Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքեցիք՝

Հոկտեմբեր 25,2005 00:00

Բողոքեցիք՝ չլսեցի՞նք Զախարյանը չի լսել Ղարաբեկյանի ձայնը Երեկ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր գոհունակությունը հայտնեց այս տարվա 9 ամիսներին համայնքների ու քաղաքապետարանի կատարած աշխատանքների մասին: Նույնիսկ դժվարացավ առանձնացնել իրեն լավագույնս դրսեւորած թաղապետին՝ «բոլորն էլ նախատեսվածից շատ աշխատանք են կատարել»: Թե ինչո՞ւ այդքան լավ աշխատանքի արդյունքում չի լուծվել բնակչությանը հավերժ անհանգստացնող աղբահանության խնդիրը, ապա դա «միայն թաղապետարանի մեղքը չէ, բնակիչներն իրենք մաքրության մասին չեն մտածում, որտեղ պատահի՝ աղբ են թափում»: Քաղաքապետն ընդունեց տրանսպորտի անբավարարության հետ կապված քաղաքացիների դժգոհությունը. մինչեւ տարեվերջ՝ 100, իսկ մյուս տարեվերջ՝ 365 ավտոբուս կներկրեն ու այդ խնդիրը կլուծեն: Նաեւ լրագրողներին խորհուրդ տվեց չանհանգստանալ ավտոբուսներ ձեռք բերելու համար գոյացած վարկային պարտքերի համար՝ «շատ լավ էլ վճարում ենք, խնդիր չունենք»: Ինքնակամների պատճառով այդքան սթրես տարած քաղաքացիները կարող են այլեւս չնեղվել՝ «մոտեցումը կոշտ չի լինի, կգտնենք այնպիսի լուծումներ, որ նրանց կառույցները չքանդվեն»: «Սթրեսայինների» մյուս խմբի՝ իրացվող նոր տարածքների բնակիչներն էլ կարող են վստահ լինել, որ, ի տարբերություն իրենց նախորդների, այս անգամ գումարի հետ կառաջարկվի նաեւ բնակարան՝ ընտրությունն էլ իրենցն է: Քաղաքապետը բարի տրամադրված չէր միայն Կամերային թատրոնի տնօրինության նկատմամբ՝ վերջինս մինչ այժմ իրեն չի դիմել Կամերայինի շուրջը կառուցապատելուն դեմ բողոքով: Ավելին՝ «չորս ամիս է, ինչ շենքի շուրջը քանդում են, բայց ոչ բնակիչներից՝ բողոքի զանգ, ոչ էլ նույնիսկ լրագրողներից՝ դրան անդրադարձ չեղավ, թաղապետարանն էլ որոշեց տալ շինթույլտվությունը, ու դրանից հետո նոր աղմուկն առաջացավ»: Նկատենք, որ Կամերային տան շուրջ նախատեսվող շինարարությանը «Առավոտն» անդրադարձել է դեռեւս ամռան կեսին, երբ նոր էին սկսել քանդել արահետի բետոնն ու եզրաքարերը: Այդ ժամանակ միակ արձագանքը ստացանք նախկին քաղաքապետ Ռ. Նազարյանից այն մասին, որ որոշման հեղինակն ինքը չէ: Դեռ այն ժամանակ Կամերայինի տնօրինությունը հայտնեց, որ կարեւոր չէ, թե փաստաթղթեր ունի՞ կառույցը, թե՞ չէ՝ սխալ է նման երաժշտակենտրոնի հարեւանությամբ որեւէ կառույց «մոգոնելը»: Իսկ այստեղ նախատեսված է կառուցել սննդի ու զվարճանքի մեծ օբյեկտ: Ինչի կասեցման համար Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ: Ե. Զախարյանն ասաց, որ թեկուզ բողոք չեն ստացել, բայց թույլատրել են կառուցապատել միայն վերցրած տարածքի 15 տոկոսի չափով, իսկ մնացածը կբարեկարգվի՝ առանց ծառերը վերացնելու: Չբացառենք, որ «բարեկարգված» համարվող տարածքում կտեղավորվեն մի քանի «քյաբաբնոցները», յուրաքանչյուրն իր ճաշակի երաժշտական «ձեւավորմամբ»: Խնդիրը փակված չէ, բանակցություններն ընթանում են: Վատ չէր լինի, որ բանակցային կետերից մեկն էլ դառնար կեսդարյա հաճարենիների ու լորենիների կյանքի գնով «ուտուշ-խմուշի» օբյեկտի գաղափարից հրաժարվելու հարցը: Եթե, իհարկե, օբյեկտի իրական տերը քաղաքապետի «ատամի բանն» է: Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել