Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԸ» ՄԱՍ-ՄԱՍ Է ԱՆՈՒՄ ԷՋՄԻԱԾԻՆԸ

Սեպտեմբեր 02,2005 00:00

«ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԸ» ՄԱՍ-ՄԱՍ Է ԱՆՈՒՄ ԷՋՄԻԱԾԻՆԸ Ըստ «Առավոտի» խմբագրություն այցելած հ/կ նախագահի, նրանց օգնում է Էջմիածնի քաղաքապետ Հրաչյա Աբգարյանը: Էջմիածինցիներն իրենց մասին անեկդոտ քիչ ունեն: Այս մեկն իր մեջ սեւ երանգ է պարունակում. «Ոտքդ գետնից չբարձրացնես, թե չէ քաղաքապետը տեղը բուդկա կդնի»: «Վերջին տարիներին Էջմիածին քաղաքում կատարվող հողի ու տարածքների զավթումները հասնում են անհեթեթության աստիճանի: Անցյալ տարվա մարտին մի բնակարանի գնով վաճառվեց 5 գրադարան, գրքերը տարան-լցրեցին մանկապարտեզների շենքերում: Հետո մի սենյականոցի գնով՝ 6000 դոլարով, վաճառվեց գավառագիտական թանգարանը: Այս շարքն անվերջ է: Վաճառվել է 2-րդ երաժշտական դպրոցի առաջին հարկը՝ դահլիճը: Այժմ վերանորոգում են, գիտեմ, որ տարածքը պետք է նախ ծառայի որպես նախընտրական շտաբ: Տարածքը գնել է գեներալ Մանվելի եղբորորդին՝ Զնդոն: Հիմա էլ տեղեկացել եմ, որ մի 10 օր առաջ վաճառվել է հրապարակում գտնվող Կոմիտասի արձանի տարածքը, արձանը պետք է ապամոնտաժեն ու տեղափոխեն ճեմարանի բակ, իսկ տեղում՝ շուրջ 200 մետրի վրա, պետք է կառուցվի երկհարկանի օբյեկտ: Գնորդն էլ գեներալ Գագիկ Մելքոնյանի սանիկն է՝ Ռազը: Զուգահեռաբար վաճառվում են նաեւ շենքերի բակերը, երեխաներին զրկում խաղահրապարակներից: Ու բոլոր գործարքների հետեւում էջմիածնի գեներալներն են՝ իրենց ժառանգներով ու զարմիկներով, քաղաքապետի հովանավորությամբ ու թողտվությամբ»,- պատմեց երեկ խմբագրություն այցելած էջմիածնեցիներից մեկը՝ կանանց ու երեխաների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Գթության ակունք» հ/կ նախագահ Սուսաննա Հարությունյանը: Նրա ասելով, իրենց «գեներալիտետի» պատճառով քաղաքում տիրում է ահ ու սարսափի մթնոլորտ: Ոչ մեկը չի հանդգնում մի քայլ անել առանց «գեներալների դոբրոյի»: Հակառակվել նրանց, նշանակում է վտանգել սեփական կյանքը: Խոսքը վերաբերում է հատկապես տղամարդկանց: «Բայց մարդկանց համբերությունն էլ չափ ու սահման ունի, եւ այն արդեն սպառվել է: Հիմա արդեն նոր տարածքների զավթումների դեմ ընդվզում են կանայք ու երեխաները: Նման դեպքերից մեկը տեղի ունեցավ օգոստոսի 28-ին: Առավոտյան ինձ զանգեցին Կիրովի 10 ա շենքի բնակիչները՝ քանդում էին զավթված հերթական բակը: Երբ տեղ հասա, բակը շրջապատված էր ոստիկաններով, նրանք փորձում էին ցրել շենքի կանանց ու երեխաներին, որոնք թույլ չէին տալիս քանդել տարածքը: Երեխաները գրպաններում քարեր էին հավաքել, որ պաշտպանեն իրենց խաղահրապարակը: Մի քանի ժամանոց աղմուկ-աղաղակից հետո ոստիկաններն ու տարածքի տերը՝ Վահիկ անունով, հեռացան: Բակի տարածքը շուրջ 100 քմ է: Քաղաքապետն այն վաճառել է գեներալ Սեյրան Սարոյանի թիմից մեկին՝ Ատաման մականունով, բոլորից գաղտնի ու առանց աճուրդի: Վերջինս էլ տարածքը վերավաճառել է Վահիկին»,- ներկայացրեց ՀԿ նախագահը: Այդ օրը բնակիչներին հաջողվել է պահպանել իրենց բակը, իսկ հետո՞: Չէ՞ որ տարածքն արդեն փաստաթղթերով իրենցը չէ: Ընդ որում, շրջակա շենքերի բակերն արդեն վաճառված են, ըստ մեր բողոքարկուի՝ «մեռելին բակում դնելու տեղ չունեն»: Իսկ այստեղ բնակիչները ծառեր են տնկել, նստարաններ տեղադրել, երեխաների խաղալու համար տարածք առանձնացրել: Լսելով իրենց բակի վաճառքի վերահաս վտանգի մասին, նրանք մի քանի անգամ եղել են քաղաքապետ Հ. Աբգարյանի մոտ, ստացել նույնիսկ գրավոր պատասխան, թե՝ «թույլ չեմ տա այդտեղ շինարարություն սկսվի»: Դա չի խանգարել քաղաքապետին՝ զուգահեռաբար ստորագրել տարածքի գնորդի ներկայացրած շինթույլտվության փաստաթղթերը: «Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն էր: Իսկ Էջմիածնի հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի արձանի միջոցառում չկար: Ընդհակառակը, քաղաքապետարանը գոնե այդ օրվա առիթով չմաքրեց արձանի շուրջբոլորը ամիսներ շարունակ կուտակված կենցաղային աղբի բլուրները: Իսկ տարին նվիրված է Գրերի գյուտին: Անցյալ տարի Էջմիածնում 120 երեխա դասի չի գնացել՝ շոր ու կոշիկ չունենալու պատճառով: Շուրջ 20 մուրացիկ երեխաների մեր կազմակերպությունն է հագուստով ու պիտույքներով ապահովել՝ դպրոց ուղարկել: Քաղաքապետին նման հոգսեր չեն անհանգստացնում, միայն առուվաճառքով է զբաղված»,- բողոքը եզրափակեց Ս. Հարությունյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Սեպտեմբերի երկրորդ կեսից Էջմիածնում սկսվում են ՏԻՄ ընտրությունները: Ուստի փոքր-ինչ վերապահումով մոտենալով բողոքում հնչած փաստերին ու անուններին, պատրաստ ենք լսել նաեւ հակառակ կողմի կարծիքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել