Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԴԱՎԹՅԱՆԸ ԶԲԱՂՎԻ ԻՐ ԱՐՎԵՍՏՈՎ»

Հունվար 14,2006 00:00

«ԹՈՂ ԴԱՎԹՅԱՆԸ ԶԲԱՂՎԻ ԻՐ ԱՐՎԵՍՏՈՎ» Մասնագետները պատասխանում են Արաքս Դավթյանին «Առավոտում» տպագրված «Ես կփակեի կոնսերվատորիան» հոդվածում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Արաքս Դավթյանի արտահայտած մտքերի առիթով պարզաբանումներ խնդրեցինք Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանից, Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանից, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից: Հիշեցնենք, որ ժամանակին Երեւանի պետկոնսերվատորիայում ուսանած, հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչ Ա. Դավթյանը հայտարարել էր, որ Հայաստանի հետ իրեն այսօր ոչինչ չի կապում, որովհետեւ կամաց-կամաց համոզվում է, որ պրոֆեսիոնալներ մեր երկրին պետք չեն: Ըստ երգչուհու, այսօր կոնսերվատորիա՝ որպես այդպիսին, չկա, մնացել է միայն անվանումը: Իր խոսքերով՝ «Ինձ մնար, ես առհասարակ կփակեի կոնսերվատորիան, որովհետեւ այսօր Հայաստանին այն պետք չէ»: Ինչ վերաբերում է Օպերային թատրոնին, երգչուհու կարծիքով, այդ «կոռումպացված օջախում ամեն ինչ գլխիվայր է շրջված, այնտեղ աշխատում են գործից անտեղյակ մարդիկ»: «Ինչո՞ւ պետք է Ֆիլհարմոնիկ նվագախումբը պահի միայն Լուիզ Սիմոնը, իսկ ո՞ւր է պետությունը»,- տարակուսանք էր հայտնել երգչուհին: Տպագրվածի առիթով պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը հայտնեց. «Ես ցավում եմ, որ երգչուհին իրեն թույլ է տվել նման կարծիք հայտնել: 85 տարվա պատմություն ունեցող Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտները՝ ընդհանրապես, վոկալիստներից ոմանք՝ մասնավորապես, տարիներ շարունակ բեմ են բարձրանում աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում եւ համերգասրահներում»: Ռեկտորը տեղեկացրեց, որ Ա. Դավթյանը հրաժարվել է դասավանդել կոնսերվատորիայում. «Երգչուհին տարվա ընթացքում հյուրախաղերի էր մեկնում, իսկ նրան փոխարինում էր իր դասարանի ասիստենտը: Հերթական հյուրախաղից վերադառնալով, նրա համար բարդ էր կարճ ժամանակահատվածում՝ մինչ հաջորդ հյուրախաղը, ուսանողին ծանոթացնել վոկալ արվեստի գաղտնիքներին»: Ս. Սարաջյանը նկատեց, որ բարձրակարգ երգչուհի լինելը դեռ չի նշանակում լավ դասախոս. «Չմոռանանք, որ նույն կոնսերվատորիայում դասավանդում են ժողովրդական արտիստներ, պրոֆեսորներ Գոհար Գասպարյանը, Գոհար Գալաչյանը, Սերգեյ Դանիելյանը, Վալերի Հարությունյանը, Աննա Սարաջեւան, Սվետլանա Կոլոսարյանը եւ այլք»: Ի հակադրումն Ա. Դավթյանի ասածի, թե կոնսերվատորիայում վոկալի դասաժամը կազմում է շաբաթական երկու անգամ՝ ընդամենը 30 րոպե, ռեկտորն ասաց. «Դասախոսը յուրաքանչյուր վոկալիստ ուսանողի հետ շաբաթվա ընթացքում երեք անգամ, ավելի քան 45 րոպե, մեկ անգամ էլ նույնքան ժամանակով պարապմունք է անցկացնում կոնցերտմայստերը»: Ռեկտորը հավաստիացնում է, որ վոկալ բաժնում ամեն տարի ավելի քան 40 շրջանավարտը մեծ թիվ չէ. «Ո՞վ է ասում, թե բոլորը գնում են օպերային թատրոն: Հանրապետությունում գործում են պետական երգչախմբեր՝ օպերային թատրոնում, կամերային նվագախմբի, Տեր-Հովհաննիսյանի անվան, Երեւանի պետական, Կոմեդիայի թատրոնի, օպերային ստուդիայի եւ այլն: Նշեմ նաեւ, որ գործում են սիրողական խմբեր, որտեղ աշխատում են կոնսերվատորիայի շրջանավարտները: Վոկալ բաժնի երրորդ կուրսից ուսանողները առանձնանում են, ավարտելուց հետո ստանալով համապատասխան որակավորում՝ կամերային կամ օպերային երգիչ: Թե ձեր թերթը, թե այլ լրատվամիջոցներ պարբերաբար տեղեկացնում են միջազգային մրցույթներում մեր ուսանողների հաջողությունների, հայկական վոկալ դպրոցի ձեռքբերումների մասին»: Գեղամ Գրիգորյանը իր ղեկավարած թատրոնի, մասնավորապես իր բեմադրած ներկայացումների հասցեին Ա. Դավթյանի բացասական կարծիքին հակիրճ պատասխան տվեց. «Նա օպերային թատրոնի հետ բացարձակ գործ չի ունեցել: Թող շարունակի զբաղվել իր արվեստով»: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն էլ հոդվածի առնչությամբ նկատեց, որ Ֆիլհարմոնիկը պետական նվագախումբ է, որը ենթադրում է աշխատավարձ՝ պետական բյուջեից. «Տարիներ շարունակ նվագախումբը հովանավորում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ ի դեմս Լուիզ Սիմոն Մանուկյանի: Աշխարհում, ինչպես հայտնի է, դասական արվեստի ներկայացուցիչները՝ մենակատարներ թե սիմֆոնիկ նվագախումբ, ունենում են ոչ թե մեկ, այլ մի քանի հովանավոր»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031