուսգազարդն» այս տարի վերցրել է նաեւ Ավանում իրականացվող ջեռուցման 72 մլն դրամ արժողությամբ վարկային ծրագրի կատարումը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել