Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՀԵՌԱՆՈՒՄ

Հուլիս 27,2005 00:00

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏԵՆՈ՞ՒՄ Է, ԹԵ՞ ՀԵՌԱՆՈՒՄ Համենայնդեպս, ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռները «մոտենում են» Հարավային Կովկասին «Վստահության ճգնաժամ»-ը շատ քաղաքավարի եւ հեղհեղուկ տերմին է, որով բյուրոկրատիան փորձում է կոծկել իր ձախողումները: Դուք կարող եք չմտածել վստահության ճգնաժամի մասին, երբ չինովնիկը հարդարում է իր ծոծրակի մազերը: Պետք չէ անհանգստանալ դրա մասին, երբ նա քորում է քիթը, փորփրում է խալը, շփում է ձեռքերը: Զգուշացեք միայն, երբ նա սկսում է շարժել շուրթերը: Ի՞նչ է, ի վերջո, այդ չարաբաստիկ վստահության ճգնաժամը: Ինձ համար դա այն չափն է, որով հասարակությունը հակված է չհավատալ երկրի բարձրագույն ղեկավարության ասածին եւ արածին: Ասենք, հրապարակվում է լուր. «2006-ին ԱՄՆ-ը ՀՀ-ին եւ Ադրբեջանին ռազմական նպատակներով կտրամադրի $5 մլն-ի գրանտներ: Այսպիսի որոշում է ընդունել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հունիսի 28-ի նիստում: Հետաքրքիր է, որ նրանք հրաժարվել են հաստատել Ուզբեկստանի համար նախատեսված $4 մլն-ի ռազմական օգնությունը: Իսկ Բալթյան երկրները նույնպես կստանան $5 մլն-ական օգնություն»: Թվում է, թե պետք է ուրախանալ, բայց սկսում ես մտածել՝ ի՞նչ $5 մլնի մասին է խոսքը, եթե այս տարի Ադրբեջանն իր պաշտպանության համար արդեն $300 մլն է հատկացրել: Այդ մասին հունիսի վերջին հայտարարել է Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի ռազմական ծախսերի կտրուկ ավելացումը պատճառաբանվում է Վրաստանից Հայաստան ռուսական ռազմակայանների տեղափոխմամբ: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ ազգային բանակի ամրապնդումը երկրի առաջնահերթ խնդիրներից է, այդ իսկ պատճառով 2003-ին ռազմական ոլորտին հատկացված $135 մլնի եւ 2004-ին՝ $175 մլն-ի փոխարեն 2005-ին այն կազմել է արդեն $300 մլն: «Ադրբեջանական բանակն այսօր Հարավային Կովկասում ամենաուժեղն է, մենք հասել ենք գերազանցության եւ կշարունակենք այն ամրապնդել ու պահպանել: Հակառակորդը պետք է գիտակցի, որ ադրբեջանական բանակը ցանկացած պահի կարող է մոբիլիզացնել իր ուժերը եւ ազատագրել օկուպացված տարածքները»,- եզրափակել է Ալիեւը: ՌԴ-ն իր հերթին ցանկանում է վերականգնել իր ռազմական ազդեցությունը Ադրբեջանում: Այդ մասին վերջերս Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախկին պետքարտուղար Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, Ղարաբաղում պատերազմ երբեք չի լինի, իսկ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի ամերիկյան սցենարով: «Որոշ ժամանակ անց Կովկասն ամբողջությամբ կմտնի ԱՄՆ ազդեցության ոլորտ»,- ասել է Գուլուզադեն, որի կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե հայ-ադրբեջանական է, այլ՝ ռուս-ադրբեջանական: «Մենք պետք է այդ մասին բացահայտ ասենք բոլոր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում: Ռուսաստանը հասկանում է, որ Հարավային Կովկասի կորուստի դեպքում ինքը կկորցնի ողջ Կովկասը»,- հայտարարել է Գուլուզադեն: Խաղաղությունը՝ խաղաղություն, բայց հոգիդ ինչ-որ տագնապում է: Հատկապես, երբ մտածում ես ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Այս անգամ պարտքի դիմաց տրվող գույքով չենք պրծնի: Մանավանդ, որ ռուսները մի քանի աֆրիկյան երկրների պարտքերը ներել են, չնայած այդ աֆրիկացիները ՌԴ ռազմավարական գործընկերը չեն: Բայց մեզ չեն ներում, քանի որ Բաքու-Ջեհյանի տարածքում ՌԴ-ի համար մնացել են ազդեցության երեք թեժ կետեր՝ Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Բացի այդ, ՌԴ-ն մտադիր է այս տարվա երկրորդ կեսին Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանը զինել ամենաժամանակակից հրթիռային համալիրներով՝ SS-26 «Իսկանդեր» տիպի: Դրանք նախատեսվում է տեղադրել Սոչիի, Նալչիկի եւ Վլադիկավկազի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ սահմանում՝ Դերբենդում: Ռուսական ռազմական փորձագետների կարծիքով, Ադրբեջանի սահմանին տեղակայված «Իսկանդեր» համալիրների թիրախ են հանդիսանում Թուրքիայի հյուսիսը, Վրաստանի ողջ տարածքը, հայկական տարածքների կեսը եւ ամբողջ Ադրբեջանը՝ բացառությամբ Թալիշական լեռների: Իսկ հիմա երկու մեջբերում՝ առանց մեկնաբանությունների. «Մենք այսօր ավելի մոտ ենք խաղաղությանը, քան մեկ տարի առաջ: Սակայն դեռ շատ վաղ է ենթադրել, որ խաղաղությունը գտնվում է անմիջապես շրջադարձից այն կողմ: Կարծում եմ, որ կողմերը տարել են լուրջ, խրախուսման արժանի բանակցություններ: Խաղաղ համաձայնագրի հասնելը դեռ դժվար է: Բայց ես վստահ եմ, որ այս խնդիրը լուծվող է»,- ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մանը։ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի»,- պնդում է Մինսկի խմբի մեկ այլ համանախագահը՝ Յուրի Մերզլյակովը: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել