Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ

Հոկտեմբեր 01,2005 00:00

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱԳՈՒՍՏ, ԲԱՅՑ՝ ՊԻՏԱԿՈՎ Հայաստանում «Սեքընդ հենդ» խանութներից հիմնականում օգտվում են մտավորականներն ու ուսանողները Մայրաքաղաքում այսօր գործում են տասնյակից ավելի «Սեքընդ հենդ» կոչված խանութներ: Դրանց ցուցափեղկերում, ինչպես նաեւ գովազդային հայտարարություններում հստակ ասվում է՝ «վաճառվում է օգտագործված հագուստ»: Սակայն այցելելով նման խանութներ՝ պարզեցինք, որ վաճառվող հագուստներից շատերի վրա կան պիտակներ, ինչը թերեւս նշանակում է, որ հագուստն օգտագործված չէ: Ուրեմն, ի՞նչ կամ ո՞ւմ հագուստներն են դրանք, ովքե՞ր եւ ումի՞ց են գնել, արդյոք գնե՞լ են, որպես օգնությո՞ւն ստացել, թե՞ գողացել: Այս հարցերի պատասխանները գտնելու համար մեր կատարած ուսումնասիրությունների ժամանակ խանութի պատասխանատուներից ոչ ոք չցանկացավ իրենց «ֆիրմային գաղտնիքը» բացահայտել՝ պատճառաբանելով, թե «հարիֆ չենք, քեզ ուղարկել են սաղ իմանաս, որ մեր գործին խփես, հա՞»: Երբ ներկայանում էինք որպես լրագրող, խանութի տերերը միանգամից «դառնում» էին շարքային աշխատակիցներ, որոնք իբր թե իրավասու չեն մեր հարցերին պատասխանել: Իսկ սովորական հաճախորդի համար մեր հետաքրքրասիրությունն այնքան տարօրինակ էր թվում, որ նյարդայնանալով՝ խանութի մենեջերներից երկուսը բառացիորեն դուրս վռնդեցին մեզ այնտեղից, ավելի բարեկիրթներն էլ դժգոհեցին, թե «աղջիկ ջան, էդ ա, ուզում ես՝ ուզի, չէ՝ քո հավեսը չունենք»: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց որոշ բաներ պարզել խանութների աշխատակիցներից: Նախ այն, որ խանութների վրա նշված է, թե հագուստը բերված է Բելգիայից, ԱՄՆ-ից կամ Գերմանիայից, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ապրանքների մեջ կան չինական վանդակավոր շալվարներ, ֆրանսիական կոստյումներ, անգամ՝ թուրքական ջինսեր: Վաճառվող ապրանքների միջին գինը 3000-4000 դրամ է, իսկ դրանցից ամենաթանկը տղամարդու գերմանական կոստյումներն են, որոնք, ըստ պիտակների, արժեն 500 եվրո, բայց Հայաստանում վաճառվում են 5000 դրամով: Մեր հարցին, թե ինչպե՞ս են արտասահմանից այդքան էժանով ձեռք բերում այդ ապրանքները՝ մի քանի աշխատակիցներ բոլորովին տարբեր պատասխաններ տվեցին: Նրանցից մեկի մեկնաբանությամբ՝ «արտասահմանում, երբ մի հագուստի սեզոնը փակվում է, փողը չեն քնացնում, դա էժանով հանձնում են «Սեքընդ հենդերին», տեղը նոր բաներ են դնում»: Մեկ ուրիշի պատկերացումներով՝ «դրանք գործարանի արտադրած մի քիչ բռակ, ծուռ կարերով հագուստներն են, որոնք գործարանատերերը տոպրակներով թողնում են դրսում, ով ուզում է՝ վերցնում է»: Խոսքերի ճշմարտացիությունը հաստատելու համար վերջինս նշեց, որ «արտասահմանցիները մեզ նման չեն, շատ քմահաճ են, բոլոր կարերին մանրակրկիտ ուշադրություն են դարձնում, իսկ մեզ մոտ նայում են մենակ ձեւին»: Հասարակության մեջ լուրեր են պտտվում, որ դրանք արտասահմանի մեռելների հագուստներն են, տեղի ճարպիկ հայերը «պասիլկա» են անում, ուղարկում Հայաստան ու վաճառում: Բայց խանութներից մեկում մեզ ասացին, որ նման բան չկա, «իզուր թող ժողովուրդը հուշտ չլինի, մենք հագուստներից շատերը արտերկրում պատվիրում ենք, ուղարկում են»: Մեկ ուրիշ հարց է, թե ովքեր են Հայաստանում «Սեքընդ հենդ» խանութների հաճախորդները: Այս առնչությամբ կարծիքները նույնպես հակասական էին: Ոմանք հավաստում էին, թե իրենցից հիմնականում առեւտուր են անում մարզերից եկած ուսանողները, ոմանք էլ՝ «գյուղացիներին այդքան ճաշակ որտեղի՞ց, որ մեր ապրանքները հավանեն, նրանք գերադասում են օգտվել Բանգլադեշի տոնավաճառից»: Հիմնական տեսակետն այն էր, որ «Սեքընդ հենդերից» միանշանակ օգտվում են միայն մտավորականները՝ դերասանները, մշակույթի գործիչները, օպերային երգիչները եւ այլք. «Նրանք սիրում են ստիլնի հագնվել ու դրա համար քիչ վճարել»: Մենք նկատեցինք, որ «երկրորդ ձեռքի» խանութներում վաճառվում են հագուստներ՝ անգամ նորածինների ու երեխաների համար: Հաշվի առնելով դրանց թեւքերի կեղտը, ճաշային հետքերն ու լաքաները՝ դժվար չէր կռահել, որ հագուստներն օգտագործված էին: Խանութների աշխատակիցները դա չժխտեցին էլ, միայն հավատացրին, որ արտասահմանում դրանք քիմմաքրում են անցել, նոր ուղարկվել Հայաստան: Ամեն դեպքում՝ հիգիենայի տեսակետից այդ հագուստները երեխաներին հագցնելը խիստ մտահոգիչ է, բայց, փաստորեն, դրանք նույնպես ունեն իրենց գնորդները: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել