Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ`

Նոյեմբեր 11,2005 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ` «ԼՈԼՈ» «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ անցկացրած Մեսրոպյան գյուտի 1600-ամյակին նվիրված «Սրի դեմ գրիչ» խորագրով համաքաղաքային շարադրության մրցույթի արդյունքները: Երեւանի հանրակրթական դպրոցներում շուրջ երկու ամիս առաջ մեկնարկած մրցույթն անցկացվել է երեք փուլով: Եզրափակիչին մասնակցել է լավագույն աշխատանքների 54 հեղինակ: Նախքան միջոցառման սկիզբը՝ համերգասրահի մոտ հավաքված ուսուցիչներից մի քանիսը չգիտեին էլ, թե իրենց ինչու են «զոռով» կանչել. «Երեւի էլի սահմանադրության «այո»-ի մասին լոլո են կարդալու»,- ենթադրում էին նրանք: Եվ միջոցառման ընթացքում սահմանադրության քարոզ անելու պահը չկորցրեց «Հայ դպրություն» հ/կ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հենց հայ ազգը զգաց, որ իր սահմանադրությունը դպրոցն է, մենք հաղթելու ենք անպայման: Եվ բոլորովին պետք չէ ընկճվել, որ մեր արժեքային համակարգում կարող են համադրվել այլ եվրոպական արժեքներ, միեւնույն է՝ մեր խոսքն ու գիրը դուրս են մղելու դրանց»,- ասաց բանախոսը: Թերեւս համեմատելով ԱԺ ամբիոնի հետ՝ Գ. Սահակյանն իր ելույթում խոստովանեց. «Ամենադժվար ամբիոնն է խոսք ասելու համար: Այստեղ քնարերգությունը շատ է, այստեղ մաքուր, զուլալ հոգիներ են»: Այս բազմաբովանդակ ելույթը նա եզրափակեց՝ անդրադառնալով դպրոցների ջեռուցման խնդիրներին եւ հույս հայտնեց, որ 3- 4 տարի անց բոլոր դպրոցներում ջեռուցման համակարգ կլինի: Մրցույթում առաջին տեղ չկար. ժյուրիի պահանջները չէին բավարարվել: «Հայ դպրություն» հ/կ-ի անդամ Արմենուհի Քոչարյանն ասաց, որ դրա պատճառն այն է, որ երեխաները քիչ են գիրք կարդում: Երկրորդ մրցանակի արժանացավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 181 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մովսիսյանի «Եվ մայրենի գրին անունը քո սուրբ» վերնագրով շարադրությունը: Իր աշխատանքը Անահիտը գրել է պատմվածքի ոճով: Այն պատմում է, թե Մեսրոպ Մաշտոցը ինչպես է ստեղծել գրերը: Ա. Մովսիսյանը կարծում է. «Այս կարգի մրցույթներ պետք է հաճախ կազմակերպվեն: Սա կարծես լույս լինի համատարած խավարում: Մաշտոցի գրերի շնորհիվ հայերը կարողացան դիմակայել դժվարություններին: Կոչ եմ անում, որ հիմա էլ համախմբվենք եւ մեր տառերով պայքարենք՝ վստահ եմ, որ կհաղթենք»: Երկրորդ մրցանակի արժանացավ նաեւ թիվ 36 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գիշյան Ռոզայի «Գիրը՝ մեր հոգեւոր հացը» շարադրությունը: Մրցանակային երրորդ տեղը բաժանվեց երեք հոգու միջեւ: Պատվոգրերից բացի՝ հաղթողներն ու նրանց ուսուցիչները ստացան դրամական պարգեւներ: Մրցույթին մասնակցած տասը աշակերտ էլ արժանացավ խրախուսական մրցանակի: Ուշագրավն այն էր, որ բոլոր մրցանակակիրները իգական սեռից էին: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930