Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Ապրիլ 02,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Մենք համոզված էինք, որ Պարգեւն ու Վալերն օրթախ են, որովհետեւ Վալերը ոչ մի վայրկյան Պարգեւին մենակ չէր թողնում՝ նրա հետ էր ներսուդուրս անում, երեւի մտածելով, որ եթե Պարգեւին մենակ թողնի, մենք նրանից որեւէ կերպ մեր տանուլ տված փողերը հետ կստանանք: Համենայնդեպս, մենք էդպես էինք կարծում ու էդպես էինք մտածում ամենասկզբում՝ ընդհուպ էն պահը, երբ Պարգեւն ու Վալերն էլի մի քանի րոպեով անհետացան, ու մինչ նրանց վերադառնալը՝ մենք գրեթե համոզված էինք, որ չեն վերադառնա, որովհետեւ արդեն համոզված կարծում էինք, որ իրականում Պարգեւն ու Վալերը ոչ թե մեզ պես զինակոչիկներ են, այլ՝ խաբեբաներ ու ավանտյուրիստ գաստրալյորներ, եւ երբ Պարգեւն ու Վալերը մի քանի րոպե անց վերադարձան, մենք շատ զարմացանք եւ է՛լ ավելի զարմացանք, երբ նրանց հետեւից հայտնվեց մեր գնացքի ուղեկցողը՝ արծաթյա սկուտեղով, վեց բաժակ թեյով ու կարկանդակներով հանդերձ, ու «արծաթյա սկուտեղ» եմ ասում, քանի որ տեսարանը շատ նման էր Օստապ Իբրահիմովիչի՝ Չերնոմորսկից ուսանողների հետ գնացքով ու փողերով վերադառնալու տեսարանին, եւ, մինչ տուժածներս գլխի կընկնեինք՝ ինչ է կատարվում ու տեղի ունենում, Իբրահիմովիչի սարիթաղցի նմանակն իր շահած փողերից մեզ հինգական ռուբլի վերադարձրեց, ասելով, որ մնացած փողերը կվերադարձնի զորամասում՝ մեր համատեղ ծառայության առաջին իսկ օրը, եւ երբ կիրովաբադցի Վալոդը Պարգեւի խոստման առթիվ կասկած հայտնեց, ասելով ու բացատրելով, որ Նասոսնի կոչվող էդ վայրից զինակոչիկներիս միանգամայն տարբեր զորամասեր են ցրելու, Պարգեւի ու Վալոդի միջեւ լուրջ խոսակցություն սկսվեց: – Ապե՛ր, անունդ ինչ է՞ր,- Վալոդին հարցրեց Պարգեւը: – Վալոդյա,- ասաց Վալոդը: – Բաքվեցի ե՞ս,- Վալոդի խոսվածքից ենթադրեց Պարգեւը: – Կիրովաբադցի եմ,- ասաց Վալոդը: – Կիրովաբադցիների մեջ լիքը թասիբով տղերք կան,- ասաց Պարգեւը: – Ի տարբերություն բաքվեցիների,- խոսակցությանը խառնվեց Վալերը: – Ծնունդով մաքուր կիրովաբադցի եմ,- ասաց Վալոդը: – Ուրեմն, Վալոդ ջան,- ասաց Պարգեւը,- որ կիրովաբադցի ես, ինձ պտի որ ճիշտ հասկանաս: Էդ ձեր փողերն արդեն, փաստորեն, իմն են. կուզեմ՝ հետ կտամ, կուզեմ՝ չեմ տա: Պա՞րզ ա: – Բան չունեմ ասելու, Պարգեւ ջան. փողերը հետ տալու խոսակցությունը դո՛ւ բացեցիր, ոչ թե՝ ես,- ասաց Վալոդը: – Ես ոչ թե փողերը հետ տալու մասին խոսակցություն եմ բացել, այլ արդեն որոշ չափով հետ եմ տվել. կարայի, չէ՞, էդ հինգանոցներն էլ չտայի,- ինձ նայելով՝ հարցրեց Պարգեւը: – Հա, էդ փողերը, փաստորեն, արդեն քոնն էին,- ասացի ես: – Չորս հատ հինգ մանեթ փաստորեն արդեն հետ ա տվել, չհաշված՝ էս չայերն ու պեռաշկիները,- ասաց Վալերը: – Բան չունեմ ասելու,- ասաց Վալոդը: – Խի բան էլ պիտի ասեի՞ր,- գոռաց Վալերը: – Ի՞նչ պիտի ասեմ: Ասում եմ՝ Նասոսնիում իրարից բաժանվելու ենք. խի՞ իրար վատ հիշենք,- կմկմաց Վալոդը: – Վալոդ, չէ՞,- հարցրեց Վալերը: – Հա,- ասաց Վալոդը: – Վալոդ ջան, ախպե՛ր, որ կիրովաբադցի ես՝ միանգամից Կիրովաբադից կէթայիր Նասոսնի. իզուր տեղը խի՞ ես ճամփեդ էդքան երկարացրել: – Ես չորրորդ դասարանից Էրեւան եմ ապրում, գրանցումս էլ ա Էրեւանի, Էրեւանի էլ կոնսերվատորիան եմ ավարտել,- նեղացավ Վալոդը: – Կոնսերվատորիան շատ լավ ա. ի՞նչ ես նվագում,- հարցրեց Պարգեւը: – Իմ իսկական գործիքները պիստոնն ու տրուբեն են, բայց դուխավոյ ամեն ինչ էլ կարամ նվագեմ,- ասաց Վալոդը: – Փաստորեն, մուզիկանտ ես, ախպե՛ր,- ասաց Վալերը: – Փաստորեն՝ հա,- ասաց Վալոդը: – Փաստորեն, քու ծառայության պրոբլեմն արդեն լուծված ա. մուզկամանդում կնվագես,- ասաց Պարգեւը: – Երեւի,- ասաց Վալոդը: – Երեւի չի. կանսերվատորիա ավարտած մուզիկանտներն էդ Նասոսնիում թափած չեն,- ասաց Պարգեւը: – Հաստատ թափած չեն ըլնի,- ասաց Վալոդը: – Մեր գործն ա դժվար,- հոգոց հանեց Պարգեւը: – Ձեր հաշվով էլ մի բան պիտի մտածենք,- ասաց Վալոդը: – Մեր հաշվով ի՞նչ պիտի մտածենք,- հարցրեց Պարգեւը: – Ես էս ընթացքում, ճիշտն ասած, մտածում էի,- ասաց Վալոդը: – Ի՞նչ էիր մտածում,- հարցրեց Պարգեւը: – Մտածում էի՝ էս վեցս որ նույն չաստն ընկնենք, թորքի մեջ հեշտ կըլնի, մանավանդ որ՝ էրկուսդ էլ բաքսյոր եք: – Բաքսյորն ի՞նչ կապ ունի,- զարմացավ Պարգեւը: – Թորքը մենակ ուժից ա վախենում,- ասաց Վալոդը: – Թորքն ի՞նչ ա,- հարցրեց Վալերը: – Թորքը թուրքն ա, այսինքն՝ ադրբեջանցին,- բացատրեց Պարգեւը: – Ադրբեջանցին մեզ ի՞նչ պտի անի,- զարմացավ Վալերը: – Ոչ մի բան. որ միասին սպայկա ըլնենք, ոչ մի բան էլ չեն կարա անեն,- ասաց Վալոդը: – Ես էլ եմ էդ մտածում,- ասաց Պարգեւը.- քու ասած էդ Նասոսնիում ընենց պտի անենք, որ էս վեցիս չկարենան իրարից անջատեն: – Շատ ճիշտ ես ասում, Պարգեւ ջան,- ասաց Վալոդը: – Զոռով էլ ըլնի՝ պտի իրար կպած մնանք: Էս վեցիցս ով անջատվեց՝ քֆուր եմ դնում,- ասաց Պարգեւը: – Ձեր համար ենք ասում,- ասաց Վալերը.- ինձ ու Պարգեւին որ մնա՝ մենք սպորտռոտ էլ կարանք մտնենք: – Չէ՛, Վալե՛ր,- ասաց Պարգեւը,- ես ճշտել եմ. սպորտռոտում պարտիայի մեջ ընդունվելը շատ զոռ ա, համ էլ՝ բոքսը մեր համար ապագա չի: – Երեւի ճիշտ ես ասում,- ասաց Վալերը,- քու ասածները վերջում միշտ էլ ճիշտ են դուս գալի: – Տղերք, ես ուրիշ բան եմ մտածել,- ասաց Վալոդը: – Ի՞նչ ես մտածել, Վալոդ ջան,- հարցրեց Պարգեւը: – Մտածում եմ՝ էսքանով մի հատ մուզկամանդ չսարքե՞նք,- ասաց Վալոդը: – Այսինքն՝ ո՞նց,- զարմացավ Պարգեւը: – Հենց ըտենց,- ասաց Վալոդը: – Չեմ հասկանում, պա՛րզ խոսա,- ասաց Պարգեւը: – Չհասկանալու ի՞նչ կա. ասում եմ՝ Նասոսնիում մեզ որ հարցնեն, կասենք՝ էս սաղս մուզիկանտ ենք: – Բայց ոչ մեկս մուզիկանտ չենք, չէ՞,- զարմացավ Վալերը: – Ուրիշների անունից մի խոսա, Վալե՛ր. ես պուճուր վախտս ակարդեոնի եմ գնացել, նոտաները գիտեմ,- ասաց Պարգեւը: – Իսկ դո՞ւք,- մեզ հարցրեց Վալոդը,- մուզիկայից հեչ գաղափար չունե՞ք: – Չորս տարի դաշնամուր, մի տարի էլ իոնիկա եմ նվագել,- ասաց Ստյոպը: – Չտեսնված ա,- բացականչեց Վալոդը,- հետո հարցական նայեց մյուս Վալոդին,- դո՞ւ, ադա՛շ: – Ես կլարնետ քիչ ու միչ նվագում եմ, գործիքս էլ հետս վերցրել եմ. մտածում էի՝ պարապ վախտս կզբաղվեմ, բայց, ճիշտն ասած, մուզկամանդի հաշվով հեչ չէի մտածել,- ասաց ազատանցին: – Հրա՜շք,- գոռաց կիրովաբադցին: – Բայց, ճիշտը որ ասեմ, էդ դուխավոյ գործիքներից հեչ գաղափար չունեմ,- ասաց ազատանցին: – Ի՞նչ,- զարմացավ կիրովաբադցին,- ո՞նց թե՝ դուխավոյ գործիքներից գաղափար չունես: – Հենց ըտենց. կյանքիս մեջ դուխավոյ գործիք ձեռս առած չկամ: Բայց որ փորձեմ, երեւի մի բան ստացվի,- ասաց ազատանցին: – Էս մարդը լրիվ ցիրկ ա,- հռհռաց կիրովաբադցին: – Խի՞,- զարմացավ ազատանցին: – Ա՛յ ախպեր, դու խաբար չես, որ քո էդ կլարնետը հենց իմեննը դուխավոյ գործիք ա. առանց կլարնետի՝ ի՞նչ դուխավոյ արկեստր: – Հա՞,- զարմացավ ազատանցին: – Հա ու ջան,- ասաց կիրովաբադցին ու ավելացրեց.- փաստորեն մենք արդեն պատրաստի մուզկամանդ ենք. ինձ էլ թվում էր՝ զրոյից պիտի սկսենք: – Ես էլ եմ էրկու տարի երաժշտական գնացել. էրկու տարի դաշնամուրի եմ գնացել, բայց ոչ մի գործիք չեմ կարա նվագեմ,- ասացի ես: – Կապ չունի,- ասաց կիրովաբադցին,- նոտաները հիշում ես, չէ՞: – Հա,- ասացի ես,- էղած-չեղածը յոթ նոտա չի՞: – Կարեւորը նոտա իմանալն ա ու մեկ էլ սլուխը,- ասաց կիրովաբադցին: – Ես ոչ նոտա գիտեմ, ոչ էլ երեւի սլուխ ունեմ,- խեղճ-խեղճ ասաց Վալերը: – Քու գործն ամենահեշտն ա, Վալեր ջան,- ասաց կիրովաբադցին: – Ո՞նց,- զարմացավ Վալերը: – Թոքերդ առողջ են, չէ՞,- հարցրեց կիրովաբադցին: – Խաբար չեմ, ստուգել չեմ տվել: – Որ խաբար չես, ուրեմն՝ ամեն ինչ լավ ա,- ասաց Վալոդը: – Ո՞նց ա ամեն ինչ լավ,- չհասկացավ Վալերը: – Թոքերդ որ լավ են՝ դու բաս կփչես,- ասաց Վալոդը: – Բասը ո՞ր մեկն ա,- հարցրեց Վալերը: – Բասը ամենամեծ գործիքն ա,- բացատրեց Պարգեւը.- հեչ չես տեսե՞լ: – Երեւի տեսել եմ, բայց տեղը չեմ բերում,- ասաց Վալերը: – Պառադների վախտ տեսած կըլնես,- ասաց Պարգեւը,- բասը դուխավոյ արկեստրի ամենամեծ գործիքն ա: – Ամենամեծ ու ամենակարեւոր գործիքն ա,- ճշտեց Վալոդը: – Էդ բասի համար սլուխ պետք չի՞,- հարցրեց Վալերը: – Սլուխ հեչ չունե՞ս,- հարցրեց Վալոդը: – Չգիտեմ. ստուգել չեմ տվել,- ասաց Վալերը: – Ոնց էլ ըլնի՝ մի քիչ կունենաս,- ասաց Վալոդը: – Հաստատ չեմ կարա ասեմ,- ասաց Վալերը: – Դու սլուխ ունե՞ս, Արմո՛,- ինձ հարցրեց Պարգեւը: – Ստուգել չեմ տվել,- ասացի ես: – Էդ ինձ ե՞ս ձեռ առնում, արա՛,- գոռաց Վալերը: – Ձեռ առնելն ու հանաքն իրարից չես տարբերո՞ւմ,- Վալերին դիտողություն արեց Պարգեւն ու ավելացրեց.- Արմոն մետաքսեցի ա, համարյա զեմլյակ ա, մեզ ո՞նց ձեռ կառնի: – Եսիմ թե,- մրթմրթաց Վալերը: – Փաստորեն, սրանց մեջի անտաղանդները ես ու դու ենք, Արմո ջան,- ինձ ասաց Պարգեւը: – Բա ե՞ս,- զարմացավ Վալերը: – Քու թոքերն ուժեղ են. բասի իմաստով կարեւորը թոքերն են,- ասաց Պարգեւը: – Ձեր համար էլ մի բան կմտածենք, Պարգեւ ջան,- ասաց կիրովաբադցին.- Արմենն ու դու բալշոյ բառաբանն ու տարելկեքը կխփեք: – Էդ էր պակաս՝ ես բառաբան կամ տարելկա խփեմ,- նեղացավ Պարգեւը: – Դրանք ե՛ս կխփեմ,- ոգեւորվեցի ես: – Հա,- ասաց կիրովաբադցին.- վաբշե բառաբանն ու տարելկեքը նույն մարդն ա խփում. ես Պարգեւի համար էի ասում առանձին-առանձին խփեք, որ ինքն էլ զբաղմունք ունենա: – Ես պիոներ վախտս ճամբարում տրուբա փչել եմ,- ասաց Պարգեւը: – Հա՞,- ոգեւորվեց կիրովաբադցին, հետո ուշադիր նայելով Պարգեւին՝ ավելացրեց.- պռոշներդ ոնց որ տրուբի համար հարմար են: – Բա տրուբեն դո՛ւ չես փչելո՞ւ, Վալո՛դ,- հարցրեց Վալերը: – Մի արկեստրին մի տրուբեն քիչ ա. ես առաջին տրուբեն կփչեմ, Պարգեւը՝ երկրորդը,- ասաց Վալոդը: – Թեկուզ,- համաձայնվեց Պարգեւը: – Փաստորեն, սաղ հարցերը ոտի վրա լուծեցինք: Ամեն ինչ էդքան հեշտ որ ըլներ, էլ ի՞նչ դարդ ունեինք,- ասաց Վալերը: – Դժվար բան չկա. մի շաբաթվա մեջ ա՛յ ըսենց արկեստր կսարքենք,- բութ մատը վեր տնկելով՝ ասաց կիրովաբադցին,- մենակ թե՝ կարենանք սաղովս նույն չաստն ընկնենք: – Ես արդեն քֆուրը դրել եմ. ինչ էլ անեն՝ մեկս մեկիցս չպիտի պոկ գանք: Համ էլ՝ մեջներիցս ով որ ուրիշ չաստ պոկվավ, էդ «Սեկայի» փողերը թող սառուցին գրի,- ասաց Պարգեւը: – Ամենակարեւորն էն ա, որ էդ Նասոսնին մուզզվոդ ունենա,- ասաց Ստյոպը: – Էդ Նասոսնին չաստ չի, որ մուզզվոդ ունենա: Նասոսնին զբոռնի պունկտի պես տեղ ա. էդտեղից պրիզիվնիկներին ցրում են տարբեր չաստեր,- բացատրեց կիրովաբադցին: – Բա ո՞նց են որոշում՝ ում ինչ չաստ ուղարկեն,- հարցրեց Ստյոպը: – Չաստերի կամանդիրները կամ զամպալիտները գալիս են Նասոսնի, իրանց ինչ սալդատ որ պետք ա ըլնում՝ ջոկում-տանում են. մեկին մուզիկանտ ա պետք ըլնում, մեկին՝ շոֆեր, մյուսին՝ պովր, էն մյուսին՝ նկարիչ… – Նկարի՞չ,- արձագանքեցի ես: – Էդ խի՞ վեր թռար, Արմո՛. կարող ա՞ նկարելուց լավ ես,- հարցրեց Պարգեւը: – Էշը ցեխից կարամ հանեմ,- պատասխանեցի ես: – Արմոն էլ իրա հացը գտավ,- ասաց Վալերը: – Կարեւորը հացը գտնելը չի,- ասաց Վալոդը.- կարող ա նկարիչ ըլնես, բայց սաղ տարին ստարիկները քեզ ճնշած պահեն, չթողեն շունչ քաշես: Էլի եմ ասում. էս վեցս որ մի չաստ ընկնենք, մեր մազին կպնող չի ըլնի: – Ես արդեն քֆուրը դրել եմ,- ասաց Պարգեւը:- Վալո՛դ, ասում ես՝ կամանդիրները գալիս են, էդ Նասոսնիից սալդատ են ջոկում, հա՞: – Հա՛, Պարգեւ ջան, ըտենց ա,- ասաց կիրովաբադցին,- ես էս բաներն ինձանից չեմ հնարում. հորոխպորս տղուն իրեք տարի առաջ հենց էդ Նասոսնիից են տարել: – Ո՞ւր են տարել,- հարցրեց Վալերը: – Հորոխպորս տղեն էլ ա մուզիկանտ, ալտ ա փչել. էրկու տարի Բաքվի Սալյանսկի կազարմում իրա քեֆին կերել-խմել ու ֆռֆռացել ա: – Քֆուրն արդեն դրած ա,- Պարգեւը նայեց ժամացույցին, ասաց.- արդեն ժամը իրեքն ա գալի: Երեւի մի քիչ քնենք. վաղը շատ ծանր օր ա ըլնելու: – Իրար հետ որ չէղանք, մեր սաղ ծառայությունն ա շատ ծանր ստացվելու, մանավանդ որ, ինչքան զգում եմ, էս տարի շատ ցուրտ ձմեռ ա անելու,- ասաց Վալոդը: – Հա՛, հըլը աշուն ա, բայց ոնց որ իսկական ձմեռ ըլնի,- ասաց Ստյոպը: – Աշուն չի, Ստյոպ ջան,- նորից ժամացույցին նայելով՝ ասաց Պարգեւը,- արդեն էրկու ժամ քառասուն րոպե ա՝ դեկտեմբերի մեջ ենք: Խոսալով ընկանք ու չիմացանք, որ ձմեռն արդեն էկել ա: Արդեն քանի տարվա բանաստեղծ եմ, բայց հիմա եմ միայն հասկանում, որ գրողի հետ հաճախ էնպիսի անհասկանալի ու անբացատրելի բաներ են կատարվում ու տեղի ունենում, որ եթե դրանք անձամբ ինձ հետ կատարված ու պատահած չլինեին, դժվար թե հավատայի, որ էս կյանքում կարող են նման բաներ տեղի ունենալ ու կատարվել: Ահա հենց հիմա՝ հենց էս պահին էդ անհասկանալի ու անբացատրելի պահերից մեկն է, եւ հիմա՝ հենց էս պահին մեր ներկայիս կյանքում ու իրականության մեջ երկու հազար չորս թվականի դեկտեմբերի մեկի ամենաառաջին ժամերն են ընթանում, այսինքն հիմա՝ հենց էս պահին մեր պատի ժամացույցը նույն ժամն է ցույց տալիս, որ ցույց էր տալիս Պարգեւի ժամացույցն այն պահին, երբ վեց զինակոչիկներս որոշեցինք քնել եւ մի քիչ հանգստանալ ամեն ինչից, եւ օրն էլ նույն օրն է՝ դեկտեմբերի լույս մեկի գիշերը, ու, թեկուզեւ ցրտի տեսակետից, էն ու էս դեկտեմբերի մեկերն իրար շատ էլ նման են, էն տարբերությամբ, որ էն նոյեմբերը տաք էր ու միայն նոյեմբերի ամենավերջին օրն սկսեց ցրտել, իսկ էս նոյեմբերին լավ էլ ցուրտ ու նույնիսկ ձյուն արեց, եւ հիմա նոր-նոր սկսում է մի քիչ տաքանալ, ու դա է պատճառը, որ ես հիմա՝ հենց էս պահին ոչ թե տաք վերմակի տակ եմ պատսպարվել, այլ ճաշասենյակում նստած՝ վերջացնում եմ էս էջը, ու էս էջը բացառիկ է ոչ միայն էն իմաստով, որ, փաստորեն ու միանգամայն պատահականորեն, ներառում է ուղիղ երեսուն տարի առաջվա էս նույն օրվա ու էս նույն ժամի վեց զինակոչիկներիս խոսակցությունները, այլեւ էն իմաստով, որ ես սովորաբար գիշերները տող անգամ չեմ գրում, եթե նույնիսկ էդ ժամին գլուխս լեփլեցուն է լինում հույժ կարեւոր ու արժեքավոր մտքերով: Եվ հիմա, երբ վեց զինակոչիկներիս պառկեցրի քնելու, իմ հիմիկվա արթուն մնալն էլ է արդեն անիմաստ դառնում, մանավանդ որ, հուսով եմ, վաղը միանգամայն նոր օր է բացվելու ոչ միայն էնտեղ՝ հեռավոր յոթանասունչորսի մեր մշուշապատ գնացքից անդին, այլեւ էստեղ՝ երկու հազար չորսի էս հետզհետե տաքացող դեկտեմբերի մեջ: Ձմեռը ձմեռ պիտի լինի, աշունն էլ՝ աշուն, որ էս կյանքից բան հասկանաս: Ձմեռը չպիտի՛ դեկտեմբերից շուտ սկսվի ու փետրվարից ուշ ավարտվի, այսինքն՝ մեր ձմեռները չպիտի կայանան ու իրականանան մեր աշունների ու մեր գարունների հաշվին, ու ես, որ էս պահին ասում եմ՝ ձմեռը չպիտի՛ էսպես ու էնպես լինի, շատ լավ էլ գիտեմ, որ իմ կամ ձեր ցանկությամբ չի էս ամենը կատարվում ու տեղի ունենում, եւ հաճախ հակառակն էլ է պատահում ու տեղի ունենում, այսինքն՝ լինում է նաեւ, որ մեր աշուններն ու գարունները երկարում են հենց մեր ձմեռների հաշվին, եւ դա, իհարկե, մեզ համար լավագույն տարբերակն է մանավանդ մեր էս ներկայիս կյանքում, երբ հետեւողականորեն ու անշեղորեն բարձրանում են էլեկտրաէներգիայի սակագները, բայց նույնիսկ մեր օրերում, երբ մեր գարուններն ու մեր աշունները երկարում են մեր ձմեռների հաշվին, մենք առանձնապես շնորհակալ չենք լինում մեր իսկ Աստծուց, որովհետեւ էդ՝ մեզ համար լավագույն տարբերակի դեպքում համարում ենք, որ հենց էդպես էլ պիտի լիներ, իսկ էն դեպքերում, երբ մեր ձմեռները մեր աշունների ու մեր գարունների հաշվին մի քիչ երկարում են, մենք ի խորոց սրտի ընդվզումի ու դժգոհության խոսքեր ենք հղում առ մեր մինուճար Աստված, եւ մեր Աստվածն իսկապես մեր ձեռը կրակն է ընկել, որովհետեւ մեզանից ընդվզումի ու դժգոհության խոսքեր ինչքան ասես եւ երբ ասես լսում է, իսկ երախտիքի ու երախտագիտության որոշ հնչերանգներ լսում է միայն պատարագների ժամանակ եւ այն էլ գրաբարով, որը ո՛չ Իրեն է հասկանալի եւ ոչ էլ՝ արդեն մեզ: Հասկանալի է, որ էս ամբողջ ասվածն առանձնապես հայերիս է վերաբերում, ընդ որում՝ առանձնապես ու հատկապես հայաստանաբնակ հայերիս, որովհետեւ ռուսաստանաբնակ հայը վաղուց ի վեր վարժված է, որ գարունն ու աշունը մշտապես պիտի ձմռան հաշվին կրճատվեն, կամ, ասենք, բեյրութահայն ընդհանրապես ձմռան հետ դեմ առ դեմ չի հանդիպում, եւ միայն հայաստանաբնակ հայն է մշտապես ու հավասարապես դժգոհում թե՛ շոգերից եւ թե՛ ցրտերից, եւ միայն հայաստանաբնակ հայն է հեռուստացույցով եղանակի տեսությունը դիտելիս խորապես նեղսրտում, որ, չնայած ինքը հարավցի է, ու ողջ աշխարհն էլ հարավցու մենթալիտետը մեծահոգաբար իրեն է շնորհել, բայց, այդուհանդերձ, դեկտեմբերին ու հատկապես ծննդյան տոներին Փարիզում կամ, ասենք, Բեռլինում շատ հաճախ ավելի տաք է լինում, քան էստեղ՝ Երեւանում, էլ չենք խոսում վերոնշյալ էդ քաղաքների լուսավորության ու էդ քաղաքներում ապրող մարդկանց անհոգ կյանքի մասին՝ մեր էս դարդոտ կյանքի համեմատությամբ: Եվ ահա՝ հազար ինը հարյուր յոթանասունչորսի դեկտեմբերի մեկի առավոտն ավելի քան ցուրտ ու ավելի քան անհեթեթ էր, որովհետեւ ես քուն էի մտել մթի ու անորոշության մեջ եւ արթնացել էի ստույգ Ադրբեջանում, եւ ցուրտն իմ ողջ ներսն ու նաեւ գրպաններս էր թափանցել, որովհետեւ, ի տարբերություն Պարգեւի գրպանների, իմ գրպանները դափդատարկ էին, եւ Պարգեւի վերադարձրած հինգանոցն ամենեւին էլ մխիթարանք չէր, ու, չնայած իմ իսկ կամքով էի էդ ճանապարհը մյուս բոլոր ճանապարհներից նախընտրել, ինձ միանգամայն անտեր ու անօգնական էի զգում, որովհետեւ, ի տարբերություն բեյրութահայերի, ամերիկահայերի եւ այլ հայերի, մենք հայաստանցի հայեր էինք, եւ հենց մե՛զ էր վիճակված Ադրբեջանում ծառայել: Այդուհանդերձ, ես չէի փոշմանել. չէի փոշմանել, որ լքել եմ ծնողներիս ու հարազատներիս, ընկերներիս ու Բենիամինին, Երեւանն ու Աստղիկին, Լենուղին եւ, վերջապես, հայրենիքս: Չէի փոշմանել, որովհետեւ փոշմանելն ինքնին մտածելու հետեւանք ու արդյունք է, իսկ էդ ցուրտ ու մառախլապատ առավոտյան իմ գլխում ընդամենը մի միտք կար. հիմա տղերքը կզարթնեն, ու մենք միասին կմտածենք: Առաջինն ազատանցի Վալոդը զարթնեց, եւ դա արդեն հույս էր, եւ, չնայած ազատանցին չէր խոսում, բայց նրա արթուն գոյությունն արդեն իսկ ապացույց էր, որ միանգամայն նոր օր է սկսվում, ու արդեն ազատանցու արթուն գոյության առկայությամբ ուղեղս, փաստորեն, վերստին սկսեց աշխատել, բայց էլի ոչնչի համար առանձնապես չէի ափսոսում կամ փոշմանում, չնայած արդեն ի վիճակի էի մտածել ու պատկերացնել, որ բանասիրականի իմ ընկերները, բանակից ու էս անհասկանալի ճամփորդությունից խուսափելով, արդեն հարմարավետ ծվարել են Հայաստանի դաշտային, լեռնային ու հատկապես բարձրլեռնային գյուղերում՝ իբրեւ լեզվի ու գրականության ուսուցիչներ, իսկ ես, որ մի տարի առաջ արդեն ծվարած էի Արարատյան դաշտի ամենահարուստ ու ամենահարմարավետ սովխոզներից մեկում ու արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել էի ուսուցչության առաջին օրերի բոլոր դժվարություններն ու բարդությունները, յոթանասունչորսի դեկտեմբերի մեկին ահա զինակոչիկ էի ու մեր ընդհանուր վագոնի ընդհանուր անորոշության մեջ արթնացել ու սպասում էի Պարգեւի ու մյուսների արթնանալուն եւ չնայած դեռեւս չգիտեի, որ նույն էդ օրվա երեկոյան հայտնվելու եմ Սումգայիթ կոչեցյալ քաղաքին մերձ անմարդաբնակ տարածքներից մեկի հույժ գաղտնի համարվող զորամասերից մեկում, բայց արդեն իսկ անհանգիստ էի զարթնել ու եթե նախօրոք իմանայի էլ, թե ուր ենք հանգրվանելու յոթանասունչորսի դեկտեմբերի մեկի ուշ երեկոյան, դրանից անհանգստությունս ոչ ավելանալու եւ ոչ էլ պակասելու էր, որովհետեւ յոթանասունչորսի դեկտեմբերի մեկին Սումգայիթն ինձ ու մեզ դեռեւս ոչինչ չասող մի բառ էր, եւ Ադրբեջանը, Բաքուն ու Նասոսնին արդեն իսկ հերիք էին, որ անհանգստությունս գնալով բորբոքվեր ու սաստկանար, մանավանդ որ՝ իմ նոփ-նոր ժամացույցով արդեն տասն անց կես էր, բայց դեռեւս միայն ես ու ազատանցին էինք զարթնել, ու չնայած ազատանցին դեռեւս «բարլուսից» բացի այլ բառ չէր արտաբերել, այդուհանդերձ, իր արթուն վիճակի առկայությամբ արդեն ես մտածելու ու հիշելու բավական հաջող փորձեր էի անում, չնայած էդ նոփ-նոր ժամացույցի սլաքները չափազանց դանդաղ էին առաջանում, ու էդ ժամացույցն իմ կյանքի թվով երկրորդ ժամացույցն էր, բայց առաջինի պես միայն տագնապ էր սկսել հարուցել՝ շարունակաբար ցույց տալով եւ հիշեցնելով ճշգրիտ ու վերջնական ժամը, ու եթե առաջինն առաջին կուրսի ամառային արձակուրդներին Զովունի սովխոզում ու Ամոյի գյուղում շինարարության վրա էի վաստակել, ապա էս երկրորդը բանակ գնալուս կապակցությամբ հայրս էր առել, ու իմ միջնեկ քեռի Ֆրեդը զոռով թեւիս կապեց, որովհետեւ ինքն արդեն ամբողջ երեք տարի Մուրմանսկում ծառայել-պրծել էր, ու իր կարծիքով՝ բանակ տեղում առանց ժամացույցի նույնքան անհնար էր, որքան, ասենք, առանց պարտյանկայի, բայց իմ էս ժամացույցն իր տեսքով իմ էն ժամացույցին չէր հասնի, ու իմ էն առաջին ժամացույցը թիթիզ-թիթիզ ու հաճույքով կապեցի էնքան ժամանակ, մինչեւ վերջնականապես հասկացա ու պարզեցի, որ իմ էդ ժամացույցն ինձ մի գլուխ ստուգարքներիս ու քննություններիս ժամերն է հիշեցնում ու ցույց տալիս, ու ես յոթանասուներկուսի ամռանը Յալթայում գերագույն հաճույքով ու քսանհինգ ռուբլով այն վաճառեցի մի հրեա ժամագործի, որովհետեւ Յալթայում իմ ու Ժիրոյի փողերը մի անգամ եւս հանկարծակի պրծան, ու ես, էդ առաջին ժամացույցս ցուցադրաբար ու գոհունակությամբ ծախելով, հատկապես Ժիրոյին էի ուզում օրինակ ցույց տալ, եւ իմ օրինակը վարակիչ էր, ու հրեան Ժիրոյինն էլ հաճույքով առավ, ու Ժիրոյի էդ ժամացույցն էլ ճիշտ ու ճիշտ իմինից էր ու նույնպես Զովունու ու Ամոյի գյուղի շինարարության շնորհիվ էր ձեռք բերվել, եւ ես Ժիրոյի ու Ժիրոյի պռարաբ եղբոր շնորհիվ էի էդ, ուրեմն, շինարարության մեջ հայտնվել, ու, մինչ սվաղչիներն ու պատշարները ռիսկ կանեին Ժիրոյի պռարաբ եղբորը բացատրել, որ ես ու Ժիրոն միանգամայն ավելորդություն ենք էդ, ուրեմն, շինհրապարակում, արդեն մեր շինարարությունում գտնվելուց ամբողջ տասնհինգ օր անցել էր, եւ Ժիրոյի եղբայրը շուտափույթ մեզ մեր տասնհինգ օրերի համար հարյուրական ռուբլի վճարելով՝ պարզապես խնդրեց այլեւս չհայտնվել իր ու իր արհեստավորների տեսադաշտում, եւ ես ու Ժիրոն էդ մեր առաջին աշխատավարձերով մեկական ժամացույց առանք եւ, քանի որ մեր թոշակներից էլ արդեն որոշակի հետ գցած ունեինք, մի քանի օր անց նոփ-նոր ժամացույցներս թեւներիս՝ ճանապարհվեցինք Գագրա, եւ դա յոթանասունմեկի օգոստոսն ու մեր առաջին ծովափնյա հանգիստն էր, եւ «հանգիստ» եմ ասում, որովհետեւ էդ տարի ես ու Ժիրոն իսկապես բավարարված ու հանգստացած վերադարձանք Երեւան, քանի որ երկուսս էլ մեր կյանքում առաջին անգամ յոթանասունմեկի էդ օգոստոսին աղջիկ տեսանք, եւ «աղջիկ» էլ որ ասում եմ, երեսունն ահագին անց երկու ընկերուհիներ էին, որոնց անուններն անամոթաբար չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ես ու Ժիրոն էդ մի շաբաթվա ընթացքում մասամբ յուրացնելով երկու ընկերուհիների բազմամյա փորձը՝ տղամարդավարի ու տղամարդ դարձած վերադարձանք Երեւան, ու Երեւանում արդեն ոչ միայն մեր թեւերի ժամացույցներն էին փայլում, այլեւ լիարժեք կյանք տեսած մեր աչքերը: Գլուխ տասներորդԳլուխ տասնմեկերորդԳլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել