Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական աչքի փուշը

Սեպտեմբեր 09,2005 00:00

Սեփական աչքի փուշը Իշխանամետ թեկնածուները, առանց որեւէ բոյկոտի, ավելի շատ էին բացակայում նիստերից Այսօր տեղի կունենա Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, ի թիվս մոտ երկու տասնյակ օրենսդրական հարցերի, կա նաեւ ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների հարցը: Այս հարցը վաղուց է գտնվում ԱԺ լիագումար նիստերի օրակարգում: Թե ինչո՞ւ ԱԺ ղեկավարությունը հարցը չի դնում օրակարգում, հասկանալի է՝ ավելորդ աղմուկից եւ, ըստ Գալուստ Սահակյանի՝ շոուից խուսափելու նպատակով, եւ առաջին հերթին այն պատճառով, որ հարցն ավելի շատ քաղաքական, քան իրավական լուծում է պահանջում: Սակայն կա նաեւ հարցի բարոյական կողմը: Շատ քիչ թվով պատգամավորներ իրավունք կունենան ընդդիմադիր «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների հարցը քննարկել, քանի որ իրենք եւս, հայերեն ասած՝ մի բարի պտուղ չեն: Բացակայությունների թվով ընդդիմադիրներին չեն զիջում նաեւ բազմաթիվ իշխանական պատգամավորներ: Ճիշտ է, նրանք վերջին վայրկյանին հասցնում են ԱԺ քարտուղարությանը ներկայացնել իրենց բացակայությունները հարգելի ճանաչելու մասին թղթեր, սակայն ՀՀ ցանկացած շարքային քաղաքացու համար նման թուղթ ձեռք բերելու ճանապարհները հայտնի են: Իրականում ընդդիմադիր պատգամավորներից շատ ավելի բացակայել է պատգամավորների այն խումբը, որը մեկ կամ երկու անգամ է ոտք դրել խորհրդարան, դեպքից դեպք, սա հիմնականում այն խումբն է, որը, մեկ-երկու բացառությամբ, նույնիսկ «կոճակ սեղմելու» չի հրավիրվում: Ահա նրանք, արեք նրանց հետ ինչ ուզում եք: Տիգրան Արզաքանցյան՝ 157 բացակայություն, թուղթ է ներկայացրել 58-ի համար, Գուլոյան Մուրադ՝ բացակայել է 122 անգամ, ներկայացրել է 40-ի վերաբերյալ փաստաթուղթ, Սարգսյան Ալեքսանդր Ազատի՝ 145 բացակայություն, 112-ի վերաբերյալ ներկայացրել է հարգելի ճանաչելու մասին փաստաթուղթ, Ծառուկյան Գագիկ՝ 171 բացակայություն, բոլորն էլ հարգելի Ճանաչելու մասին փաստաթուղթ ունի, Պետրոսյան Ալվարդ՝ 110 բացակայություն եւ 21-ը հարգելի ճանաչելու մասին փաստաթուղթ, Վարդանյան Միքայել Հրանտի՝ 113 բացակայություն, հարգելի՝ 22-ը: Հարյուրից պակաս անհարգելի բացակայություններ ունեն Ռուբեն Հայրապետյանը՝ 99, Արտյուշա Սիմոնյանը՝ 100, Լեւոն Սարգսյանը՝ 70, Արմեն Մխիթարյանը՝ 66, Խաչատուր Սուքիասյանը՝ 90, Հարություն Փամբուկյանը՝ 93, Հարություն Ղարագյոզյանը՝ 74, Լյովա Խաչատրյանը՝ 76, Երեմ Կարապետյանը՝ 91, Մանվել Ղազարյանը՝ 67, Հակոբ Հակոբյանը՝ 77, Նահապետ Գեւորգյանը՝ 81, Վոլոդյա Բադալյանը՝ 87, Մխիթար Վարագյանը՝ 125, Արտակ Սարգսյանը՝ 97, Էմմա Խուդաբաշյանը՝ 72, Լեւոն Պողոսյանը՝ 75 եւ այլք: Մնացածների բացակայությունները տեղավորվում են տրամաբանության սահմաններում: Այսպիսի պատկեր ունեցող խորհրդարանը իհարկե կդժվարանա ընդդիմադիրների բացակայության մասին խոսել, մանավանդ՝ վերը նշված անունները եւս ընդդիմադիրների պես առանց բացառության ստացել են իրենց աշխատավարձերը: Սակայն փաստը մնում է փաստ, որ միայն ընդդիմադիր պատգամավորների բացակայություններն են, որ անհարգելի են ճանաչվել: Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը այն կարծիքին է, որ հարցը պարտադիր պետք է քննել Աժ լիագումար նիստում. «Հարցը պետք է քննի խորհրդարանը եւ կամ հարգելի ճանաչի, կամ անհարգելի»: Պարոն Պետրոսյանը նշեց նաեւ, որ նույն ընդդիմության մեջ կան պատգամավորներ, որոնց բացակայությունների թիվը չի գերազանցում կանոնակարգային նորմը, այդ պատգամավորներն են Վիկտոր Դալլաքյանը, Արտաշես Գեղամյանը եւ Շավարշ Քոչարյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել