Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՍՏԱՀԻ՛Ր

Նոյեմբեր 24,2005 00:00

ՎՍՏԱՀԻ՛Ր ՈՒԺԵՐԻԴ, ՀԱՎԱՏԱ՛ ՊԱՅՔԱՐԻԴ Ըստ միջազգային փորձագետի՝ կարեւոր է հավատալ կոռուպցիայի դեմ պայքարին ու նրա տված օգուտներին Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Արդյունավետ կառավարման միջազգային փորձի կիրառումը ազգային հակակոռուպցիոն միջոցառումներում» խորհրդաժողովը, որ կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ Բրիտանական խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան, Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակի համագործակցությամբ: Խորհրդաժողովի գլխավոր հյուրն էր կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ, Հոնկոնգի հակակոռուպցիոն անկախ հանձնաժողովի նախկին անդամ Բերտրան դը Սպեւիլը, որ եռօրյա այցով ժամանել է Հայաստան՝ կիսելու իր փորձը՝ մասնավորապես Հոնկոնգի օրինակով: Իսկ վերջինս դիտվում է իբրեւ կոռուպցիայից մաքուր երկիր: Իսկ ի՞նչ խորհուրդներ է տալիս փորձագետը մեր երկրին եւ հատկապես մեր կոռումպացված պաշտոնյաներին: Կոռուպցիայի դեմ պայքարում Բերտրանը կարեւորում է մի քանի պարտադիր պայմաններ, ինչպիսիք են քաղաքական կամքի դրսեւորումը, կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքի առկայությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ 3 պարտադիր բաղադրիչներով (օրենքի կիրառում, կանխարգելիչ միջոցառումներ եւ հասարակության իրազեկում), ռեսուրսների ներդրում, ժողովրդի օժանդակություն, տոկունություն՝ ժամանակ ու եռանդ չխնայելով: Ի հակադրումն նախորդ բանախոսների հնչեցրած կարծիքի, թե կոռուպցիայի դեմ պայքարում մեծ է հասարակության մասնակցության դերը, պրն Բերտրանը ասաց. «Եթե կարեւորում եք հասարակության մասնակցությունը, նախ պետք է հասարակությանը տեղեկատվությամբ ապահովեք: Օրինակ, որեւէ գյուղում ճանապարհ է կառուցվում: Եթե գյուղացին նախապես չգիտի, թե ինչ կարգի ճանապարհ է նախատեսված, ինչպե՞ս պետք է իմանա, թե արդյոք նորմա՞լ կառուցվեց այդ ճանապարհը, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է պաշտոնյաների վերաբերմունքին կոռուպցիայի դեմ պայքարում, ապա փորձագետը կարծում է, որ ընդհանրապես ով գալիս է պաշտոնի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցը դնում է «դժվար գործերի» մեջ եւ աստիճանաբար մոռանում դրա մասին: «Իսկ ընտրապայքարում էլ հաղթում եւ իշխանության գլուխ է կանգնում այն կուսակցությունը, ով ավելի համոզիչ է ասում, թե գալով իշխանության՝ կոռուպցիայի հարցը կլուծի»: Եվ պրն Բերտրանը մի քանի խորհուրդ է տալիս քաղաքական գործիչներին: Ըստ այդմ՝ նրանք նախ պետք է հասկանան, թե ինչ վնաս է տալիս կոռուպցիան, հետո պետք է կարողանան տեսնել, թե ինչ օգուտ կարող են ունենալ կոռուպցիայի դեմ պայքարելով եւ, որ ամենակարեւորն է՝ հավատան այդ արդյունքներին: Իսկ Հոնկոնգը հենց այդպես է հասել բավարար արդյունքի այս հարցերում: «Այդ հարցում դիմացկունություն է պետք, ինչն էլ առանց ցավի հնարավոր չէ: (Պետք է գիտակցես, որ այդպիսով կվնասես նաեւ քո խնամի-բարեկամներին): Իսկ ցավը մեղմելու ամենաարդյունավետ ձեւը անցյալի վրա գիծ քաշելն է: Կարեւոր է նաեւ հասարակությանը տեղեկացնել, թե կառավարությունն ինչ դիրքորոշում ունի եւ ինչ է մտածում այս հարցում»: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Արտակ Կիրակոսյանն այս առումով կարեւորեց գերատեսչությունների համատեղ ու մատչելի կայքի ձեւավորման հարցը, որ եթե ոչ այսօր, ապա գոնե մի քանի տարի հետո հասանելի կլինի լայն հասարակությանը: «Ինչ-որ բան արվում է, ամեն նախարարություն մի տեղից փող է ճարում, կայք է ստեղծում, բայց կարելի էր միասնական ձեւով անել: Էլ չեմ ասում տեղական ինքնակառավարման մարմինների համար: Հիմիկվանից պետք է մտածել այդ մասին: Էստոնիան անցել է էլեկտրոնային կառավարման, նույնիսկ կառավարության որոշումներն են օն-լայն լինում, նախարարներն իրենց կաբինետներում նստած որոշումներ են կայացնում եւ դա հասանելի է բոլորին»: Հանդիպմանը ներկա «Գիտակ» հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Աղաբեկյանը բողոքեց, որ երբ ինքը «Կաշառվածությունը եւ պետությունը» վերտառությամբ գիրք հրատարակեց, հասարակությունը ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեց դրա նկատմամբ: Գրադարաններում ձրի բաժանված այդ գրքերին ոչ ոք չի մոտենում, գրախանութներում 1000 դրամով անգամ չի վաճառվում այն, իսկ գրքի շնորհանդեսին լրագրողները չեն էլ գնացել: Եվ կարծիք հայտնեց, թե մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարով հետաքրքրված են միայն միջազգային կառույցները: Միջազգային փորձագետը պրն Աղաբեկյանին խորհուրդ տվեց նախ այդքան էժան չգնահատել սեփական գիրքը, որի դերն ինքն այդքան կարեւորում է, առավելեւս՝ այն ձրի չբաժանել գրադարաններին, եւ հետո՝ խորհուրդ տվեց, բացի տեսական նյութերից, հրապարակել կոնկրետ հետաքննություններ՝ կոնկրետ կոռուպցիոն երեւույթների հետ կապված: «Իսկ լրագրողներին այն չի գրավել, որովհետեւ բոլորովին էրոտիկ տեսք չունի»,- ասաց փորձագետը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել