Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ

Ապրիլ 22,2005 00:00

ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՆ ԱՐԴԵՆ ՇԱՏ ՈՒՇԱՑԱԾ Է «Արդյոք Հայաստանը պե՞տք է ընդունի Թուրքիայի առաջարկը՝ հանձնաժողով ստեղծելու եւ ցեղասպանության հարցը քննարկելու մասին»: Մեր այս հարցին պատասխանում են Ցեղասպանության 90-ամյակի առթիվ կազմակերպված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» խորագրով համաժողովի մասնակիցները: Կլոդ Մութաֆյան, Ֆրանսիա- Պետք է նախ ճշգրիտ վերլուծել, թե ի՞նչ ձեւով է լինելու դա: Երկու վարկած կա. կամ կփորձեն քննարկել՝ եղե՞լ է ցեղասպանություն, թե՝ ոչ, կամ՝ ի՞նչ ձեւով այս պատմությունը տեղի ունեցավ: Եթե առաջին հարցադրումը պիտի անին, ապա՝ միանշանակ դեմ եմ, այդ քննարկումը անիմաստ կլինի, որովհետեւ կնշանակի, որ ինչ-որ կասկած կա: Իսկ եթե երկրորդ տարբերակը լինի՝ համաձայն եմ: Վահան Փափազյան, Հայաստան – Չէ, իհարկե: Նախ, այդ առաջարկը շատ ուշացած է, դա պիտի մի 40 տարի առաջ լիներ, եւ դեռ այն ժամանակ էլ, ես վստահ չեմ, որ իմաստ ուներ պատմաբանների մակարդակով քննարկում անել: Թուրքիան բաց է թողել պատեհ առիթը: Ես նկատի ունեմ ՀՀ անկախության առաջին տարիները: Հայաստանի 1-ին, հիմնադիր իշխանությունները Թուրքիային ընձեռել էին այդ հնարավորությունները: Հնարավոր էր մեղմ ճանապարհով, այդ շրջանում, օգտվելով ՀՀ անկախանալու առիթից, սկսել եւ կարգավորել նորմալ հարաբերություններ: Թուրքիան ձեռքից դա բաց թողեց: Իսկ հիմա արդեն մի քիչ դժվար եմ պատկերացնում այդ ամենը: Ի՞նչ պիտի անի Հայաստանը, ինչո՞ւմ ընդառաջ գնա՝ չեմ տեսնում: Իսկ միջազգային ճնշումներից որեւէ բան ակնկալելն անիմաստ է: Արա Պապյան, Հայաստան- Եթե նկատի ունեն քննարկում այն մասին՝ եղե՞լ է ցեղասպանություն, թե՝ ոչ, ապա կարծում եմ, որ պետք չէ ընդունել առաջարկը, որովհետեւ չեմ կարծում, թե որեւէ խելամիտ մարդ Եվրոպայում կնստի եւ կքննարկի՝ եղե՞լ է Հոլոքոստ, թե՝ ոչ: Ինքնին այն փաստը, որ գրեթե 2 մլն-անոց հայ համայնքից այսօր Թուրքիայում մարդ չկա, վկայում է, որ եղել է ցեղասպանություն: Բայց երկխոսություն տարբեր մակարդակներով պետք է անպայման ծավալել, որովհետեւ թուրքական հասարակությունը բնավ պատրաստ չէ, եւ անտեղյակ է ցեղասպանությանը: Ցանկալի է, որ նախապատրաստական աշխատանքներ լինեն հասարակական կազմակերպությունների միջեւ, իսկ ապա նաեւ՝ պետության ներգրավմամբ: Մեր սկզբունքը միշտ եղել է՝ պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որովհետեւ դրանց հաստատումը կլիներ երկխոսության առաջին լուրջ հնարավորությունը: Ռուբինա Փիրումյան, ԱՄՆ- Իմ կարծիքով, չպիտի ընդունի, որովհետեւ այդ ամենը Թուրքիայի կողմից խաղ է, որով փորձում է ցույց տալ ԵՄ-ին, թե իրենք ինչ-որ քայլեր անում են, որպեսզի երկխոսություն լինի, եւ իրենք ազատ ու բաց են: Մինչդեռ սա ծուղակ է, եւ մենք շատ անգամ ենք այդ ծուղակի մեջ ընկել, եւ ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը հիմա չի ընկնում այդ ծուղակը: Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստան- Իմ կարծիքով՝ բացարձակ ոչ: Այդ առաջարկը նշանակում է, որ Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը, ուղղակի մի քիչ ավելի նոր ձեւերով: Ես ոչ մի անհրաժեշտություն չեմ գտնում, որ ստեղծվի որեւէ գիտական հանձնաժողով՝ եղած փաստը քննելու համար: Մարինե Պետրոսյան, Հայաստան- Հարցը քաղաքական բնույթ ունի, բայց ես քաղաքական գործիչ չեմ, եւ այդ հարցին չեմ պատասխանի, կասեմ միայն, որ նախ պետք է մշակութային, հասարակական բնույթի, ավելի բնական մակարդակով հարաբերությունները շատ զարգանան, որից հետո կտեսնենք արդեն, թե քաղաքական առումով ինչի կհասնենք: Ես, օրինակ, փնտրում եմ կապեր արվեստագետների, հասարակ մարդկանց, մտավորականների հետ, եւ այդ կապերն ինձ համար միշտ ավելի հրապուրիչ են: Եթե նույնիսկ դժվար է լինում խոսակցությունը, միեւնույն է, ես միշտ փնտրում եմ: Ժիրայր Լիպարիտյան, ԱՄՆ-Սկզբունքորեն երկխոսությունը վատ բան չէ: Միայն մեկ պրոբլեմ կա՝ այն ձեւով, որ Թուրքիան է առաջարկել, դա չի գործի: Այսինքն, Թուրքիայի առաջարկն այն է՝ մենք որոշենք, թե ով պիտի որոշի պատմությունը: Ամենալավ բանը, որ Թուրքիան կարող է անել՝ այդ գործով չզբաղվելն է, թույլ տա, որ պատմաբանները զբաղվեն: Բայց որ կարելի է ստեղծել ինչ-որ աշխատանքային խումբ, ինչ-որ կոմիսիա, որը շատ ավելի հստակ եւ իրագործելի աշխատանքով կզբաղվի՝ դա կարելի է պատկերացնել: Իմ կարծիքով՝ պետք չէ «ոչ» ասել, բայց պետք է ասել, որ համաձայն ենք՝ եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, ճիշտ նպատակներ դրվեն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել