Լրահոս
Օրվա լրահոսը

8

Փետրվար 02,2005 00:00

8 ու կես տարի՝ Գոհար Գասպարյանի հետ «Գոհարն ինձ «տարել» էր» Այս համոզմանն է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի հոբելյանի առիթով լույս տեսած «Իմ ութուկես տարիները Գոհար Գասպարյանի հետ» գրքի հեղինակը՝ Երեւանի պետկոնսերվատորիայի դոցենտ Համասփյուռ Մանուկյանը: Մեզ հետ կարճատեւ զրույցի սկզբում հեղինակը նշեց, որ երկար էր սպասել այն օրվան, որ նստեր ու գրեր իր կյանքի ութուկես տարիների՝ 1975-83թթ. ընկած ժամանակահատվածի մասին, որն անցել է անվանի երգչուհու դասարանում, նրա կողքին՝ իբրեւ կոնցերտմայստեր: Ըստ հեղինակի, մեծ երգչուհու մասին դեռ շատ կգրվեն աշխատություններ, մասնագիտական գրքեր, հիշողություններ: Իր գրքում նա ցանկացել է զերծ մնալ պրոֆեսիոնալ պարտադրանքներից եւ առանց ինտելեկտուալ «խելոքությունների» գրել իր զգացածը, ստացածը, քանի որ «երբ հասկացա, որ ութուկես տարի եմ աշխատել Գոհար Միխայլովնայի հետ, ինձ թվաց, թե Ֆելլինիի համանուն գլուխգործոցի նման մի հանճարեղ ֆիլմում եմ հայտնվել (նկատի ունի Ֆելլինիի «Ութուկես» նկարը)»: Հիմա այդ թիվը դաշնակահարուհու համար, ինչպես ինքն է ասում՝ մոգական է թվում: «Իմ ութուկեսը մի աշխարհ էր, ամեն մի օրը՝ երջանիկ գոյություն, նոր արարում եւ բավարար ժամանակահատված՝ կազմավորվելու, կողմնորոշվելու եւ բոլորովին սիրահարվելու, որպես դաշնակահար-կոնցերտմայստեր, որին եւ նվիրեցի հետագա տարիներս»: Մեր դիտարկմանը՝ «Մեծությունների մասին նույնիսկ հիշողություններ գրի առնելը մեծ ռիսկ է», Հ. Մանուկյանը պատասխանեց. «Դուք իրավացի եք, բայց այժմ՝ երբ իմ ութուկեսից անցել է քսան տարի, ուզում եմ գրքի տեսքով հանրությանը ներկայացնել, որ Գոհարը մի օրգանական մաքուր ձուլվածք է, որ կարելի է կոչել՝ մարդ պլյուս հանճարեղ արվեստագետ: Ես սա ասում եմ ամենօրյա ճանաչողի իրավունքով, շատ ավելի մոտ կանգնած մարդու իրավունքով: Հենց այդ բացառիկ, բայց շատ մարդկային, հանճարեղ, պարզ ձուլածո կերպարն է քանդակվել իմ ուղեղում, որ լույս է սփռում կես դար»: Աշխարհով մեկ շրջագայած երգչուհին, ըստ մեր զրուցակցի, անփոխարինելի պրոֆեսոր է իր «կուկլաների» համար (այսպես է նա անվանում իր դասարանի սաներին). «Պրոֆեսորի դասարանը միշտ եղել է համերաշխ կոլեկտիվ: Բոլորս՝ միմյանց նկատմամբ հարգանքով ու սիրով: Ինչ խոսք, սա նպաստում էր ու է ուսման հաջողությանը: Պետք է բարձրաձայնեմ նրա ձգողական շնորհի մասին: Երբեմնի դաշնակահարուհիներ Էլլադա Չախոյանը, Անահիտ Մխիթարյանը, ջութակահարուհի Հասմիկ Պապյանը, վալթորնահար Եղիշե Մանուչարյանը, դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, անգամ ատամնաբույժ Սուրեն Զուրաբյանը եւ այլք, պարզապես մոռանալով իրենց արդեն ձեռք բերած մասնագիտությունը, Գոհարի շնորհիվ նվիրվեցին վոկալ արվեստին»: Հ. Մանուկյանը խոստովանեց, որ երբ արդեն հրատարակված է այս գիրքը, դժվարությամբ է բաժանվում հուշերից, որոնք հիմնականում վերաբերում են իր երջանիկ ութուկես տարիներին. «Բաժանվում եմ հպարտությամբ, որ մեծ երգչուհու ժամանակակիցն եմ ու իմ այս հուշագրությունը այդ հպարտության մի համեստ արտահայտությունն է ընդամենը, որովհետեւ դժվար է բառերով ամբողջովին ներկայացնել մի մեծ՝ Գոհար Գասպարյան երեւույթ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ. Գ. «Առավոտին» հայտնի դարձավ, որ հրատարակման են պատրաստվում մեծանուն երգչուհու ուսանողուհի, պետկոնսերվատորիայի դոցենտ Օլգա Զաքարյանի «Գոհար Գասպարյանի վոկալ դպրոցը» գիրքը եւ արվեստաբան Սերգեյ Առաքելյանի «Գոհար Գասպարյան» գիրք-ալբոմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել