Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՐԻՆ

Դեկտեմբեր 15,2005 00:00

«ՏԱՐԻՆ ՎԵՐՋԱՑԱՎ, ՀՈՒՅՍՆԵՐՍ ԷԼ՝ ՀԵՏԸ» Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասում բնակվող 17 երեխա ունեցող ընտանիքի ապրելակերպին «Առավոտն» անդրադարձել է տարվա սկզբին: Ներկայացնում ենք ընտանիքի մոր՝ Անթառամ Կիրակոսյանի տարեվերջյան բաց նամակը: Հարգելի խմբագրություն: Ձեր թերթի էջերում գրվել է իմ ընտանիքի կարիքավոր ու հոգսաշատ վիճակի մասին: Անցնող տարում ես բազում դռներ եմ բախել, դիմումներ եմ գրել հանրապետության նախագահին, Առաջին տիկնոջը, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Երեւանի քաղաքապետին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարին, էներգետիկայի եւ կապի ու տրանսպորտի նախարարներին: Առաջին տիկնոջից արձագանք չեղավ: Նախագահին գրված դիմումս ուղարկվեց թաղապետարան, որտեղից ոչ մի արձագանք չեղավ: Վարչապետը իր օգնականների բերանով խոստացավ ապահովել 2 սենյականոց 2 հատ բնակարանով, իսկ հետո էլ ասացին, թե՝ մեծ գումար է, պետք է մտածեն: Տարին լրացավ, գուցե արդեն մոռացել են: Ազգային ժողովի նախագահը մարդիկ ուղարկեց ստուգելու, թե արդյո՞ք բոլոր 17-ն էլ իմ երեխաներն են, որպեսզի օգնություն ցույց տան: Եկան, համոզվեցին, հիացան եւ ուրախացան իմ շնորհաշատ երեխաներին տեսնելով, խոստումներ տվին: Բայց հեռանալով՝ կրկին մոռացան: Էներգետիկայի նախարարին խնդրել էի անվճար դարձնել էլեկտրաէներգիան, իսկ կապի ու տրանսպորտի նախարարից՝ անվճար երթեւեկության իրավունքի վկայական: Նախարարները պատասխանել էին, թե ի վիճակի չեն օգնելու: Իսկ քաղաքապետն ու թաղապետն ընդհանրապես չհետաքրքրվեցին մեզանով: Բոլորին է հայտնի, որ նման մի ընտանիք արտերկրներում, նույնիսկ՝ Արցախում, շրջապատված է ոչ միայն պետության, այլեւ՝ հարուստ ձեռներեցների ուշադրությամբ ու հոգատարությամբ: Արդեն երկրորդ որդիս է ամուսնանում եւ հուրախություն բոլորիս՝ շուտով երեխա կունենան: Բայց ուրախության հետ մտահոգություն էլ է խառնված՝ նորաստեղծ ընտանիքը որտե՞ղ է ապրելու, ինչպե՞ս տեղավորեմ նրանց, երբ արդեն 20 հոգանոց դարձած ընտանիքս չի տեղավորվում 94 քմ տարածքում: Բանակից զորացրված մյուս որդիներս էլ են ամուսնանալու տարիքում, եւ այդ մասին չեն էլ մտածում: 15 երեխա որդեգրած կնոջը բազում օգնողներ հայտնվեցին, պետությունը տուն տվեց: Ես չեմ դժգոհում, թող տան, բոլոր երեխաներն էլ արժանի են նորմալ պայմաններում ապրելու: Բայց մի՞թե իմ 17 երեխաները, մեզ հետ ապրող թոռները, իմ բազմանդամ ու հոգսաշատ ընտանիքը ուշադրության եւ հոգատարության կարիք չունի այս երկրում, այսքան դժվար սոցիալական պայմաններում: Իսկ գուցե մեր պետությանը երեխաներ պետք չե՞ն: Ուրեմն թող օգնեն կամ թույլ տան՝ հեռանալ հայրենիքից: Մի բան, որը երբեք չենք մտածել կամ՝ ցանկացել: ԱՆԹԱՌԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 17 երեխաների մայր Նամակն ուղղում ենք ոչ նրանց, ովքեր բարձրագոչ խոստումներ են տվել մեզ ու տիկին Անթառամին եւ՝ մոռացել, այլ՝ այդ անձանց դեռեւս հավատացողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031