Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏՎԵՑԻՆ

Ապրիլ 01,2005 00:00

ՊԱՐՏՎԵՑԻՆ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2006 թվականի գավաթի խաղարկության նախընտրական փուլի հերթական տուրում Էյնդհովենում 0:2 հաշվով զիջեց հոլանդիայի ընտրանուն: Դաշտի տերերը հաշիվը բացեցին արդեն երրորդ րոպեին (աչքի ընկավ Կաստելենը), իսկ Ռուդ Վան Նիստելրոյը 34-րդ րոպեին այն կրկնապատկեց: Պարտությունը, անխոս, տխրեցնող է, սակայն ամենեւին էլ մեր ֆուտբոլիստներին արդարացնելու կամ պաշտպանելու մտադրություն չունենալով, նշենք, որ դա ինչ-որ տեղ նաեւ օրինաչափ էր, քանի որ մրցակիցը աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն էր, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման վերջին ցուցակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (Հայաստանը 120-րդն է): Հաղթանակից հետո Հոլանդիան պահպանեց 1-ին խմբի առաջատարի դիրքերը եւ շատ մոտ է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուն: Նույն օրը մեր խմբում Մակեդոնիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց Ռումինիային, իսկ Չեխիան հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ անցկացրեց Անդորրայի դարպասը: Հերթական տուրից հետո 1-ին խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ. Հոլանդիա 6 5 1 0 14-3 16 Չեխիա 6 5 0 1 14-5 15 Ռումինիա 7 4 1 2 12-8 13 Ֆինլանդիա 6 3 0 3 13-10 9 Մակեդոնիա 7 1 2 4 7-9 5 Հայաստան 7 1 1 5 4-15 4 Անդորրա 7 1 1 5 3-17 4 Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունիսի 14-ին: Այդ օրը մեր ընտրանին Երեւանում հյուրընկալելու է Մակեդոնիային, որին անցած տարվա օգոստոսի 18-ին նրա դաշտում զիջել է 0:3 հաշվով: Այդ խաղն անչափ կարեւոր նշանակություն է ունենալու մերոնց համար, քանի որ հաջողության հասնելու դեպքում Հայաստանը մրցաշարային աղյուսակում կշրջանցի Մակեդոնիային: Նախորդ օրը Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումը հոլանդացի իրենց հասակակիցների հետ ավարտվել էր 0:0 հաշվով: Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել