Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «կլասը» կբարձրանա

Նոյեմբեր 12,2005 00:00

Հայաստանի «կլասը» կբարձրանա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լուծել է պրովայդերների հարցը «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը, որին հիմնականում անդամակցում են ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերություններ, անընդհատ բողոքում էին, որ «ԱրմենՏելի» մատակարարած ինտերնետ կապի որակի ու մատչելիության պատճառով Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով աշխարհում համարվում է «ճ» կլասի երկիր: Նույն բողոքով այս տարի օգոստոսի 8-ին նրանք դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ նշելով, որ «ԱրմենՏելի» կապուղիների միջոցով մատակարարվող ինտերնետ հասանելիության ծառայությունները աչքի են ընկնում իրենց անհուսալիությամբ եւ ցածր որակով, չեն ապահովում երկրի տեղեկատվական անվտանգությունը եւ լրջորեն խոչընդոտում են երկրի գերակա ոլորտի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»: Բացի այդ, պրովայդերների մեկնաբանությամբ, ծառայության գինը Հայաստանում շատ բարձր է՝ մյուս երկրների հետ համեմատած: Այժմ հանձնաժողովի միջոցով խնդիրը վերջապես լուծում է ստացել: Նախ, թիվ 60 լիցենզիայում ամրագրված բացառիկ իրավունքի հիմքով՝ «ԱրմենՏելը» պարտավոր է Հայաստանի ողջ տարածքում ապահովել ինտերնետ հասանելիություն: Ինտերնետ հասանելիությունն «ԱրմենՏելն» այսօր ապահովում է երկու եղանակով՝ կաբելային եւ արբանյակային: Ինտերնետն իրենից ներկայացնում է տվյալների փոխանցում, իսկ արբանյակային եղանակով տվյալների փոխանցումը տեղի է ունենում ուղարկման եւ ստացման միջոցով: Լիցենզիայի վերախմբագրված տարբերակով, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 4-ին, կաբելային եղանակով ինտերնետի մատակարարումը (տվյալների փոխանցումը) եւ արբանյակային եղանակով տվյալների ուղարկումը «ԱրմենՏելի» մենաշնորհն են, իսկ արբանյակային եղանակով տվյալների ստացման միջազգային ծառայության մատուցումը ազատականացված է: Փաստորեն, պրովայդերները, առանց «ԱրմենՏելի» միջնորդության, արբանյակի միջոցով ունեին ստացման հնարավորություն, ինչն անհամեմատ ավելի էժան է՝ այդ եղանակով տվյալներ ստանալու համար, սակայն չէին կարող առանձին ձեռք բերել արբանյակային ուղարկման ծառայությունը: Այսինքն՝ ստացվում էր, որ տվյալների ուղարկման ծառայություն ձեռք բերելու համար ինքնաբերաբար եւ անուղղակիորեն ձեռք էին բերում նաեւ տվյալների «միջազգային մուտքի ստացման ծառայություն», ինչն իրենց անհրաժեշտ չէր. այն կարող էին անհամեմատ ցածր գներով ձեռք բերել նաեւ արտասահմանյան գործընկերներից: Փաստորեն, պրովայդերները ստիպված էին լինում նույն ծառայության համար վճարել կրկնակի, ինչը բիզնեսի տեսանկյունից աննպատակահարմար է: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Ինտերնետ միության» բողոքն ուսումնասիրելով՝ հանձնաժողովի որոշմամբ, այլեւս տարանջատվել են այդ 2 ապրանքային շուկաները, որոնք մինչ այժմ հստակորեն տարանջատված չէին եւ ինտերնետի բարձր գնի ու ցածր որակի պատճառ էին դառնում: Հանձնաժողովի որոշմամբ՝ «ԱրմենՏելը» պարտավորվեց արբանյակային կապուղիներով ելքն առանձին մատակարարել եւ քայլեր ձեռնարկել՝ միայն ելքի ծառայության մատուցման համար առանձին սակագին ունենալու: Բացի այդ, որոշման արդյունքում, «ԱրմենՏելի» համաձայնությամբ, պրովայդերները իրավունք ստացան տեղադրել արբանյակային ալեհավաք, ընտրել իրենց համար առավել նախընտրելի արբանյակը՝ նոր հանձնել «ԱրմենՏելին» շահագործման: Հ. Ջ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել