Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձրեք

Նոյեմբեր 09,2005 00:00 Share

Վերադարձրեք մեր «Ամոն» Ներկայացվող բողոքով երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել Զովունի գյուղի եզդիները Մինչեւ 1972թ. մեր գյուղը մտնում էր Երեւանի Շահումյանի շրջանի վարչական տարածքի մեջ եւ կոչվում էր Ամոյի գյուղ: Իսկ երբ Ապարանի Զովունի գյուղից բնակչությունը տեղափոխվեց մեզ մոտ, գյուղը վերանվանվեց Զովունի: Մինչեւ զովունցիների գալը, մենք ապրում էինք բնականոն կյանքով: Նրանց գալուց հետո ամեն ինչ տակնուվրա եղավ եւ 30 տարուց ավելի է, որ մեր մաշկի վրա զգում ենք խտրականության եւ անտարբերության կնիքը: Զովունի գյուղի Ամո թաղամասի եզդիները կազմում են 300-ից ավելի ընտանիք, բայց հողի սեփականաշնորհման ժամանակ մեզ ոչ մի թիզ հող չհասավ: Ավելին, առայսօր հստակեցված չէ մեր 90 տարվա տների եւ տնամերձերի կարգավիճակը: Գյուղի շենացման անվան տակ անցկացվեցին բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր, այն էլ հենց եզդիների տների վրայով, որ մենք գյուղը թողնենք-հեռանանք: Այդ բարձր լարման հետեւանքով շատ եզդիներ հիվանդացան, մահացան: Գյուղի հայկական թաղամասը գազիֆիկացվել ու ասֆալտապատվել է, իսկ մերը՝ ոչ, փողոցներն էլ ցեխի ու աղբի մեջ կորած են: Գյուղապետարանը հումանիտար օգնություն բաժանելիս մեզ՝ եզդիներիս ոչինչ չի տալիս: Զովունի գյուղի դպրոցի շենքը բոլոր աշակերտներին չի տեղավորում, չունենք մանկապարտեզ: Այնպես որ, եզդի երեխաների համար պետք է կառուցել առանձին դպրոց եւ մանկապարտեզ: Գյուղի գերեզմանոցում էլ արդեն թաղելու տեղ չկա եւ դրան կից տարածքը, որն ազատ է, պետք է հատկացնել մեր համայնքին: Գյուղի արեւելյան եւ արեւմտյան մասերում ամեն օր Երեւանից բերում-դատարկում են շինարարության հետեւանքով մնացած մի քանի ավտոմեքենա հող: Երբ նույնիսկ թեթեւ քամի է բարձրանում, այդ հողն ու փոշին խեղդում են հատկապես եզդի բնակչությանը: Իսկ գյուղի արեւելյան մասում, որտեղ եզդիների հողատարածքներին կից կառուցվել է ասֆալտի արտադրամաս, ծուխն ու քիմիական արտանետումները ստեղծում են հակաէկոլոգիական վիճակ, ինչը բացասաբար է անդրադառնում հատկապես եզդի բնակչության առողջության վրա: Մենք դրա մեջ դիտավորություն ու հետին նպատակ ենք տեսնում: Ամո թաղամասում կա 200 երիտասարդ ընտանիք, որոնք ապրում են ծնողների խրճիթներում եւ նրանց չի տրվում տնամերձ հողամաս: Վերջերս Զովունիում տեղի ունեցավ գյուղապետի ընտրություններ: Եզդի երեք բնակիչ ավագանու թեկնածուներ էին, սակայն ոչ ոք չընտրվեց՝ քվեաթերթիկները կեղծելու պատճառով: Մենք՝ եզդիներս, ներգրավված չենք գյուղի ինքնակառավարման մարմնում, այն դեպքում, երբ կազմում ենք գյուղի բնակչության 30%-ը: Խնդրում ենք Ամո թաղամասը անջատել Զովունիի գյուղապետարանից, վերանվանել Ամո գյուղ՝ առանձին գյուղապետարանով կամ, ինչպես մինչեւ 1972-ն էր, նորից վերականգնել Երեւանի շրջագծի մեջ եւ սպասարկումը դնել Երեւան քաղաքի վրա: Ամոյի եզդիներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել