Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ գոմի դռներ պետք չեն»

Նոյեմբեր 26,2005 00:00

«Մեզ գոմի դռներ պետք չեն» Բնակիչներն իրենց մուտքերի հին դռներն են պահանջում Կենտրոն համայնքի մի շարք փողոցներում ամռանը բազմաբնակարան շենքերի մուտքերը վերանորոգելու եւ մուտքի դռները փոխելու, կոդավորելու ծրագիր է իրականացվել: Սակայն արդեն ձմեռ է սկսվում, բայց բնակիչների հավաստիացմամբ՝ որոշ մուտքերում աշխատանքները դեռ չեն ավարտել, միայն քանդել ու թողել են: Մխիթար Հերացի փողոցի 16 շենքի 6 մուտքերում դեռեւս հունիսից է սկսել մետաղյա դռների տեղադրման գործընթացը, բայց մինչ օրս դռները չեն տեղադրվել: Բնակիչների պատմելով՝ անընդհատ գործը ձգձգում են, գալիս են, դնում-հանում, մի քիչ կողքերից տաշում ու օրերով կորչում: «Փինաչու գործ են անում, դռան վրա լիքը թերություններ կան, սողնակի օղակները նորմալ չեն, տեղադրված սողնակն անընդհատ ընկնում է, փականի օղակն էլ շարժվում: Մեր նորմալ փայտե դռները տարել-վառել են, տեղը գոմի դուռ դրել»,- «Առավոտին» բողոքեցին բնակիչները: Բացի այդ, նրանց ներկայացմամբ, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մուտքերի դռների չափսերը չեն համապատասխանում պատի բացվածքին: Շինարարներն էլ ստիպված ճեղքերը փակել են մետաղե կցոններով, պենոպլաստով եւ գաջով, որոնք մետաղյա դռան դեպքում հուսալի չեն եւ երկար չեն դիմանա: Որոշ բնակիչներ, իրենց պատմելով, «ատամները սրած» սպասում են շինարարներին, որ տեսնելիս 1-2 ամոթանք տան՝ անորակ աշխատանքի եւ գլուխ պահելու համար: Սակայն, ըստ նրանց, շինարարները գիտեն իրենց գլխի գալիքը ու այնպիսի ժամերին են իրենց գործն անում, որ ոչ ոք չնկատի: «Դռան վրայի կոդերը, որոնք տեղադրվել են իբր թե փողոցային շներից ու գողերից մեզ պաշտպանելու համար, իրենց առաքելությունը չեն կատարում, որովհետեւ դռների մեծ մասը չեն փակվում, մնում են բաց: Եթե նույնիսկ փակվում է, մեկ-մեկ սեկրետ է ընկնում, ծածկագիրն է փոխվում՝ չենք իմանում, ու ըսենց հազար ու մի պրոբլեմ: Դրա համար չենք էլ փակում»,- դժգոհեցին նույն փողոցի բնակիչները: Ինչ վերաբերում է շինարարների անորակ աշխատանքին՝ ըստ նրանց, «այդ հարցով դիմել ենք թաղապետարանի համատիրության ղեկավարությանը, բայց ոչինչ չի փոխվել. ոչ թերություններն են շտկվել, ոչ էլ մեղավորներին են կշտամբել ու փոխել»: «Հավանաբար պարապ ու անգործ մարդիկ են գտել, էժան վարձատրել ու հանձնարարել են դուռ տեղադրել: Շինարարներից ոչ ոք մասնագետ չէ, իր գործը չգիտի, այլապես ինչպե՞ս կարող է ինժեներ-շինարարը չկարողանա պատի բացվածքին համապատասխան չափսերը վերցնել ու դուռ պատրաստել»,- հավաստիացրին բնակիչները՝ մեղքն ավելի շատ բարդելով ոչ թե դուռը տեղադրողների, այլ դրանց համար վճարողների՝ թաղապետարանի վրա: Սակայն այս առնչությամբ Կենտրոն թաղապետարանը որեւէ պարզաբանում չտվեց՝ փոխանցելով աշխատանքներն իրականացնող ընկերության հեռախոսահամարը. «Զանգահարեք, ուզեք Խաչատրյանին կամ Խանիկյանին, իրենք ձեր հարցերին կպատասխանեն»: Սակայն վերջիններիս այդպես էլ չհաջողվեց գտնել, քանի որ նրանց հեռախոսահամարները ողջ օրվա ընթացքում չէին պատասխանում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել