Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ

Հունիս 17,2005 00:00

ԻՍԿ Ե՞ՐԲ ԵՆ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՏԵՂԵՐԸ «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունները չեն շտապում բաժանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դաշինքին հատկացված տեղերը: «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքն արդեն հունիսի 20-ին ուժի մեջ կմտնի: Իսկ ԸՕ փոփոխությունները նախատեսում են մասնավորապես ընտրական հանձնաժողովների վերակազմավորում՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մինչեւ ընտրատարածքային եւ տեղամասային հանձնաժողովներ: Ըստ այդմ, հունիսի 20-ից սկսած 30-օրյա ժամկետում նախ պետք է վերակազմավորվի ԿԸՀ-ն՝ ամենաուշը մինչեւ հուլիսի 20-ը, իսկ վերջինիս կազմը հաստատվելուց հետո եւս 30 օրվա ընթացքում (մինչեւ օգոստոսի 20-ը)՝ նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, որոնք էլ, մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը, կսպասարկեն առաջիկա ՏԻՄ եւ այլ մակարդակներում հնարավոր բոլոր ընտրությունները: Եվ եթե ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային հանձնաժողովները ձեւավորող խորհրդարանական կոալիցիան որեւէ խնդիր չունեն նշանակումների իմաստով, ապա այլ է վիճակը «Արդարություն» դաշինքում, որը ստիպված է դաշինքին վերապահված մեկական անդամների տեղերը բաժանել դաշնակից կուսակցությունների միջեւ: 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Արդարությունը» փորձել էր ընտրական հանձնաժողովներում իր տեղերը արդար բաժանել: Ըստ այդմ, թվով 56 ԸԸՀ-ներից 25-ում նշանակվել էին ՀԺԿ-ի ներկայացուցիչները, 20-ում՝ «Հանրապետություն» կուսակցության եւ մնացած 11 տեղերը բաժանվել էին մյուս կուսակցությունների միջեւ. ԱԺՄ՝ 4 տեղ, ՍԻՄ՝ 1, ԱԺԿ, ԱԺԴ, ՀԴԿ՝ երկուական անդամներ: Հայ արդի իրականության մեջ ընտրությունների արդյունքների վրա ընտրական հանձնաժողովների դերի մասին խոսելն ավելորդ է: 2003-ի խորհրդարանական ընտրություններից հետո տեղի ունեցած տարբեր մակարդակների ընտրությունների ժամանակ միշտ խոսվել ու գրվել է հանձնաժողովներում «տեղեր ծախելու» մասին: Վերջին մի քանի ՏԻՄ ընտրություններում նման խոսակցությունների առանցքում հայտնվեցին ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր «Ազգային միաբանությունը» եւ «Արդարություն» դաշինքը: ՀԺԿ-ում, սակայն, պարզվում է գոհ են ե՛ւ ԿԸՀ-ում իր տեղը պահպանած Ֆ. Խաչատրյանի, ե՛ւ ընտրատարածքներում ներկայացված իրենց հանձնաժողովականների աշխատանքներից: Ինչ վերաբերում է ԸԸՀ-ներում քվոտաների բաշխմանը, ապա ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց. «Տեղերը բաժանողը մեր կուսակցությունը չէ: Մենք դաշինքի անդամ ենք եւ դաշինքով էլ կորոշենք այդ հարցը. դրանում խնդիր չեմ տեսնում: Մինչ այս՝ նման հարցերը լուծվել են, եւ կարծում եմ՝ էլի կլուծվեն»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի ասելով՝ դաշինքն առայժմ միայն հաստատել է ԿԸՀ անդամին. «Մնացածի մասին խոսելը դեռեւս վաղ է, եւ այդ հարցը քննարկելու առաջարկություն չի եղել, ուստի՝ պատրաստ չեմ այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»: Ինչ վերաբերում է դաշինքի տեղերի «առուծախին», ապա պրն Խաչատրյանի համոզմամբ՝ «դա տեղի ունեցավ ընդհանուր խառնաշփոթի ժամանակ, երբ ամբողջ երկիրն էր խառնված, թեեւ այդ տեղեկությունների մեծ մասը ճշտելուց հետո պարզվեց, որ իրականությանը չեն համապատասխանում: ՍԻՄ-ը ԸԸՀ-ներում ընդամենը մեկ տեղ ունի, իսկ տեղամասային հանձնաժողովների ձեւավորմանը մենք գրեթե չենք մասնակցել. ընդամենը եղել ենք մեզ առաջարկված թեկնածուներին հաստատողի դերում եւ նման դեպքերում մենք հեշտությամբ համաձայնել ենք մեր ունեցած տեղերը տալ»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ կարծիք հայտնեց, թե քվոտաների հարցը դաշինքում չի քննարկվել, որովհետեւ տեղական ընտրությունները իրենց առանձնապես չեն հետաքրքրում. դրանք ավելի շատ իշխանական թեւերի պայքար են, քան՝ ժողովրդի կամ ընդդիմության: «Ինչ վերաբերում է ԱԺՄ-ի՝ ԸԸՀ-ներում ներկայացված հանձնաժողովականների աշխատանքին, ապա՝ մի բան հաստատ կարող եմ ասել. 1990թ.-ից ի վեր հանձնաժողովներում ամենաամուր տեղերը պահող կուսակցությունը եղել է ԱԺՄ-ն»,- ասաց ԱԺՄ նախագահը, որ միաժամանակ հավելեց, թե միայն 2003-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից հետո ԱԺՄ-ականների «հերոսությունները» մասամբ նվազել էին, որովհետեւ հարցն այլեւս կուսակցական չէր, եւ «կուսակցական հայրենասիրությունը» պակասել էր: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցն էլ կարծիք հայտնեց, որ ԸԸՀ-ներում իրենց քվոտաների հարցը կքննարկվի, երբ կուսակցության նախագահը հայրենիք վերադառնա: Ընդհանուր առմամբ, նա կողմնակից է մինչ այս գոյություն ունեցող համամասնությունները պահպանելուն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել