Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻ. «ԲԱԶԵՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ «ԷԼԵԿՏՐԻԿՆԵՐԻ»

Ապրիլ 28,2005 00:00

Դաշնակցականները երդվում են մաուզերի, «նժդեհականները»՝ «դոլգորուկիների» գերեզմանոցի, իսկ էլեկտրիկները՝ ՄԻԳ ինքնաթիռի վրա:

Ալավերդի քաղաքում ծավալվող քաղաքապետի ընտրությունները զավեշտական զարգացումներ են արձանագրում: Հիշեցնենք, որ այս ընտրություններում բացի գործող քաղաքապետ Սարիբեկ Օհանյանից, առաջադրված է եւս երեք թեկնածու: ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցությունն աջակցում է հանրապետական-բազեական Էդիկ Սերիմազանովին: Ի դեպ, ասում են, որ վերջինիս թեկնածության «կնքահայրը» կենսաթոշակային հիմնադրամի նախագահ, երիտասարդ հանրապետական Վազգեն Խաչիկյանն է: Մյուս թեկնածուին՝ Ալավերդիի էլցանցի պետ, Հյուսիսային համալսարանի ուսանող Արթուր Նալբանդյանին սատարում են Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Առաջադրված չորրորդ թեկնածու Ռուբիկ Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել հօգուտ հանրապետական թեկնածուի, ու քանի որ Պապոյանին ինքնաբացարկից առաջ աջակցում էին «ԷյԹիՓի» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանն ու ՕԵԿ-ը, ուստի պետք է արձանագրել, որ այս ընտրություններում ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միասնական «ճակատով» են գործելու:

Որ այդ ընտրությունների քարոզարշավը շիկացած մթնոլորտում է անցնելու, հստակ էր՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն ընտրություններում տարբեր ճամբարներում հայտնված իշխանական օղակներն աշխատեցնելու են իրենց վարչական եւ տնտեսական ռեսուրսները: Բայց որ նախընտրական քարոզարշավը Ալավերդիում վերածվելու է իսկական կրկեսի՝ դժվար կլիներ գուշակել: Բանն այն է, որ այս երեքշաբթի, թերեւս ապրիլի 23-ին Երեւանում կազմակերպված ջահերով երթի տպավորության տակ, Ալավերդիում էլ ավելի քան երկու տասնյակ երիտասարդ «նժդեհականներն» ու «բազեականներն» օրը ցերեկով ջահերով երթ էին կազմակերպել եւ հավաքվել Սանահին գյուղի եկեղեցու՝ «դոլգորուկիների» ասորական գերեզմանոցում եւ երդվել, որ պայքարելու են իրենց թեկնածուի վերջնական հաղթանակի համար: Հետո երթի մասնակիցները շարժվել էին դեպի Ալավերդիի քաղաքապետարանի շենք եւ որպես Էդ. Սերիմազանովին սատարելու վկայություն՝ այրել մրցակից թեկնածուին սատարող Լոռու մարզպետի՝ նախապես իրենց հետ վերցրած դիմանկարները:

Մարզպետի սատարած թեկնածուի՝ էլցանցի պետ Ա. Նալբանդյանի կողմնակիցներն էլ, պարզվում է, երեւակայությունից զուրկ մարդիկ չեն: Երեկ նրանք էլ պատասխան երթ էին կազմակերպել, որին քաղաքային ֆոլկլորը հասցրել է անուն տալ՝ «էլեկտրիկների երթ»: Նրանք էլ են գնացել Սանահին գյուղ, բայց ոչ թե գերեզմանատան, այլ Անաստաս Միկոյանի տուն-թանգարանի մոտ կանգնեցված ՄԻԳ ինքնաթիռի մոտ երդվել, որ վարչապետից չեն վախենում եւ պայքարելու են մինչեւ վերջ: Բարեբախտաբար, այս դեպքում բանը վարչապետի լուսանկարները վառելուն չի հասել:

Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Ս. Օհանյանին աջակցող խմբերի ակցիաներին, ապա՝ նման տեղեկություններ մեր աղբյուրները չունեին, հավանաբար այն պատճառով, որ նրանց դիտարկմամբ՝ «էդ քաղաքում երեւի ամենաանտեր մարդը քաղաքապետն է»:

Տեղական կոլորիտի իմաստով հետաքրքրություն է ներկայացնում Ալավերդիի դատախազ Կիրակոսյանի գործունեությունը։ Պարոն Կիրակոսյանը, ըստ այդմ, զբաղված է Արագած լեռան շուրջ շուրջպարի կազմակերպչական աշխատանքներով: Դատախազության աշխատակիցները շուրջպարի պաշտոնական բլանկի վրա պարտավորվել են 1700 ալավերդցիների ցուցակագրել: Ընդ որում՝ ցուցակագրվածներին պետք է տեսակավորել ըստ աղջիկների՝ 150 հոգի, կանանց՝ 150 հոգի եւ տղամարդկանց՝ շուրջ 800 հոգի: Ցուցակագրողները մարդկանց հատուկ բացատրում են, որ իրենց տարիքն ու աղջիկ կամ կին լինելու հանգամանքը, ծննդյան տարեթիվը ցուցակում ճիշտ նշեն (չնայած այդ տվյալներից մի քանիսի իսկությունը ստուգել բավականին դժվար է)։ Խնդիրն այն է, որ շուրջպարը գրանցվելու է Գինեսի գրքում ու եթե հանկարծ պարզվի, որ ցուցակները չեն համապատասխանում իրականությանը՝ կպատժվեն:

Ըստ մեր աղբյուրների, պարոն Կիրակոսյանին հանձնարարված է նաեւ գնել 35 դմակավոր ոչխար, 20-25 սեւ ոչխար, որովհետեւ դրանց միսը, ինչպես հայտնի է, ավելի համեղ է, ապահովել 20 լիտր տանձի եւ 10-15 լիտր սալորի օղի: Բացի սեւ ոչխարներից, որոնք գնելու համար պետք է հասնել Բագրատաշեն եւ հայթայթել ադրբեջանցիներից, մնացածը հանձնարարված է ապահովել գյուղապետերին:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել