Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ

Հունվար 19,2006 00:00

Մեկ տարի հետո ոչ պիտանի՞ Երկուսից մեկը. կամ զորակոչել են հիվանդ մարդու, կամ էլ հիվանդացել է ծառայության ժամանակ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչուհի, 2-րդ խմբի հաշմանդամ Սիլվա Դանոյանի որդին՝ Արմեն Չիչոյանն ազգային բանակ զորակոչվեց 2004թ. հունիսի 30-ին: Ծառայությունը, ըստ Ս. Դանոյանի, Վայքի զորամասում անցել է առանց բարդությունների: Սակայն մեկ տարի անց՝ անցյալ տարվա հունիսի 26-ին Արմենը զորամասից տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ, Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալ՝ մաշկային տարածական հիվանդությամբ (փսորիազ ռեմեսիա ախտորոշմամբ): Երեխան ծառայության համար ճանաչվել է ոչ պիտանի: ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ, փոխգնդապետ Ա. Մինասյանի տեղեկանքով, «Հիվանդությունը կապված չէ զինծառայության հետ»: Իսկ ըստ հիվանդության վկայագրի՝ Չիչոյանը «ընդունվելիս գանգատվում էր մաշկի ցանավորումից եւ քորի զգացումից: Իրեն հիվանդ է համարում մանկուց: Նշում է, որ ունեցել է նմանատիպ ցան գլխի մազածածկ շրջանում»: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչո՞ւ եք նրան զորակոչել բանակ: Եվ երկրորդ՝ Արմենն անցել է ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում համապատասխան բուժզննում եւ հանձնաժողովը որեւէ հիվանդություն չի նկատել: Սակայն 2005թ. հոկտեմբերի 11-ին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը որոշում է կայացնում, նշելով, թե «մանկուց է ունեցել հիվանդությունը»: Սիլվա Դանոյանը նշում է. «Մինչեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հիշյալ որոշումը կայացնելը ոչ մի պատասխանատու անձից հարցում չի արվել ճշտելու՝ արդյոք իրո՞ք մանկուց է եղել այդ հիվանդությունը: Ավելին, տեղեկանք չի պահանջվել որդուս հարազատների՝ փսորիազ հիվանդությամբ տառապելու մասին, ինչը հիվանդության պատմության վկայագրում նշում են, իսկ վերոհիշյալ հարցերից որեւէ մեկը ոչ տրվել է որդուս, ոչ էլ նա պատասխանել է»: Չիչոյանի մայրը օրերս գրավոր դիմել է այն ժամանակվա ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին, ասելով, որ համոզված է, որ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից տրված հիվանդության վկայագրում «նշված հանգամանքները սուտ են, հորինված, որ զինվորականները պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում» եւ որ Արմենը հիվանդությունը փաստացի ձեռք է բերել զինվորական մեկամյա ծառայության ընթացքում: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որը, սակայն, մնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ մեղադրանքի պաշտպանության գծով: Նոր զինդատախազ է նշանակվել Արմեն Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել