Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՄՈՒՆԻՍՏԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ»

Նոյեմբեր 03,2005 00:00

Ասում է կոմունիստ, ԱԺ նախկին պատգամավոր
Խորեն Թռչունի Սարգսյանը – Խորեն Թռչունիչ, ձեր կարծիքով՝ սահմանադրական
փոփոխությունների քարոզչությունը իշխանությունները նորմա՞լ են կազմակերպում, արդյոք
ձեր հարեւանները, ծանոթ-բարեկամները եւ շրջապատը տեղեկացվա՞ծ են, թե ի՞նչն է փոխվում
սահմանադրության մեջ, ի՞նչն է լավ կամ վատ: – Ձեր հարցը լսելով՝ ես ակամա
հիշեցի Գեւորգ Էմինի մի բանաստեղծությունը, որտեղ ասվում է. «Ապերախտ աշխարհ, վատ
մարդիկ՝ ինչքան կամենաս, լավ մարդիկ՝ հանա՞ք ես անում»: Հիմա, հետեւելով այս քարոզարշավին՝
ուզում եմ մեջը լավ բան տեսնել, գտնել՝ չկա եւ չկա, ոչ թե այն պատճառով, որ ես ընդդիմադիր
հայացքով եմ նայում, այլ՝ չկա: Փողոցում կանգնեցնում եւ խոսեցնում են այն մարդկանց,
ովքեր սահմանադրությանը «այո» են ասելու. մեր երկիրը փոքր է, եւ դու գիտես, որ դա
ունեւորի երեխա է, ապահովված մարդ է: Դեռ չեն մոտեցել ոչ մի հասարակ մարդու, իհարկե՝
մոտեցել են, ժողովուրդը իր «ոչ»-ը ասել է, բայց հեռուստատեսության առաջին ալիքը,
որը սնվում է բյուջեի գումարով, կատարում է այսօրվա իշխանությունների պատվերը: Կամ՝
շոուներ են ցուցադրում, ինչ-որ տեղից պեղած 22-27 կուսակցություններ ստորագրում են
«այո»-ի տակ: Հասկացանք, իշխանության մաս կազմած երեք կուսակցությունների մեջ ինչ-որ
չափով մարդ կա, բայց մնացածի մեջ ոչ մեկը չկա: Էդ քսանքանի կուսակցությունների մեջ
իսկական անուն-ազգանունով մի 140 մարդ չի գտնվի: Այս ամբողջ շոուն, «այո»-ի այս թատրոնը
սարքում են հետագա կեղծիքների համար: Իսկ այդ կեղծիքը այս իշխանությունների ամենավերջին
ճակատագրական սխալը կլինի: Ի՞նչ են ասում սրանք՝ եթե հանկարծ սահմանադրությունը չանցնի,
Եվրամիությունը մեզ ուրիշ ձեւով կնայի: Էդ նույն Եվրամիության ամենասիրտը կոչվող
Ֆրանսիան հանրաքվեի դրեց նույն ԵՄ սահմանադրությունը, որը չանցավ, Ֆրանսիային էդ
ո՞վ հանեց, հըլա չես մտել, ինչի՞ց ես վախենում: Ես վստահ եմ, էս սահմանադրությունը
չի անցնելու, չի անցնելու թիվ մեկ պատճառով՝ հանրաքվեի համար հարկավոր ձայների տոկոսն
ապահովող այդքան մարդ Հայաստանում չկա: Սա՝ առաջին, երկրորդը՝ ասում են, թե սահմանադրության
մեջ իշխանությունը իրենք իբր տարանջատել են: Էդ ո՞նց ես տարանջատել: Տղամարդկություն
ունեցեք եւ ժողովրդին ասեք, որ իշխանությունը բաժանել եք, մի մասը նախագահին եք տվել,
մի մասը՝ Ազգային ժողովին, մի մասը՝ կառավարությանը, բա էս ժողովրդին ի՞նչ եք տվել:
Եթե այս սահմանադրության մեջ լիներ այնպիսի կետ, որ ընտրված մարմնին ժողովուրդը իրավունք
ունենար հետ կանչել՝ իր պարտականությունները չկատարելու համար, ես կասեի, որ իրոք
ժողովրդավարական է, եւ ժողովուրդը իրավունք կունենար «այո» ասելու: Ժողովուրդը չի
գնում նախագահական ընտրությունների, գնացողն էլ «ոչ» է ասում, դու ցույց ես տալիս,
որ ընտրվել է, եւ ոչ լեգիտիմը մնում է, եւ ժողովուրդը ձայն չունի՝ ասելու, որ ինքը
չի ընտրել: – Սակայն Խորեն Թռչունիչ, եվրոպական կառույցները դրական կարծիք
են հայտնել այս փոփոխությունների վերաբերյալ ու հորդորում են ե՛ւ ընդդիմությանը,
ե՛ւ ժողովրդին՝ ընդունել փոփոխությունները: – Ճիշտը կուզես իմանալ՝ Եվրամիությանը
այսօր միայն մի կետ է հետաքրքրում՝ ուզում ես, մնացածը մի գրի, բայց գրի, որ նախագահը
Ազգային ժողովին է ներկայացնում պետական սահմանների փոփոխության հարցը: Նրանք լավ
գիտեն, որ հայ ժողովուրդը երբեք հանրաքվեով սահմանի փոփոխության կողմնակից չէ, իսկ
խորհրդարանում դա կանցկացնեն, լծակները մեծ են, կվախեցնեն ցրելով, իսկ մարդիկ միլիոններ
են ծախսել-մտել էդտեղ, ցրելուց շատ են վախենալու, եւ 60 պատգամավոր հանգիստ կգտնվի:
Իսկ Եվրոպային այսօր միայն դա է հետաքրքրում՝ Ղարաբաղի հարցից ազատվելու համար: Եվ
այս բոլորից հետո էլ ավելացված է նաեւ պաշտոնավարումից հետո նախագահի անձեռնմխելիության
հարցը: Այս ամենը իրար հետ կապված է: – Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուբեն Թովմասյանի
գլխավորած կոմկուսի դիրքորոշումը սահմանադրական փոփոխություններին: – Ես Ռուբեն
Թովմասյանի դիրքորոշումը լսել եմ հեռուստատեսությամբ նրա ելույթում, որ իրենք բոյկոտելու
են: Ասեմ ձեզ, կոմունիստը բոյկոտելու, ձեռնպահ մնալու իրավունք չունի, նա առաջամարտիկ
է եւ ցանկացած իրավիճակում իր դիրքորոշումը պարտավոր է արտահայտել, իսկ բոյկոտը դիրքորոշում
չէ: Մեր դիրքորոշումը այս սահմանադրությանը «ոչ» ասելն է, թող բոյկոտեն ուրիշները,
բայց կոմկուսը բոյկոտի իրավունք չունի: Վաղը, մյուս օրը ես գնալու եմ իմ հայրենի
Գեղարքունիք, իմ լեզվով, հասկանալի բառերով ես մարդկանց կասեմ, թե ինչի է հարկավոր
էս սահմանադրությանը ասել «ոչ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել