Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Հոկտեմբեր 27,2004 00:00

Երեկվա
«Առավոտում» տեղեկացրել էինք, որ Իսպանիայի Մալյորկա կղզում գտնվող Կալվիա քաղաքում
ընթացող շախմատի համաշխարհային 36-րդ օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց
հավաքականը 3,5:0,5 հաշվով վստահորեն հաղթելով Սլովենիայի թիմին՝ 26,5 միավորով բարձրացել
է 3-րդ հորիզոնական: Նույն օրը մեր աղջիկները նույնպես առավելության էին հասել
լեհուհիների նկատմամբ ու 18,5 միավորով բաժանում են 6-9-րդ տեղերը: Երեկ՝ 11-րդ տուրում,
հայաստանցի տղաների մրցակիցը Շվեյցարիան էր, իսկ մեր աղջիկներն ուժերը չափեցին Ռուսաստանի
ուժեղ թիմի հետ: Արդեն պիտի արձանագրենք, որ հաղթողի համար պայքարող հավաքականները
(խոսքն առայժմ տղամարդկանց մասին է) հիմնականում արդեն հանդիպել են միմյանց: Օլիմպիական
«ոսկին» կնվաճի այն թիմը, որը եզրագծում չի կորցնի թափը, եթե չասենք՝ կավելացնի,
եւ կարգով իրեն զիջող մրցակիցներին կհաղթի հնարավորինս մեծ հաշիվներով: Այս պարագայում
ավելի նախապատվելի են Ուկրաինայի դիրքերը, որը մրցաշարային աղյուսակում գտնվելով
1-ին տեղում, մոտակա հետապնդողին՝ Ռուսաստանին, գերազանցում է 2 միավորով: Այդ իսկ
պատճառով էլ առաջատարը հիմա կարող է հետագա մարտավարությունը համապատասխանեցնել իրավիճակի
զարգացումներին: Թող մյուսները մտածեն կորցրածը ետ բերելու մասին ու ռիսկի դիմեն:
10-րդ տուրում Ռուսաստանը կատարեց իր առջեւ դրված նվազագույն առաջադրանքը
եւ Ուկրաինայի հետ միավորների տարբերությունը կրճատեց կեսով՝ այն հասցնելով 2-ի:
Հիմա մնացած տուրերից յուրաքանչյուրում ռուսներից պահանջվում է առնվազն կես միավոր
ավելի վաստակել առաջատարից: Օլիմպիադան լուսաբանող լրատվամիջոցները, հուրախություն
մեզ, հատկապես նշում են Հայաստանի անունը՝ մատնացույց անելով, թե ինչպես է անհրաժեշտ
անցնել մրցաշարի եզրափակիչ հատվածը: Ու որպես օրինակ բերում են հենց Սլովենիայի նկատմամբ
տարած ջախջախիչ հաղթանակը: Այդ օրը Վլադիմիր Հակոբյանն ուսուցողական հաղթանակ տարավ
մինչ այդ գերազանց հանդես եկած Ալեքսանդր Բելյավսկու նկատմամբ: Լեւոն Արոնյանը սեւերով
պարտության մատնեց Միխալչիշինին, Սմբատ Լպուտյանը բոլոր հեռանկարներից զրկեց Պավասովիչին
եւ միայն երիտասարդ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը միավորը բաժանեց Սերմակի հետ:
Ինչպես ասում են, աչքով չտանք: Եվ տա Աստված, եթե մեր տղաները շարունակեն այս տեմպով,
ապա լավագույն եռյակում տեղ ունենալու, եւ ամենեւին էլ ոչ անպայման 3-րդը, գերազանց
շանսեր ունեն: Հիշեցնենք, որ 10-րդ տուրից հետո մեր քառյակը ռուսներին զիջում է ընդամենը
կես միավորով: Ճիշտ է, օլիմպիադայում թույլ թիմեր չկան, այդ թվում նաեւ Շվեյցարիան,
որի առաջատարը հանրահռչակ Վիկտոր Կորչնոյն է եւ որը 24,5 միավորով 10-րդ տուրից հետո
զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Բայցեւայնպես, մերոնք երեկ մրցակցին ցանկալի հաշվով
հաղթելու եւ Կալվիայում առաջին անգամ երկրորդ տեղ դուրս գալու հնարավորություն ունեին,
քանի որ Ռուսաստանի մրցակիցը 4-րդ տեղում ընթացող՝ 26 միավորով, ԱՄՆ-ն էր: Ինչ
վերաբերում է կանանց մրցապայքարին, այստեղ ըստ ամենայնի չեմպիոնն արդեն որոշված է:
Չինաստանը, չնայած ԱՄՆ-ից կրած պարտությանը, դժվար թե առաջին տեղը զիջի որեւէ մեկի:
20 միավորով երկրորդ տեղում ընթացող հունգարուհիներից 4,5 միավոր առաջ լինելը չինուհիներին
հանգիստ դեպի «ոսկին» գնալու հեռանկար է ընձեռում: Այ, հայտնի չէ, թե ովքեր վերջնականապես
կհանգրվանեն 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում: Այդ տեղերին, բացի Հունգարիայից, իրապես
հավակնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Վրաստանը՝ 19,5-ական միավոր, Ռուսաստանը, Ֆրանսիան,
Սլովակիան, Հայաստանը՝ 18,5-ական միավոր, ինչպես նաեւ 18-ական միավոր վաստակած Ուկրաինան,
Անգլիան, Լիտվան եւ Բուլղարիան: Բայց ամեն բան կախված է լինելու այն բանից, թե ով
ինչպես կանցկացնի վճռորոշ վերջին հանդիպումները: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել