Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԷԼ ԹԵՐԹ ՉԵՆ ԿԱՐԴՈՒՄ

Հունվար 24,2006 00:00

«Վաշինգթոն
փոստի» բիզնեսի գծով խմբագրի տեղակալ Քեյթլին Լալիի համոզմամբ՝ շուտով հավանաբար
թերթեր կմատուցվեն միայն առավոտյան սուրճի հետ: «Հայ լրագրողները, ի տարբերություն
ամերիկացիներից շատերի, առավելապես էնտուզիազմով են աշխատում: ԱՄՆ-ում լրագրությունը
զարգացնելու համար 200 տարի ժամանակ ենք ունեցել, հայաստանցիներդ՝ ավելի քիչ: Սակայն
ամերիկյան լրագրությունը հայկականի հետ համեմատելիս՝ այսօր ես էական բովանդակային
տարբերություն չեմ տեսնում, բացառությամբ տնտեսականը»,- այս կարծիքին է Քեյթլին Լալին:
Նա Հայաստան էր եկել մասնակցելու IREX-ի (Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման
խորհուրդ) կազմակերպած «Լրագրություն» աշխատանքային հանդիպմանը: Սա փոխխմբագրի երրորդ
այցն էր: Առաջին անգամ նա Հայաստանում եղել է 90-ականների սկզբին, այնուհետեւ 1999-ի
հոկտեմբերի 27-ի հայտնի դեպքերից անմիջապես հետո: Եվ գտնում է, որ դրական առումով
այս տարիներին ահագին բան է փոխվել Հայաստանում: Երբ Քեյթլինը հետաքրքրվեց,
թե ինչ եղանակներով են Հայաստանում ինֆորմացիա ստանում (երբեմն ստիպված են լինում
պոկել որոշ գերատեսչություններից) եւ ինչպիսի արգելքների են հանդիպում լրագրողները,
իր խոսքով ասած՝ «շոկ» ապրեց: «Գիտեմ, որ Հայաստանում լրագրողները վատ են վարձատրվում,
այն դեպքում, երբ մեզ մոտ տարեկան $35000-45000 ենք ստանում: Համոզված եմ, որ հայ
լրագրողները աշխատում են ավելի վատ պայմաններում, քան այլ զարգացող երկրների իրենց
գործընկերները, բայց, այնուամենայնիվ, դուք ավելի շահեկան վիճակում եք, քան նրանք:
Այլ երկրներում հանրային պաշտոնյաները նույնիսկ հարկ չեն համարում պատասխանել լրագրողների
հարցերին՝ մոռանալով որ դա պարտավոր են անել օրենքով»: Ք. Լալին նշեց, որ
ամերիկացի լրագրողների հանդեպ ճնշում, մեծ հաշվով, չկա: «Ճնշում» ԱՄՆ-ում կարող է
կիրառվել միայն ինֆորմացիան թաքցնելու տեսքով, եւ ի տարբերություն հայերի, իրենց
լրագրողներին չեն սպառնում ծեծ ու ջարդը, «քաղմաս» տանելը եւ այլն: Լալին զուգահեռ
տարավ Տիգրան Նաղդալյանի եւ ԱՄՆ-ում 20 տարի առաջ մաֆիայի գործունեությունն ուսումնասիրող
ամերիկացի լրագրողի սպանության դեպքերի միջեւ ու ասաց, որ իրենց մոտ հազվադեպ է նման
բան պատահում: Անդրադարձ եղավ նաեւ ամերիկացի երիտասարդության ընթերցասիրության
պակասին: Քեյթլինն ափսոսանքով ասաց. «Երեւի կգա ժամանակ, երբ Ամերիկայում թերթ կարդալը
կդառնա պարզապես գեղեցիկ ավանդույթ, որը կմատուցվի առավոտյան սուրճի ու քաղցրավենիքի
հետ»: Ըստ «Վաշինգթոն փոստի» խմբագրի տեղակալի, թերթ չկարդալու պատճառներից մեկն
էլ ինտերնետն է. «Այսօր ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերն ունեն ինտերնետային անվճար
տարբերակներ, եւ դրանց ի հայտ գալուց հետո տպագիր ԶԼՄ-ների վաճառքը մոտ 10 տոկոսով
իջել է: Օրինակ, «Նյու Յորք թայմսը», որը ուներ 850 հազար տպաքանակ, վերջին 10 տարիների
ընթացքում լույս է տեսնում 800 հազար օրինակով: Շատ խմբագրություններ միտում ունեն
ինտերնետային տարբերակը նույնպես վճարովի դարձնել, սակայն վախենում են, որ դա կբարկացնի
ժողովրդին»: Ընդ որում, ԱՄՆ-ում գրեթե բոլոր թերթերը ունեն անվճար տարբերակներ՝ ավելի
սեղմ նյութերով, որոնք ուղղակի բաժանվում են: Մի հանգամանք եւս. այստեղ, այսպես թե
այնպես, թերթերը շատ էժան են՝ 20-30 ցենտ: «Թերթերի վաճառքից ստացված հասույթը նույնիսկ
տպագրական ծախսերը չի փոխհատուցի: Մենք եկամուտներ ենք ստանում միայն գովազդից: Օրինակ,
«Վաշինգթոն փոստում» նյութերի 60%-ը գովազդ է եւ միայն 40%-ը՝ լուրեր, վերլուծություններ,
մեկնաբանություններ»: Թեեւ Քեյթլինը նշեց, որ միայն գովազդն է իրենց եկամտի հիմնական
աղբյուրը, բայց հետո էլ ավելացրեց, որ ոչ բոլոր գովազդներն են ընդունվում. «Մենք
երբեք չենք տպագրում կասկածելի ապրանքների գովազդներ: Չենք ընդունում նաեւ անճաշակ
գովազդները»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել