Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմել են վերանայելու խնդրանքով

Օգոստոս 02,2005 00:00

Դիմել են վերանայելու խնդրանքով Արհեստավորների 2-րդ փողոցի 59 տան բնակիչներ Իրինա եւ Ինա Դանիելյանները մայիսի 31-ին ենթարկվեցին հերթական բռնարարքների: Նույն բակում ապրող իրենց հարեւանի՝ Սմբատ Թորոսյանի հարվածները բարեբախտաբար իր վրա վերցրեց Դանիելյաններին պաշտպանած մորաքույրը՝ Սուսաննա Պողոսյանը: Վեճն անհեթեթ էր իր շարժառիթով. «լվացքի տարան գտնվել էր բակում», Պողոսյանը այն չի «հավաքել»: «Առավոտը» հունիսի 3-ին «Անպատժելիության ծանր հետեւանքը» հրապարակման մեջ նշել էր, որ երկու առավոտցիները՝ Դանիելյան քույրերը բազմաթիվ անգամ դիմել են Կենտրոնի ոստիկանության բաժին, սակայն ընթացք չէր տրվում գործին, իսկ Ս. Թորոսյանը եւ նրա մայրը պատեհ-անպատեհ վիրավորում էին քույրերին, ավելին՝ հպարտանում, թե քրեականում իրենց մարդն ունեն. մորաքրոջ որդին՝ Ռուբիկ Միրիմանյանը: Վեճից հետո Ս. Պողոսյանը տեղափոխվեց Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց, իսկ դատական բժշկին հիվանդանոց «գործուղեցին» դեպքից 7-րդ օր հետո: Ըստ դատաբժշկական փորձագետի թիվ 522-հ եզրակացության, «Պողոսյանի ստացած մարմնական վնասվածքները գանգուղեղային տրավմայի՝ գլխուղեղի ցնցման, աջ նախաբազկի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումների ձեւով պատճառվել են բութ առարկայի (ների) ազդեցությամբ, պատճառվել է առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով»: «Կարճատեւ» քայքայումի արդյունքում Ս. Պողոսյանը Նոր Նորքի հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեց Էրեբունու հիվանդանոց եւ մինչեւ հիմա էլ մարմնին առկա են կապտուկներն ու փայտահատի հարվածի հետքերը: Ներկայումս «կարճատեւ» բուժվում է: Ս. Պողոսյանի գործողությունները բաժնի քննիչ Տիգրան Կիրակոսյանը (այս գործով երրորդ քննիչը) գնահատեց այսպես. «Վիճաբանության ձայներից բակ է դուրս եկել Սմբատ Թորոսյանը… դիտավորությամբ ձեռքերով մի քանի անգամ հարվածել է Սուսաննա Պողոսյանի գլխին, մեջքին եւ պարանոցին, այնուհետեւ ցանկացել է հարվածել Ինա Դանիելյանին, սակայն Ս. Պողոսյանը միջամտել է, իր ձեռքի ավելով հարվածել է Ս. Թորոսյանի ձախ բազկի շրջանին»: Ավելը որպես իրեղեն ապացույց չէր էլ հետազոտվել: Իսկ այդ մասին տողերիս հեղինակը ստիպված հիշեցրեց քննիչին, քանի որ տեղեկացել էինք, որ Սմբատ Թորոսյանը հանկարծակի, գործի քննության փուլում ստացել է «մարմնական վնասվածքներ»՝ ձախ բազկի շրջանի արյունազեղումների ձեւով: Ի դեպ, երբ վերջինիս հարցրինք, թե ինչից է դժգոհում, միամտաբար պատասխանեց. սրտից: Փայտահատը քննիչի մոտ տեղեկացավ, որ մարմնական վնասվածքներ է ստացել «բութ» առարկաներից: Հունիսի 1-ի Ս. Պողոսյանի դիմումին ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել էին նյութեր, իսկ Կենտրոնի քննչական բաժին նյութերը ստացվել էին հունիսի 30-ին: Այդ ընթացքում 2 երեխաների հայր Ս. Թորոսյանը ներողություն էր խնդրել Ս. Պողոսյանից, խոստանալով, որ «հիվանդանոցային ծախսերը» ինքը կհոգա: Սակայն որոշման մեջ, չգիտես ինչու, ձեւակերպվել էր, թե «Ս. Պողոսյանը հաշտվել է եւ հայտնել, որ Ս. Թորոսյանի նկատմամբ բողոք չունի»: Հիվանդանոցային ծախսերը Ս. Թորոսյանը ոչ միայն չի հոգացել, այլեւ ոգեւորված իր նկատմամբ «քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումից, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Դանիելյանների եւ Պողոսյանի նկատմամբ: Վերջիններս երրորդ օրն է, ինչ դիմել են Կենտրոնի քննչական բաժնի պետին՝ վերանայելու սույն որոշումը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել