Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵ՞ՐԸ

Օգոստոս 10,2005 00:00

Կամ գուցե վերահսկողնե՞րը

Երեկ կենսաբանության քննական հանձնաժողովի նախագահ Տիգրան Թանգամյանը մեզ հետ զրույցում, խոսելով 20 միավորների բացակայության պատճառների մասին, նշեց, որ «երեխան այդաստիճան չի կարող տիրապետել առարկային, որ 7 հարցի մեջ գոնե 0.25-ով պակաս չգրի»: Մեր ճշտող հարցին՝ «ուրեմն ցանկության դեպքում միշտ էլ հնարավոր է միավոր հանել», պրն Թանգամյանը նախ ասաց, որ իրենք հանում են միայն այն դեպքում, եթե թերություն կա, ապա ավելացրեց. «Պրակտիկորեն բացառված չէ, որ 7 հարցից որեւէ մեկի մեջ վրիպում կարող է լինել, հավանականությունը մեծ է, որ գոնե 0.25-ի բացթողում կլինի»:

Հանձնաժողովը օրական քննություն է վերցնում 108-110 դիմորդից, բացասական միավորների թիվը 8-10 տոկոս է կազմում, շատ են միջին միավորները: 20 չկա նաեւ այն պարզ պատճառով, որ հիմա գնահատականները չեն կլորացվում, այսինքն՝ նախկին 20-ները այսօրվա 19,5-19,9-երն են: Այսուամենայնիվ, դրանց թիվն էլ շատ չէ: Եվ նախորդ տարիներին էլ առանձնապես 20-ներով աչքի չի ընկել այս առարկան: Այս տարի 844 հանձնածներից ամենաբարձր միավորը գրանցվել է 5 հոգու մոտ՝ 19,8-ը, 6 հոգի էլ ստացել են 19,5:

Ըստ հանձնաժողովի նախագահի, դիմորդների 80 տոկոսից ավելին թեստերն ու 2 խնդիրները մասսայաբար լուծում են: «Ինչո՞ւ, որովհետեւ խնդիրների համարները հրապարակված են «Դիմորդ»-ում, եւ դրանք հեշտությամբ լուծում են, չգիտեմ՝ անգիր արա՞ծ, թե՞ տրամաբանորեն: Թեստերի պատասխաններն էլ կան ժողովածուներում՝ 98-ից այդ ժողովածուները գործում են»:

Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Հայկազ Հայրապետյանը վստահեցնում է, որ թեեւ այս տարի բարձր է բացասական միավորների թիվը եւ ցածր՝ բարձր միավորներինը, այնուամենայնիվ, ցածր գնահատականներից բողոքողների թիվն այս տարի ավելի քիչ է, քան անցյալ տարի: Ըստ հանձնաժողովի նախագահի, չափանիշները մեղմացվել են անցյալ տարվա համեմատ: «Ասենք՝ եթե գնդի կենտրոնի դիրքը դիմորդը չի հիմնավորում, նախկինում 1 էինք հանում, հիմա՝ 0.5: Ճիշտ ենք ընդունում թեկուզ ոչ ռացիոնալ տարբերակով լուծված խնդիրները»: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այս տարի քննությունների վերջում «սեյֆում» շատ տարբերակներ կմնան, հետեւաբար ավելի ուշ քննություն հանձնողները չեն կարող կողմնորոշվել, թե իրենց ինչ տարբերակներ բաժին կընկնեն:

Հանձնաժողովի նախագահին հիշեցրինք մի միջադեպ: Ըստ մեզ հասած՝ Վերգինե Գեւորգյանի բողոքի, ուրբաթ օրը, երբ քննություն է հանձնել իր դուստրը, ծնողներին 10:30-ից հետո չեն թողել իբրեւ ազատ դիտորդներ մտնել քննասենյակներ: Պրն Հայրապետյանը հերքեց լուրը՝ ճշտելով, որ ծնողներին թույլ չեն տալիս միայն վերջին 40-45 րոպեներին, երբ երեխաներն արդեն պետք է մաքրագրեն գրավորները: Հանձնաժողովի նախագահը նաեւ հարկ համարեց ծնողներին զգուշացնել, որ հաճախ խանգարում են իրենց երեխաներին՝ հեռվից հարցեր տալով՝ «գրե՞լ ես, չե՞ս գրել»:

Մաթեմատիկայից անբավարար է ստացել 4376 հանձնածների 15 տոկոսը: Հ. Հայրապետյանի դիտարկումները ցույց են տվել, որ բացարձակ գերազանց են հիմնականում թեքումով դպրոցների երեխաները՝ Քվանտի, Շիրակացու քոլեջի: Մի փաստ էլ՝ մեր դիտարկումներից: Մինչ այժմ բոլոր քննություններում ականատես ենք եղել նախագահի վերահսկողական ծառայության լուռումունջ աշխատանքին: Որպես կանոն, նրանք լուռ շրջում են կամ ընդհանրապես իրենց գոյությունն էլ ցույց չեն տալիս: Իսկ մաթեմատիկայի քննությանը այս ծառայության աշխատակիցը ոչ միայն ակտիվ մասնակցում էր կազմակերպչական գործերին, այլեւ երեխաներին ժամանակ առ ժամանակ տեխնիկական բնույթի ցուցումներ էր տալիս կամ հիշեցնում, թե քանի րոպե է մնացել քննության ավարտին:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել