Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՒՄ

Փետրվար 02,2005 00:00

ՏՈՒԺՈՒՄ Է ՄԱՆՐ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍԸ Պարզեցված հարկի մասին օրենքը, որը ժամանակին գործարարների լոբբինգով ընդունվեց, վերջին բարեփոխումների արդյունքում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար գլխացավանք է դարձել: Փոփոխություններին, որ ուժի մեջ մտան այս տարվա հունվարից, բազմիցս անդրադարձել ենք, սակայն պարզվում է, այդ բարեփոխումները ձեռնարկատերերին խոչընդոտելու դեռեւս մեծ պոտենցիալ ունեն: Եվ գործարարները հիմա սկսել են պայքարել դրա դեմ: Նախ նրանք նկատում են, որ, ինչպես հարկային քաղաքականությամբ որոշվել է, յուրաքանչյուր օրենք պետք է գործի առնվազն հինգ տարի, մինչդեռ՝ պարզեցված հարկի «տարիքը» դեռեւս չի լրացել: Այնուամենայնիվ, միջին ձեռներեցությամբ զբաղվող մի գործարար իր խանութի օրինակով ներկայացնում է մի պարզ հաշվարկ, որից ակնհայտ է դառնում, որ հարկային բարեփոխումների արդյունքում ստեղծված նոր պայմաններում տնտեսվարողի ծախսերն ու եկամուտները չեն էլ հավասարակշռվում: $100?000-ի շրջանառություն ունեցող խանութի տերը (անունը նրա խնդրանքով չենք գրում), որը ներկրող չէ, պարզեցված հարկ վճարողի տիպիկ օրինակ է, իր ապրանքը ձեռք է բերում զանազան ներկրողներից, որոնք արդեն ավելացած արժեքի հարկ են մուծել: Մինչեւ բարեփոխումները տարեկան մուծում էր շրջանառությունից 3.5%-ի հարկ ($3500): Այս պայմաններում տարեկան ստանում էր $10-15 հազար դոլարի եկամուտ: Եկամտից մի քանի պարտադիր ծախսեր էր անում մինչեւ բարեփոխումները. 2-3 հոգու աշխատավարձ՝ $2500, էլեկտրաէներգիայի վարձ՝ մոտավորապես $500, կենսաթոշակային մուծումներ՝ մոտավորապես $ 500, աղբահանության, զանազան արտոնագրերի, ջրի, գովազդային ցուցանակի, սանէպիդծառայության, գույքահարկի, հեռախոսի համար՝ մոտավորապես $1000: Ամսական ստացվում էր $200-400-ի շահույթ: Բայց գործարարի հաշվարկները ոչ մի կերպ չեն ստացվում նոր պայմաններում՝ եթե նա արդեն սկսի մուծել ե՛ւ ավելացված արժեքի հարկ, ե՛ւ շահութահարկ: Գործարարի հաշվարկը խելամտության սահմաններում է, բարձրացրած խնդիրը քննարկման արժանի, թեեւ՝ բարեխիղճ աշխատողների այս խավը շատ դեպքերում համալրված է շրջանառության իրական չափը թաքցնող, հովանավորներ ունեցող գործարարներով, ինչի համար, ի դեպ, բարեխիղճները չեն մեղավոր: Եվ այստեղ հարկահավաքները, իրոք, պայքարելու տեղ ունեն, ինչը եւ փորձում են անել: Մասնագետների գնահատմամբ, ստվերային տնտեսության դեմ պայքարն այլընտրանք չունի: Այդ թվում չպետք է վրիպեն հարկերից խուսափող փոքր եւ միջին ձեռներեցները, չնայած այդ հատվածի զարգացումը մեր կառավարության համար օրակարգային է: Սակայն թաքցված շրջանառության հայտնաբերման համար հարկային փոփոխությունների ճանապարհն ընտրելն առնվազն վիճելի տարբերակ է: Նույնքան վիճելի է ենթադրությունների հիման վրա հաշվետվությունները խմբագրել տալը, պնդելով, որ գործարարներն ավելացնեն աշխատողների թիվը, շրջանառության ծավալը եւ այլն: Նկատենք, որ դեռեւս հանրությանը ներկայացված չէ որեւէ դեպք, երբ հարկային տեսուչները ոչ թե ենթադրել, այլ ապացուցել են գործարարների թաքցրած միջոցները: Մի խոսքով, գործարարները նշում են, որ հարկային տեսուչներն այնքան շատ են ու այնքան շատ են սիրում օբյեկտներ «այցելել», որ կարող էին վարչարարության, օրինակ, չափագրումների (խրոնոմետրաժ) միջոցով պարզել խուսափողներին, ոչ թե դարձյալ դիմել հարկային փոփոխությունների: Իսկ փոփոխությունները կնպաստեն մուտքերի ավելացմանը, որը ամեն դեպքում չէ, որ վկայում է ստվերի կրճատման մասին: Փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողները հարկային քաղաքականությունը մշակողներին եւ իրականացնողներին հուշում են ավելի հետաքրքիր տեղ, որտեղ պետք է փնտրել ստվերային հատված. միջին գործարարները, որոնք ներկրող չեն, ապրանքը ձեռք են բերում մատակարար-ներկրողներից, որոնք մեծ մասամբ կամ հրաժարվում են ապրանքը ձեռք բերողին փաստաթուղթ (հաշիվ-ապրանքագիր) տրամադրել, կամ տրամադրում են՝ նշելով մատակարարման ցածր գներ, այսպիսով խուսափելով լրացուցիչ հարկային պարտավորություններից, հընթացս թաքցնելով շրջանառության իրական ծավալները: Սա ձեռք բերողի համար ավելորդ հարկային բեռ է ենթադրում, բայց հարկահավաքների համար «պայքարի» տեղ է: Ինչպես հայտնի է, մի մեծ ցանկ լայն սպառման ապրանքներ ներկրում են խոշոր ձեռներեցները: Այստեղ հարկային վարչարարությունը լիարժեք կիրառելով ե՛ւ ստվերը կկրճատվի, ե՛ւ հավասարության սկզբունքը կկիրառվի, ե՛ւ գործարարները բավարարված կզգան: ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել