Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդին

Հոկտեմբեր 25,2005 00:00

Ալավերդին դեռ էն գլխից Սանահին է Վերջերս «Առավոտում» կարդացի, թե Հայաստանի կոմկուսը դիմել է կառավարությանը՝ Ալավերդի քաղաքը Միկոյան վերանվանելու առաջարկ-պահանջով: Նախ, որ Ալավերդին մոլլայի անունով է կոչվել՝ եղած վարկածներից մեկն է: Տարբերակ կա նաեւ՝ Ալանգվերդի (վրացերեն՝ ալանների ձոր): Այլ վարկածներ էլ կան: Ինչեւէ, անվանափոխելը ճիշտ է: Բայց ինչպե՞ս: Միկոյան գերդաստանը, հատկապես Անուշավան եւ Անաստաս եղբայրները մեր ժողովրդի պարծանքն են եղել եւ կան: Բայց մարդն է հայրենիքի ծնունդ եւ ոչ հայրենիքը՝ մարդու: Միկոյանները սանահինցի են, Ալավերդին 70% կոչվում է Սանահին (Սանահին սարահարթ-գյուղ-կայարան՝ ամենախոշոր թաղամասերն են): Սանահինի պատմական կամուրջը հենց քաղաքի կենտրոնում է ու քաղաքն էլ ամբողջովին Սանահինի տարածքում է ծավալվել: Այսինքն էն գլխից Սանահին է, պարզապես պետք է փաստն արձանագրել եւ վերջ: Այլ նկատառումներով եւս դա նպատակահարմար է: Պատմական, հայեցի ու բարեհունչ Սանահին անվանումը այլեւս քարտեզներում չկա ու տարիներ անց հիշվելու է միայն վանքի հետ կապված, այսինքն քաղաքը Սանահին վերանվանելով՝ անունը հավերժացվում է: Իր հերթին՝ քաղաքն օրինականորեն տեր է կանգնում իր ամբողջական անցյալին, որ գնում է դարերի խորքը եւ չի սահմանափակվում միայն վերջին 200-250 տարվա (գործարանի տարիքը) պատմությամբ եւ Միկոյան եղբայրների գործը իրենց հայրենիքի դարավոր պատմության ոչ եզակի, թեեւ ամենապայծառ դրվագներից մեկն է: Մինչ այդ Գրիգոր Մագիստրոս է եղել, Կյուրիկյան թագավորներ ու Երկայնաբազուկներ են եղել, Զաքարյան-Արղության (նույնիսկ Հովսեփ Արղության ամենայն հայոց կաթողիկոս է եղել), Սայաթ-Նովա է եղել… եւ նրանց ընդհանրացնողն ու մեկտեղողը Սանահին անունն է: Ու պատմությունը չի ընդհատվելու, ինչ իմանաս, քաղաքը դեռ ինչ պայծառ անուններ է տալու մեր ժողովրդին, ինչու չէ՝ նաեւ աշխարհին: Բնակավայրը մեկ մարդու անվան հետ կապելը ասես վերջակետ է դնում: Ընդունելի չէ: Ի վերջո, կար նաեւ Մանես անունը, որ 11-րդ դարից է գալիս (ի դեպ, նույնպես Սանահինով պայմանավորված՝ Մանաց գոմեր ձմեռոց է ունեցել գյուղը) ու ոչ վաղ անցյալում քաղաքն այդ անվանումն ուներ բնակիչների հիշողության մեջ: Անընդունելի է նաեւ անվանումների հետ խաղալու մարմաջը: Վերջերս էլ բոլորի կողմից ընդունված Օղակաձեւ զբոսայգին վերանվանվեց Երիտասարդական (կարծես ծերերն իրավունք չունեն լինել այնտեղ) ու այդ «նվաճումը» մատուցվեց որպես մեծ հաղթանակ, ինչպես Հրանտ Մաթեւոսյանը կասեր՝ «հորթային հրճվանք» պատճառելով «կոմսոմոլ» հիշեցնող երիտասարդական ինչ-որ խմբակի: Պարապ են մնացել: Բայց վերադառնանք մեր խնդրին: Քաղաքը պետք է ունենա բնակավայրի անուն: Գուցե Ձորաշատ կամ Ձոր (տեղանքն նկատի ունենալով՝ ժողովուրդն այդպես էլ կոչում է): Չգիտեմ: Չգիտեմ նաեւ իր նախաձեռնությունն անելիս ՀԿԿ-ն տեղացիների կարծիքը հարցրե՞լ է. դժվար հարցրած լինի, որովհետեւ այդ կուսակցությունը միշտ էլ հարսով փեսին լավություն անելու «խասյաթ» ունեցել է: Ու նաեւ, երեւում է, նույնպես պարապ են մնացել: ԱՐԱ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ Արձակագիր, ՀԳՄ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել