Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ թափառաշրջիկները մերոնցից ուրախ են

Հուլիս 15,2005 00:00

ԱՄՆ թափառաշրջիկները մերոնցից ուրախ են Ամերիկացի ռեժիսոր Ջեք Քեհիլի շրջմոլիկների մասին ֆիլմը խիստ տարբերվում է նման թեմայով հայկական ֆիլմերից: Օրինակ, հայ մուրացկան-թափառաշրջիկների մասին ֆիլմերը անպայման շատ տխուր սյուժե ունեն, հաճախ հնչում է նաեւ դուդուկի երաժշտություն եւ այլն: Երեկ Ամերիկյան դեսպանատանը կազմակերպվել էր հանդիպում ամերիկացի կինոռեժիսորի հետ, ուր խոսվեց նաեւ նրա «Անցած-գնացած» ֆիլմի մասին: Ջեքի այս վավերագրական ֆիլմը պատմում է ոչ թե հոբոների (այսպես են անվանում ամերիկացիները շրջմոլիկներին) դժվար կյանքի, այլ նրանց ազատության եւ անկախության ձգտման մասին: Ըստ երիտասարդ ռեժիսորի, այս երկու երեւույթներն են ստիպում հոբոներին ապրել շրջմոլիկի կյանքով: Ջեքը նշեց, որ իր ֆիլմը բոլորովին էլ քննադատություն չէ՝ ուղղված ԱՄՆ կառավարությանը, քանի որ շրջմոլիկները որոշ սոցիալական ծրագրերի շնորհիվ կարող են հագուստ եւ սնունդ ստանալ կառավարությունից: Սակայն ամերիկյան շրջմոլիկները դրա կարիքը չունեն, նրանց պարզապես դուր է գալիս նման կյանքով ապրելը: Ի դեպ, այս երեւույթը Ամերիկայում զարգացած էր հատկապես 1860-ականներին, իսկ հիմա այնտեղ շրջմոլիկներ գրեթե չկան: Սա Ջեքի առաջին ֆիլմն է, որի վրա աշխատել է շուրջ 10 տարի, նույնիսկ միառժամանակ ռեժիսորն ապրել է հոբոների հետ. «Մի քանի ամիս ես եւ իմ ընկեր Դեյվիդ Էբերհարդը նրանց հետ էինք ապրում, այնուհետեւ վերադառնում էինք, մի քիչ փող հայթայթում ու նորից գնում նրանց մոտ: Ճիշտ է, մենք նրանց հետ ապրեցինք, բայց չդարձանք նրանցից մեկը»: Նորաթուխ «շրջմոլիկները» այս ընթացքում շրջել են գնացքներով, նրանց նման ուտելիք հայթայթել աղբամաններից: Ի տարբերություն հայկական նմանատիպ ֆիլմերի՝ «Անցած-գնացած»-ում հնչում է բլյուզ: Ջ. Քեհիլը նշեց, որ «Անցած-գնացածը» նկարահանել է սեփական միջոցներով: Ֆիլմը արդեն մասնակցել է 20 կինոփառատոների՝ Բեռլինում, Ամստերդամում եւ ալյուր, արժանացել է չորս մրցանակի: Ջեքը փաստեց, որ Հոլիվուդում քիչ թվով վավերագրական ֆիլմեր են նկարահանվում. «Դրանք արվում են կամ անհատների, կամ կաբելային հեռուստաընկերությունների կողմից: Հաջողվածները Հոլիվուդը վերցնում է իր հովանավորության տակ: Շատերը կարծում են, որ վավերագրական ֆիլմերը ուսումնական, ոչ հետաքրքիր գործեր են: Սակայն վերջին շրջանում ամերիկյան հեռուստաալիքները սկսել են ավելի հաճախ ցուցադրել նման ֆիլմեր»: Ռեժիսորը չցանկացավ խոսել բուն հոլիվուդյան կինոաշխարհից, նշելով, որ չի հետաքրքրվում աստղային «պատերազմներով»: «Անցած-գնացած» ֆիլմը մասնակցում է նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել