Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼ ԵՎ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 23,2005 00:00

Օրերս
«Մալաթիա» ֆուտբոլի խաղադաշտում Հայաստանի արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի
(ԱԼԱ) նախաձեռնությամբ ֆուտբոլի բարեգործական հանդիպում անցկացվեց Հայաստանում արտասահմանյան
դեսպանությունների (Իտալիա, ԱՄՆ, Գերմանիա, Հայաստանի ԱԳՆ) եւ հանրապետության լրագրողների
հավաքականների մասնակցությամբ: Խաղն ընթացավ բավականին լարված ու հետաքրքիր:
Առաջին խաղակեսում 3:0 հաշվով առջեւում էին լրագրողները, սակայն հանգստից հետո դիվանագետները
կարողացան ետ բերել կորցրածը: Ի վերջո, գրանցվեց 5:5 հաշիվ: Միջոցառման կազմակերպմանն
աջակցել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը
եւ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ն: Հանդիպումից գոյացած գումարով մասնակիցները
Երեւանի «Զատիկ» մանկատան համար գնեցին շաքարավազ, բրինձ, միրգ, ինչպես նաեւ մանկատան
ֆուտբոլային թիմի համար՝ մարզաշապիկներ ու գնդակ: Ասես, ճակատագրի հեգնանքով,
լրագրողների հավաքականը, որը միշտ էլ հնարավորությունների ներածի չափով աշխատում
է օգտակար լինել օգնության կարիք ունեցողներին, ինքն է հայտնվել դժվարին վիճակում:
Օրերս հավաքականը Մինսկից հրավեր է ստացել՝ մասնակցելու հոկտեմբերի սկզբներին
Բելառուսի մայրաքաղաքում այդ երկրի նախագահի հովանու ներքո անցկացվելիք ԱՊՀ երկրների
լրագրողական թիմերի 7-րդ միջազգային մրցաշարին ու նախապատրաստվում է դրան: Ընդ որում,
մեր լրագրողները միշտ էլ մասնակցել են այդ հեղինակավոր մրցաշարերին, որոնք բոլորն
էլ, ի դեպ, գտնվել են կազմակերպիչ երկրների նախագահների բարձր հովանու ներքո: Հասկանալի
բացառություն է եղել միայն 2000 թվականը, երբ լրագրողները հավաքվել էին Բաքվում:
Ավելին, 2001-ին Մոլդովայում Հայաստանի լրագրողները դարձել են բրոնզե մեդալակիր,
իսկ 2002-ին՝ նվաճել չեմպիոնի կոչումը: Ցավոք, այս անգամ մեր հեղինակավոր
թիմի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ չկան մեկնման միջոցներ: Ներկայումս
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը հովանավորներ է փնտրում: ՏԻԳՐԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հավաքականի ավագ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել