Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՊԼԱՎՈԿԻ»

Սեպտեմբեր 03,2005 00:00

«ՊԱՊԼԱՎՈԿԻ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ Ուզում եմ մտածել, որ անցյալում միայն սիգարետ, սուրճ եւ ջազ էր: Մեր ժամանակներն ավելի բարդ են: «Պապլավոկի» սեղաններին հիմա բարձրանում են մրգերի բուրգեր, ֆրանսիական անուշեղեն ու էկզոտիկ կոկտեյլներ: Իսկ Վահագն Հայրապետյանի դասական ջազի փոխարեն՝ Արամոյի doo-bop իմպրովիզներն են: Երեկոյան հերոսները, որ կյանք են տալիս Երեւանի ոչ անհայտ սրճարանին, այստեղ են ձեւավորում հեղափոխականության համարձակ, գունավոր մշակույթ: Ձախ սեղանի շուրջ մի քանի ուսանող հանգամանալից քննում է թուրք պատմաբան Եքթան Թյուրքիլմազի գործը: Նա առանց դատավարության 2 ամիս պահվում էր Ազգային անվտանգության նկուղներում: Մի խումբ զբոսաշրջիկներ եկել են սեփական աչքերով տեսնելու այն տխրահռչակ զուգարանը, որտեղ թիվ մեկ թիկնապահները ծեծելով մահվան դատապարտեցին նախագահին ողջունել հանդգնողին: Այստեղ կարող են լինել մի խումբ գործարարներ, որոնց ախորժակն իրենց դղյակների պես մեծ է, կամ էլ առաջին հայացքից քաղաքականությունից հեռու աղջիկներ՝ «Louis Vuitton»-ի վերջին նորություններով պճնված: Բայց նրանց խոսակցության թեման ընդհանուր է՝ «Հոկտեմբեր 27», Արմեն Սարգսյան, կեղծված ընտրություններ, Հյուսիսային պողոտա… Ի տարբերություն անցյալի, այսօրվա քաղաքական թունդ բանավեճերում լոկ լաց եւ «երանի»-ներ չեն: Սարկազմի եւ այլաբանության մեջ պարզ լսելի են (ժողովուրդը այլեւս շշուկով չի խոսում) հեղափոխության բարձր նոտաները: Ժողովրդավարություն, ազատություն, մարդու իրավունքներ, ծիրանագույն հեղափոխություն. սրանք պապլավոկյան նորագույն բառամթերքի աղն են, լճափնյա խնջույքի հիմնական կենացները: Աշխույժ դեմքերը, խելառ երաժշտությունը, ճոխ սեղանները, հետաքրքիր երեկոյի ծարավը ու թեժ քննարկումը համոզում են, որ ծնվում է շարժում: Բայց արդեն առավոտյան ժամը 4-ն է, եւ նույնիսկ անուղղելի պրովոկատորները պետք է տուն գնան: Ու երբ «Պապլավոկի» «հեղափոխականները» ցրվում են ու քնում, արթնանում են երթուղային առաջին տաքսիները: Մինչ արեւը լուսավորում է իրականությունը, ամենաշատը հեղափոխության կարիք ունեցող մարդիկ պատրաստվում են օրվան. չէ՞ որ նրանք չեն կարող մասնակցել հեղափոխական երազախաբությանը. նրանք ընտանիք պետք է կերակրեն: Եվ հենց սա է «Պապլավոկի» պարադոքսը: Մի կողմից այն հեղափոխություն սկսելու իդեալական վայր է: Այստեղ կոռուպցիայի ու հատուցման մասին անվերջ խոսելը դարձել է արվեստ, նորաձեւություն ու մասնագիտություն: Այն նույնիսկ իր պատմության մեջ եղել է անարդարության օջախ: Իր բնավորությամբ՝ «Պապլավոկը» միշտ էլ քաղաքականության մեջ է եղել, խառնվել է ու խառնել: Մյուս կողմից՝ անկարող է լուծել Հայաստանի խնդիրները: «Պապլավոկի» կերպարները կարիք չունեն հեղափոխության ու այդ պատճառով էլ ամենեւին էլ չեն մասնակցի դրան։ Նրանք կխոսեն հեղափոխության ու դրա գույնի մասին, իրենց միտքն ազատ վաճառքի կհանեն, կհերոսացնեն սեփական ես-ն ու իրենց կվերագրեն ամեն ինչ, սակայն վճռորոշ պահին հետ կկանգնեն: Խոսողների ու կարիքը ունեցողների միջեւ անջրպետն անհաղթահարելի է։ Բայց հեղափոխությունները չեն ծրագրվում եւ իրագործվում մի գիշերում: Ամերիկայում 1776 թվականի դիմադրության մասին դրա առաջնորդներից մեկը՝ Ջոն Ադամսը, գրել է՝ «հեղափոխությունը կայացել էր ամերիկացիների սրտում եւ մտքում»: Այս առումով Հայաստանի հեղափոխությունը ճանապարհին է: Հիմա ո՞վ տեր չի կանգնի իր ազատությանն ու քաղաքացիական իրավունքին: Ո՞վ պատրաստ չէ ապրել հանդուրժողականության ու ժողովրդավարության մթնոլորտում: Նույնիսկ սովետասեր Արսենը՝ տաքսու վարորդը, որ ամառային գիշերներին հարբած զբոսաշրջիկներին հասցնում է հյուրանոց, համաձայն է, որ անկեղծ ու իրական ժողովրդավարությունն ավելի սիրելի կլինի, քան խորհրդային անցած ռեժիմը, երբ ինքն ու էլի շատերն իրենց ազատ ու պաշտպանված էին զգում: Ավելի դժվար հարցեր: Ե՞րբ հավաքական իղձերը կդառնան ժողովրդի կողմից ներկայացված վերջնագիր: Հայերի սրտում ու մտքում եղած հեղափոխությունը ե՞րբ կվերածվի իշխանափոխության: «Մեկ անգամ եւս կոռուպցիայի մի նոր դեպք, մի հատ էլ լուրջ սկանդալ, անարդարություն, եւս մի կաթիլ… Ու ժողովուրդը կպայթի: Հիշե՛ք, խոսքս»: Միշտ էլ ասել են ու միշտ էլ սխալվել, բայց այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է, այս անգամ իշխանությունները հասկանում ու զգում են ժողովրդի ցասումը: Այդ պատճառով հերթական խաղը՝ սահմանադրական փոփոխություններ, ինչին խրախուսվում է բոլորի մասնակցությունը, որպեսզի մենք էլ մեզ արժանապատիվ քաղաքացի զգանք: Դրա համար նաեւ Թյուրքիլմազի ազատումը, ու մեկ օրվա մեջ ուղեվարձի 30 դրամ թանկացումը եւ հետո նորից էժանացումը: Բայց եթե իշխանությունը կարող է սեմինարներ կազմակերպել, արդար դատավճիռներ հրապարակել, գների բարձրացումը կարգավորել, այն չի կարող իրեն թույլ տալ ընտրություններում պարտվելու շռայլություն: Եթե իշխանությունը ճիշտ քայլեր անի, ինչպես կարծես թե ջանում է, այն կարող է հարատեւել երկու տարի: Բայց մինչեւ հաջորդ ընտրությունները անշրջելի կլինի Հայաստանի ոգեղեն հեղափոխությունը: Երբ գա այդ ժամանակը, իշխանությունները կմտածեն միջոցների մասին: Բայց վերջաբանն արդեն իրենք չեն գրի: Հեղափոխությունը կլինի… այսպես թե այնպես: Ու հակառակ պապլավոկցիների համոզման՝ «Պապլավոկը» դրա հետ կապ չի ունենա: ԿԱՐԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ UCLA (Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի) ուսանող, «Bruin Standard» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930