Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ

Նոյեմբեր 17,2005 00:00

ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ Ըստ ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի, ՆՓԱԿ-ցիների՝ Սենայի մեջ միզելը նրանց Դալի կամ Պիկասո չի դարձնի: ՆՓԱԿ-ի կինոյի, թատրոնի բաժնի համակարգող, ռեժիսոր Գագիկ Ղազարէն վերջերս հայկական կինոյի վերաբերյալ որոշ դիտարկումներ էր արել «Առավոտում»: Որոշեցինք լսել նաեւ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի տեսակետը: – Պրն Գեւորգյանց, Գագիկ Ղազարէն հայտարարել է, որ «այսօրվա մեր կինոյի վերնախավը հայկական կինոյի դավաճանությամբ է զբաղված, արվեստի այդ տեսակը օր օրի, ժամ առ ժամ ոչնչացվում է», ինչ վերաբերում է խորհրդային տարիների կինոյին, այն բոլորիս նվեր էր: Որպես Կինոգործիչների միության նախագահ, համաձա՞յն եք վերոնշյալ տեսակետի հետ: – Կա ռուսերեն հասկացություն՝ «աբիժնիկ»: Դա նեղացած մարդու խոսք է: Լավ է, որ մտահոգ է երիտասարդը, բայց վատ է, որ դառնացած է: Ես համամիտ եմ, որ սովետական շրջանի կինոն իրոք նվեր էր, ինչն իմ ելույթներում միշտ ասել եմ: Սովետական շրջանում մենք ունեինք լայնածավալ կինոարտադրություն, ինչը չունենք հիմա: Բայց վերջին 10 տարում էլ ունենք կինո՝ Վիգեն Չալդրանյան, Էդգար Բաղդասարյան, Սուրեն Բաբայան, Միքայել Դովլաթյան… էլ չեմ ասում Ալբերտ Մկրտչյան եւ այլք… Նրանք էլ են գնում շատ ավելի կարեւոր փառատոների ու մրցանակներ բերում: Այսինքն՝ կինո նկարահանվում է, ուղղակի չկա կինոյի գաղափարախոսություն, կինոյի քաղաքականություն: Ձեր թերթում երիտասարդն ասել էր, որ Հայաստանում փառատոներ են արվում ընդամենը օտարներին խորոված ուտեցնելու համար: Համաձայն չեմ: Օրինակ՝ «Ոսկե ծիրանի» գլխավոր նպատակը Հայաստանի իմիջը բարձրացնելն է: Այն, որ «Ոսկե ծիրանին» մասնակցում են կինոյի դեմքեր եւ լավ ֆիլմեր, արդեն հօգուտ Հայաստանի է: Այլ հարց է՝ ինչպես է կազմակերպվում: Կարեւորը՝ քաշով մարդիկ Հայաստանից գնում են լավ տպավորություններով: Դառնանք մեր՝ «Ես եմ» փառատոնին: Այնտեղ ընդամենը 30%-ն է մասնակցում դրսից, մնացածը մերոնք են՝ անգամ տարբեր գավառներից: Մենք աշխատում ենք հայտնաբերել շնորհալի երիտասարդներին, այնպես որ, մեր դռները բաց են բոլորի առաջ: Իսկ ՆՓԱԿ-ում ընդամենը էքսպերիմենտալ ֆիլմեր են անում, ու իրենց ցավն այն է, որ էքսպերիմենտից այն կողմ չեն անցնում: Ինչ խոսք, ՆՓԱԿ-ի նման կազմակերպությունները միշտ պետք են, որովհետեւ նրանք, ովքեր չեն կարողանում իրենց գտնել՝ գնում են ՆՓԱԿ, այն մի տեսակ ինքնաբավարարման տեղ է… Այո, կինոն իսկապես ճգնաժամ է ապրում, բայց այն անկումի մեջ չէ, ինչպես կարծում է երիտասարդը: Կինոն ֆինանս է ենթադրում, իսկ մեր պետությունը կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում պահել կինո: Շատ լավ է, որ ՆՓԱԿ-ը ամերիկաներից կամ ինչ-որ երկրից փողեր է ստանում, դա էլ է քաղաքականություն ու մենք գիտենք՝ ինչու է արվում…Վատ է, որ իրենց ներշնչել են, թե էլիտա են ու մյուս էլիտային էլ պետք է խփեն: – Վերջերս մշակույթի նախարարությունում քննարկվում էին Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր դրույթները, դուք չէիք մասնակցում, որպեսզի ներկայացնեիք ձեր նկատառումները: – Անկեղծ ասած, ես ոչ մի փաստաթղթի չեմ հավատում: Բոլոր փաստաթղթերը քվեարկվում են, մշակվում, հետո վերադառնում լրիվ այլ տեսքով: Մինչդեռ ստույգ քաղաքականություն պիտի լինի՝ որտե՞ղ, ե՞րբ, որքա՞ն: Նստած օր ու գիշեր մտածում ենք՝ ինչպես կինոկենտրոն ստեղծել, որի մեջ կմտնեն նաեւ փառատոները, իսկ մի երիտասարդ վեր է կենում ու հայտարարում, թե հայ կինո չկա: Ամեն մեկը չէ, որ իրավունք ունի այդ մասին խոսելու…Վերջերս Ֆրանսիայում էի, խոսում էին «խելագար» ակցիաների մասին, մեկ էլ ասացին, որ Հայաստանից կարծեմ թե ՆՓԱԿ-ն է նման մի բան արել՝ 6-7 հոգով միզել են Սենա գետի մեջ: Ժամանակին բոլորն էլ արել են այդպիսի բաներ, Դալին էլ, Պիկասոն էլ, բայց դե ՆՓԱԿ-ը դժվար թե Դալի ու Պիկասո տա: – «Հայֆիլմի» նոր կարգավիճակից հետո հայ կինոյում շարժ ակնկալո՞ւմ եք: – Նոր սեփականատերերը առել են, որ զարգացնեն կինոբիզնեսը, դրա մեջ մտնելու է նաեւ հայկական կինո պատրաստելը: Այդ ֆիլմերով իրենք պիտի կարողանան մասնակցել «Ա» եւ «Բ» կարգի փառատոներին, որ ճանաչել տան հայ կինոն: – Ի վերջո, ի՞նչ ասել է հայ կինո, ո՞րն է դրա բանաձեւը: – Օրինակ՝ կար Հենրիկ Մալյան, Ֆրունզե Դովլաթյան… դա հայկական կինո էր: Կար Փարաջանով՝ դա էլ է հայկական, բայց իսկական արվեստը սահմաններ ու պիտակներ չունի… – Ի տարբերություն մյուս ստեղծագործական միությունների, ձեզ մոտ մի տեսակ քիչ են խժդժությունները: – Մեր միությունը որդեգրել է մի սկզբունք՝ յուրաքանչյուր մարդ պետք է լսվի, պետք է լինի բարի մթնոլորտ: Բոլոր ժամանակներում էլ եղել են խմորումներ եւ խմբավորումներ, բայց դա լավ բանի չի բերում, մանավանդ մեծ գաղափարական վեճեր չեն, որ բարիկադի այս կամ այն կողմում լինես: Բոլոր միություններում էլ կան մարդիկ, որ միայն խառնելու համար են: Մեզ մոտ էլ կան այդպիսիք, բայց գիտեն, որ խաղ չկա: Եթե մեկը գալիս է մյուսից բողոքելու՝ ձայնագրում եմ: Բացի այդ, մարդիկ գիտեն, որ պիտի միասին լինենք ինչ-որ բանի հասնելու համար: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել