Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷՄՄԻՆ ՉԷ

Հուլիս 15,2005 00:00

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷՄՄԻՆ ՉԷ «Նովայա վոլնա» մրցույթում Հայաստանը կներկայացնի ՌԴ քաղաքացին «Էմմի-Բի» պրոդյուսերական կենտրոնը եւ Հանրային հեռուստատեսությունը հուլիսի 27-31-ը Յուրմալայի հեղինակավոր «Նովայա վոլնա» ժամանակակից երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում կներկայացնեն մոսկվացի հայ երգիչ Արման Գրիգորյանին: Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին անգամ այս մրցույթին ներկայացրել է 2003թ.՝ երիտասարդ երգչուհի Էմմին, 2004-ին՝ դարձյալ Էմմին՝ «Հայեր» խմբի հետ: Հանդիպեցինք Արման Գրիգորյանին, որը վաղը «շքախմբով»՝ կենտրոնի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանի, Հ1-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի, օպերատոր Կարեն Ստեփանյանի եւ Էմմիի ուղեկցությամբ կմեկնի Յուրմալա: Երիտասարդ երգչին հայ երաժշտասերը պետք է որ ծանոթ լինի ռուսաստանյան «Ուտրեննայա զվեզդա» եւ «Ֆաբրիկա զվյոզդ» հեռուստատեսային հաղորդումներից: Ի դեպ, վերջինում Արմանի ձայնի դրվածքի վրա աշխատել է էստրադային վոկալի հայտնի մասնագետ Վլադիմիր Կորոբկոն: Հանդիպման սկզբում մեր զարմանքին, թե ինչպե՞ս կարելի էր նման ճանաչված մասնագետից հրաժարվել, Ա. Գրիգորյանը հայտնեց, որ ուսումնառության շրջանում քանիցս «կտրվել» է ձայնը, երգիչը դա կապում է պարապմունքների ոչ ճիշտ կազմակերպման հետ: «Երբ Յուրմալայից հեռարձակվող մրցույթի ժամանակ լսեցի Էմմիին, հիացա նրա վոկալով ու սկսեցի հարցուփորձ անել, փնտրել, թե ում մոտ է պարապել երգչուհին: Երկար որոնումներից հետո, երբ անցյալ տարի «Դո-ռե-մի» ստուդիայի սաները նկարահանվում էին մոսկովյան հեռուստատեսությամբ, ինձ ծանոթացրին Նադեժդա Սարգսյանին: Ու թեեւ ես ընդունվել էի Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտ, գործերս ետ վերցրի ու նոյեմբերին եկա Հայաստան»,- պատմեց Ա. Գրիգորյանը: Ընդամենը երկու ամիս Նադեժդա Սարգսյանի մոտ պարապելուց հետո, Արմանը մասնակցել է Պրահայի «Հանդիպում Եվրոպայում-2005» օլիմպիադային, Մոսկվայում կայացած «Վառիր քո աստղը» եւ Սանկտ Պետերբուրգի «Ճանապարհ դեպի աստղեր» փառատոներին: Յուրմալայի մրցույթի հետ կապված նա տեղեկացրեց, որ մասնակիցների ընտրությունը սկզբնական փուլում որոշվել է ուղարկված CD-ներով: Ընդհանուր հաշվով եղել է մոտ 5000 հայտ: Ապրիլի սկզբին եկել է հրավեր՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք ընտրության հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլին: Դրա արդյունքում ընտրվել էր 92 երգիչ, վերջինից էլ մրցույթին մասնակցելու իրավունք են ստացել 18 մասնակից Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Իսրայելից, Իսպանիայից եւ այլն: Նկատենք, որ դեռ մրցույթը չսկսված, արդեն խախտված է մրցույթի պայմաններից մեկը՝ թեեւ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ներկայացնելու միայն մեկ երգիչ, բայց, օրինակ, Ռուսաստանը ներկայացնում է 4, Ուկրաինան՝ 2 կատարող: Երգչից հետաքրքրվեցինք մրցութային ծրագրի իր երգացանկից: «Ընտրել ենք մրցույթի պարտադիր պայման հանդիսացող երեք երգ: Առաջինը՝ որպես հայկական հիթ, կկատարեմ երգիչ Արսեն Սաֆարյանի հեղինակած «Բայց դու չես գալիս»-ը, օրիգինալ երգ՝ Հայկոյի «Օրը կգնա, ժամը կգնա» եւ որպես համաշխարհային հիթ՝ Լուչիանո Պավարոտիի երգացանկից «Կառուզոն»: «Երգիչների իմիջով տեղում զբաղվելու են միայն մրցույթի կազմակերպիչները: Այդ հարցում ոչ մի կատարողի կամ պրոդյուսերի կարծիք հաշվի չի առնվի: Դա իրենց շոուն է, իրենց մենաշնորհը»,- ասաց Ա. Գրիգորյանը՝ ի պատասխան «Ո՞վ է աշխատել ձեր իմիջի վրա» «Առավոտի» հարցին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել