Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 15,2005 00:00

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ՞ Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Ժիրայր Շահիջանյանին խնդրեցինք մեկնաբանել, թե արդյոք բավարարվա՞ծ են ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պարզաբանումներից, որ դաշնակցական ազատամարտիկ Պավել Մանուկյանին ծեծելու առնչությամբ անհիմն է իրեն հակադաշնակցական տրամադրություններ վերագրելը կամ միջադեպը ընտրությունների հետ կապելը: «Ի սկզբանե հարցն այդ ձեւով արծարծելն էր սխալ,- ասաց պրն Շահիջանյանը:- Կատարվածն ուղղված չէր ՀՅԴ դեմ, ինչպես փորձում էին ներկայացնել լրատվամիջոցները, ի մասնավորի՝ «Առավոտի» գլխավորությամբ, որ գնդակը գցեն Դաշնակցության դաշտը: Մինչդեռ Պավել Մանուկյանը պատգամավորության թեկնածու էր՝ անկախ նրանից, թե ինչ կուսակցության անդամ թեկնածու էր: Եվ լրատվամիջոցների նման արշավը ՀՅԴ դեմ համարում ենք միանշանակ սխալ: Հակադաշնակցական ընթացք եք դրսեւորել, որը մենք չենք կիսում: Ինչ մնում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը՝ մարդ է, կարող է ամեն կերպ էլ պարզաբանել: Իսկ թե բավարարում է մեզ կամ ոչ՝ ընթացքը ցույց կտա»: Հետաքրքրվեցինք, թե համամի՞տ է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի նկատառմանը, թե Պավել Մանուկյանը վատ բան էր արել՝ նախընտրական «քարոզչությունն իջեցնելով զազրախոսության» մակարդակին, իսկ Սեյրան Օհանյանն էլ՝ «ոչ համարժեք, այլանդակ» արձագանքելով: «Չեմ կարծում, թե բյուրոն սխալ ընթացք ունենա,- պատասխանեց ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը:- Ճի՛շտ է ասել»: Դարձյալ կարգապահ կուսակցականի պես արձագանքեց, երբ հիշատակեցինք, թե Վահան Հովհաննիսյանը վերջերս ԵԱՀԿ ԽՎ ամբիոնից իր ելույթում, հղում անելով միջազգային դիտորդների գնահատականը, նշել էր, թե ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները «ազատ եւ թափանցիկ էին»: Մինչդեռ «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքը վիճարկում է դրանց արդյունքները: Ուստի արդյոք հակասություն չկա՞ գնահատականների մեջ՝ հարցին ի պատասխան Ժիրայր Շահիջանյանն ասաց. «Դաշնակցության մեջ մի՛ փնտրեք հակասություններ: ՀՅԴ մեջ ամեն ինչ համադրված է, եւ մեր գերադասի ասածը, տեղեկությունները եւ վերլուծությունները նաեւ արվել են մեր ասածից: Այսինքն՝ մեր եւ Բյուրոյի միջեւ որեւէ հակասություն չկա»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել