Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՓՐԿԵԼ ԻՐ ԴԵՄՔԸ»

Օգոստոս 23,2005 00:00

Քաղաքագետ
Աղասի Ենոքյանի ասելով՝ սա է պատճառը, որ ԵԽԽՎ-ն փորձում է սահմանադրական փոփոխությունները
պարտադրել Հայաստանին: Օրերս հայաստանյան քաղաքական վերնախավի հետ ունեցած
հանդիպումներից հետո ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի կոշտ հայտարարությունները,
որոնց հասցեատերը նաեւ ընդդիմությունն էր, տարակուսանք առաջացրեց ոչ միայն քաղաքական
եւ հասարակական շրջանակներում: Երեկ այդ հայտարարություններին արձագանքեց նաեւ «Քաղաքական
եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն պրն Ենոքյանը, որի բնորոշմամբ՝
այդ հանդիպումները «բավականին զգացական» էին եւ «ոչ ռացիոնալ»: «ԵԽԽՎ-ն, ըստ
էության, ՀՀ իշխանություններից եւ ընդդիմությունից ուղղակի պահանջեց ստիպել ժողովրդին,
որ նա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» ասի: Սրանից պետք է մի քանի
հետեւություն անել. նախ՝ որ ԵԽԽՎ-ն մտածում է, որ Հայաստանի քաղաքական վերնախավն
իսկապես ներկայացնում է ժողովրդին եւ հանրային կարծիքի վրա ազդելու ռեալ լծակներ
ունի, կամ՝ պարզապես պահանջում է կեղծել հանրաքվեի արդյունքները»,- հայտարարեց քաղաքագետը:
Խոսելով հատկապես ընդդիմության հետ հանդիպումից հետո ԵԽԽՎ նախագահի արած կոշտ հայտարարությունների
մասին՝ Ա. Ենոքյանը կարծիք հայտնեց, որ դրա պատճառն այն էր, որ «ընդդիմությունն արեց
այն, ինչ մինչեւ հիմա իշխանություններն էին անում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների
համատեքստում: Իշխանության ներկայացուցիչներն էլ անընդհատ հանդիպում էին ԵԽԽՎ ներկայացուցիչների
հետ եւ ինչ-ինչ պարտավորություններ էին ստանձնում ու չէին կատարում: Նույնն այս անգամ
արեց ընդդիմությունը, որը, ի դեմս «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանի,
մասնակցում էր սահմանադրական բարեփոխումների քննարկումներին եւ անընդհատ ինչ-ինչ
ճշգրտումներ էր անում Սահմանադրության փոփոխությունների տեքստում, կարծես թե ինչ-որ
հայտարարի էր եկել փոփոխությունների բովանդակության իմաստով, հանկարծ պարզվեց, որ
խաբում է եւ որոշել է «ոչ» ասել Սահմանադրության հանրաքվեին: Այսինքն՝ ընդդիմությունն
արեց այն, ինչ անում էր Ռոբերտ Քոչարյանը, երբ անընդհատ համաձայնելով ԵԽ-ի հետ՝ վճռական
պահին ոչինչ չէր անում այդ համաձայնություններն իրագործելու համար: Սա արդեն անհեթեթ
է, որից կարելի է ենթադրել, որ Հայաստանում չկա այն քաղաքական ուժը, որի հետ միջազգային
ատյանները կարող են քննարկումներ անել, բանակցել: Պարզվում է՝ ընդդիմությունը կարող
է ղեկավարվել այսրոպեական կոնյունկտուրային շահերով եւ որոշակի ժամանակահատվածում
առավելության հասնելու համար ԵԽԽՎ-ին խոստումներ տալ ու չկատարել»: Թե ինչու
ընդդիմությունն այդպես վարվեց՝ քաղաքագետը միայն ենթադրություններ արեց. «Կամ ընդդիմությունը
վերջապես հասկացավ, որ «Հանրապետություն» կուսակցության որդեգրած դիրքորոշումը՝ պարզապես
մերժել հանրաքվեն, ավելի ճիշտ է եւ ընդունեց դա, կամ՝ ընդդիմությունն էլ հասկացավ,
որ քաղաքականապես ապատիկ հասարակությանը դժվար է ստիպել գնալ հանրաքվեի եւ «այո»
ասել Սահմանադրությանը. ընտրեց բոլոր դեպքերում չպարտվողի տարբերակը: Երրորդ՝ ընդդիմությունը,
թերեւս, իշխանությունների հետ ինչ-որ պահի բանակցություններ էր վարել եւ համաձայնության
եկել ինչ-որ հարցի շուրջ՝ համաձայնելով մասնակցել քննարկումներին՝ փոխարենն ակնկալելով
ստանալ իշխանությունների կողմից խոստացվածը, իսկ չստանալով՝ ետ է կանգնել իր որոշումից»:
Բոլոր դեպքերում Ա. Ենոքյանը եզրակացրեց, որ ինչպես իշխանությունը՝ ընդդիմությունն
էլ միջազգային կառույցների հետ բանակցություններ վարելիս պատասխանատվության զգացում
չունի: Բայց հարց է՝ հասարակությունն արդյո՞ք կլսեր ընդդիմության կոչը, եթե
վերջինս որոշեր «այո» ասել հանրաքվեին: Ա. Ենոքյանը նախ շեշտեց, որ հասարակությունն
այսօր վստահություն չի տածում ոչ իշխանության, ոչ ընդդիմության հանդեպ, ապա հավելեց.
«Կարծում եմ, ժողովուրդն ուղղակի հանրաքվեի չի գնա՝ անկախ այն բանից, թե ինչ կասի
ընդդիմությունը, եւ հանրաքվեն կտապալվի: Հասարակությունն ընդհանրապես չգիտի, թե ինչի
համար է Սահմանադրությունը, որովհետեւ անցած տարիներին մեր Սահմանադրությունն այնքան
է ոտնահարվել, որ ժողովրդի համար այլեւս որեւէ արժեք չի ներկայացնում: Բացի այդ,
կարեւոր է, թե ով է ներկայացնում այդ փոփոխությունները՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, կոալիցիա՞ն,
ընդդիմությո՞ւնը: Այստեղ խնդիրն անգամ Ռ. Քոչարյանի լեգիտիմությունը չէ, այլ այն,
որ այդ փոփոխությունները ներկայացնում է այն քաղաքական համակարգը՝ գործադիր, օրենսդիր,
դատական իշխանություններ, որոնց հասարակությունը չի վստահում, ուստի՝ այդ համակարգի
որեւէ առաջարկություն հասարակության համար չի կարող ընդունելի լինել»: Քաղաքագետը
միաժամանակ կարծիք հայտնեց, թե՝ «անկախ Սահմանադրության փոփոխությունների ընդունվել-չընդունվելուց,
ընդդիմությունը պետք է օգտագործի հանրաքվեն հեղափոխական գործընթացի վերածելու համար»:
ԵԽԽՎ նախագահի՝ Հայաստան կատարած այցից հասկանալի դարձավ, որ այդ կառույցը
հիմա, առավել քան երբեւէ, կարեւորում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
Ա. Ենոքյանի դիտարկմամբ, դրա պատճառն այն է, որ ԵԽ-ն փորձում է այնպիսի քայլեր անել,
որոնք հաջողություն կարձանագրեն, կընդունվեն հայաստանյան իշխանությունների կողմից,
առավել եւս, որ գոնե սահմանադրական փոփոխությունների շուրջ ԵԽԽՎ-ում եւ իշխանությունները,
եւ ընդդիմությունը հայտարարի էին եկել, որովհետեւ դա նաեւ ԵԽԽՎ-ի հեղինակության հարցն
է: «Օրինակ, երբ նրանք պահանջում ու պարտադրում էին պատժել ընտրակեղծիքների հեղինակներին,
խաղաղ ցուցարարների դեմ բռնարարքներ գործադրած մարդկանց, վերաբացել «Ա1+»-ը, հասկանալի
էր, որ Ռ. Քոչարյանը դա երբեք չի անի: Եթե ԵԽ-ն պատրաստ չէ այդ եւ նմանատիպ այլ հարցերում
ՀՀ իշխանությունների հետ հակադրվել, նրան մնում է շեշտադրում անել սահմանադրական
բարեփոխումների վրա, մանավանդ, որ սա ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից
կարեւոր անկյունաքար է: ԵԽԽՎ-ն չի հասկացել, որ այս իշխանությունները ժողովրդին չեն
ներկայացնում, եւ որ իշխանությունների կամ ընդդիմության հետ հայտարարի գալը դեռեւս
հասարակության հետ հայտարարի գալ չի նշանակում, որովհետեւ ժողովուրդն ավելի լուրջ
խնդիրներ ունի լուծելու, քան այս բարեփոխումներն են: Կարծում եմ, ԵԽԽՎ-ն ինքը պետք
է որոշակի քայլեր աներ, որպեսզի ՀՀ-ում նախ լեգիտիմ իշխանություն հաստատվեր, որի
հետ հնարավոր կլիներ սահմանադրական բարեփոխումների շուրջ բանակցություններ վարել՝
ակնկալելով նրա ազդեցությունը հասարակության որոշման վրա, եթե, իրոք, այդ բարեփոխումները
ԵԽ-ի համար այդքան կարեւոր են»,- եզրակացրեց Ա. Ենոքյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել