Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ պատիժ՝ մեկ հանցանքին

Նոյեմբեր 11,2004 00:00

Մեկ պատիժ՝ մեկ հանցանքին Քրեական նոր օրենսգրքով վերացվել է առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ հասկացությունը: Սակայն այն չի ստացել տրամաբանական շարունակություն, այլապես հանցագործությունների կրկնակիության եւ ռեցիդիվի, այսինքն՝ պատիժը կրած, սակայն դատվածությունը դեռ չմարված անձի կողմից նոր հանցանք կատարելու համար ավելի խիստ պատիժ չէր սահմանվի: Մինչդեռ, եթե անձը պատիժը կրել է, ուրեմն մեղքը քավել է: Նույնն է, թե պարտքը վճարած անձից նորից նույն պարտքի վճարումը պահանջել, այն էլ կրկնակի, եռակի: Մինչդեռ օրենքի պատվիրանն է. մեկ հանցանքին՝ մեկ պատիժ: Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով: Իսկ եթե նույն արարքը անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով: Իմ կարծիքով, նման որակումը անհիմն է: Օրենսդիրը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դիտավորությամբ տուժողին մարմնական վնաս պատճառելու ժամանակ մեղավորը չի կարող նախատեսել ավելի ծանր հետեւանքների առաջացման հնարավորությունը, որոնք երբեմն կարող են առաջանալ անմիջական հետեւանքներից երկար ժամանակ անցնելուց հետո: Քրեական իրավունքի տեսության համաձայն, անձը պատասխանատվություն է կրում միայն այն հետեւանքի համար, որը ընդգրկվում է նրա դիտավորությամբ: Հանցավոր արարքի որակման չափանիշը պետք է լինի ուղղակի, անմիջական հետեւանքի նկատմամբ դրսեւորած հոգեբանական վերաբերմունքը եւ ոչ թե հեռավոր ու ածանցյալ հետեւանքը: Ածանցյալ հետեւանքները չեն կարող գերիշխող համարվել ուղղակի, անմիջական հետեւանքի նկատմամբ: Առաջացած ծանր հետեւանքներն էլ պետք է հաշվի առնել պատժաչափ նշանակելիս: Վիճահարույց է նաեւ ավազակության հանցակազմի կառուցվածքը: «Ավազակությունը ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումն է, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով»: Այսպիսով, սպառնալիքի եւ կյանքի համար վտանգավոր բռնության միջեւ տարբերություն չի դրվել: Իսկ դա միեւնույն է, թե մեկի աչքը իրականում հանելը հավասարեցնել «աչքդ կհանեմ» վերացական արտահայտության հետ: Իմ կարծիքով, միայն սպառնալիք տալու դեպքում, արարքը պետք է որակել որպես կողոպուտ, քանզի սպառնալիքը միայն միջոց է հանդիսանում տուժողի գույքի բացահայտ հափշտակման համար: Հարկ եմ համարում անդրադառնալ նաեւ խուլիգանության թեմային: Խուլիգանությունը ոչ թե հանցակազմ է, այլ որոշ հանցակազմերի դրդում, շարժառիթ: Խուլիգանություն հոդվածի (258) վերլուծությունից պարզվում է, որ այն Քրեական օրենսգրքի հետեւյալ հոդվածներից պոկած խառնակույտ է: Դրանք են՝ սպանությունը, դիտավորությամբ անձի առողջությանը նվազ ծանր վնաս պատճառելը, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը, ուրիշի գույքի ոչնչացումը կամ վնասումը, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ արարքը, եթե դրանք զուգորդվել են խուլիգանական դրդումներով: Խուլիգանության վերաբերյալ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը նշել էր, որ խուլիգանությունը, որպես հանցակազմ, իրենից ներկայացնում է հանցագործությունների փունջ՝ ներառելով վիրավորանք, ծեծ, մարմնական վնասվածք, գույքի ոչնչացում: Նշված բոլոր արարքների համար ունենք նաեւ առանձին հոդվածներ, բայց մեր օրենսդիրները թվարկած բոլոր արարքները միացնելով՝ ստացել են խուլիգանության յուրօրինակ «ծաղկեփունջ»: Քաղաքակիրթ աշխարհը խուլիգանությունը որպես հանցակազմ չունի: Տեղեկացնեմ նաեւ, որ ապագայում մեր քրեական օրենսգրքից կհանվի խուլիգանության հանցակազմը եւ այն կկարգավորվի այնպես, ինչպես սահմանված է Իսպանիայի օրենսդրությամբ: Խուլիգանության հոդվածը օրենսգրքից հանելու շնորհիվ, կարծում եմ, կվերանա խառնաշփոթը, ինչպես նաեւ արարքի սխալ որակումն ու կամայականությունը: ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել